«Կանանց աջակցման կենտրոնն» իր մտահոգությունն է հայտնում և հրավիրում է իրավապահ մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի, զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունը հերթական անգամ կենտրոնի փաստաբանի և մյուս աշխատակիցների նկատմամբ ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից սպառնալիքներ, անձնական բնույթի վիրավորանքներ հնչեցնելու դեպքի կապակցությամբ:
«Մասնավորապես, հուլիսի 07-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում թիվ ԵԴ/21929/02/19 քաղաքացիական գործով դատական նիստից հետո բռնարար ամուսինը (ով, ի դեպ, հանդիսացել է ոստիկանության աշխատողև ներկայումս գտնվում է հաշվառման մեջ որպես բռնարար) ընդգծված ագրեսիվ վարքագիծ է դրսևորել, վիրավորել և սպառնացել է կենտրոնի փաստաբանին և այլ աշխատողներին:
Նման իրավիճակները իրական վտանգ են ստեղծում իրավապաշտպան կառույցների, փաստաբանների գործունեության համար: Վերջիններս հաճախ թիրախավորվում են և բռնարարների կողմից ենթարկվում տարատեսակ հարձակումների և ճնշումների:
Առավել խնդրային է այն փաստը, որ նման դեպքերում օրենքը չի նախատեսում պաշտպանության, անվտանգության միջոցների տրամադրում կառույցների աշխատողներին, ինչպես նաև պատասխանատվության կիրառում բռնարար անձանց նկատմամբ:
Ավելին, բացակայում են իրավական մեխանիզմները ընտանիքում բռնություն գործադրած անձին հարկադիր բուժզննության ենթարկելու, ծնողական իրավունքների իրացումը սահմանափակելու մասերով:
Միաժամանակ, հաշվի առնելով ընտանիքում բռնության դեպքերով բարձր իրավագիտակցություն ձևավորելու և հանրային իրազեկում ապահովելու կարևորությունը՝ առաջարկում ենք շահագրգիռ անձանց և ԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցել և լուսաբանել նշված դատական գործի ընթացքը: Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 09-ին ժամը 17.20 –ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում», մասնավորապես ասված է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամ Կանանց աջակցման կենտրոնի հայտարարությունում։