Home / Ոստիկանություն / Ուկրաինայում էլի պատանդ են վերցրել

Ուկրաինայում էլի պատանդ են վերցրել

Ուկրաինայի Պոլտավա քաղաքում ավտոմեքենայի գողության համար ձերբակալվող քաղաքացին պատանդ է վերցրել բերման ենթարկող ոստիկանին՝ սպառնալով նռնակ պայթեցնել, ֆեյսբուքի իր էջում գրել է Ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշենկոն։

Ձերբակալության ժամանակ կասկածյալը ՌԳԴ֊5 տեսակի նռնակ է հանել, պատանդ վերցրել ոստիկանին ու հայտարարել, որ իրեն բաց չթողնելու դեպքում կպայթեցնի նռնակը։ Բանակցություններից հետո նա համաձայնել է պատանդ վերցված ոստիկանության աշխատակցին փոխարինել Ազգային ոստիկանության գլխավոր վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության գնդապետ Վիտալի Շիանի հետ։ Վերջինս ինքն էր խնդրում ազատ արձակել շարքային ոստիկանին և փոխարենը իրեն պատանդ վերցնել։

Մեքենայի գողության մեջ մեղադրվող քաղաքացուն իր իսկ պահանջով ծառայողական մեքենա են տրամադրել, որով նա շարժվել է դեպի Կիև։ Նրան ուղեկցել են ոստիկանական մեքենաները։ Պոլտավայի շրջանի ոստիկանապետ Ռոման Գրիշինը հայտնել է, որ կասկածյալն իրենց ծանոթ է, մեղադրվում է մեքենաների սերիական գողությունների մեջ։

Մեղադրյալը՝ 1988 թվականին ծնված Ռոման Սկրիպնիկը, նախկինում ձերբակալվել է թմրանյութերի պահպանության հոդվածով։ Հայտնի է, որ մասնակցել է Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողությանը։ Սկրիպնիկի հիմնական պահանջն իրեն բանտ չվերադարձնելն է, ինչը, սակայն, Պոլտավայի մարզպետի խոսքով, իրագործելի պահանջ չէ։

Սա Ուկրաինայում զինված անձի կողմից պատանդներ վերցնելու երկրորդ դեպքն է այս շաբաթ։ Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի արևմուտքում գտնվող Լուցկ քաղաքում զինված անձն ավտոբուս էր գրավել և այնտեղ գտնվող 20 քաղաքացիներին պահել պատանդի կարգավիճակում։ Ահաբեկիչն ինքն է ոստիկանություն զանգահարել ու ներկայացել որպես «Մաքսիմ Պլոխոյ» (Վատ Մաքսիմ)։ Նա տեղի ունեցածը «Հակահամակարգի օր» է անվանել, Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաներից պահանջել սոցիալական ցանցերում գրառումներ անել, ընդունելով, որ իրենք են ահաբեկիչը։ Նախագահ Զելենսկուց պահանջել է տեսաուղերձով մարդկանց կոչ անել դիտել 2005 թվականին նկարահանված «Երկրացիները» վավերագրական ֆիլմը, որը պատմում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին։