ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը:
Ներքին Խնձորեսկի բնակիչ, 30-ամյա Նարեկ Սարդարյանը հուլիսի 8-ին լքեց Գորայքի արոտավայրը՝ գնալով անասունի հոտի հետևից, չի վերադարձել։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը հուշում է՝ տղամարդը մոլորվել ու գերևարվել էր, սակայն Naxcivantv կողմից տարածված տեսանյութում տղամարդը Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրում կամ ուզում, որ իրեն երրորդ երկիր ուղարկեն։
Սարդարյանի ընտանիքի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի այն Ադրբեջանից պահանջի միջոցներ ձեռնարկել տղամարդու ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունն ապահովելու համար։ Ինչպես Զեյնալյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում պատմել է ներկայացված այլ պահանջերի մասին։ Դրանք են՝ հայտնել Սարդարյանի գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին, ապահովել նրա կնոջ, քրոջ և ծնողների հետ կապը, Ադրբեջանում քրեական գործ հարուցված լինելու դեպքում գործի նյութերն ուղարկել քրեական գործի նյութերը դիմումատուներին և կազմակերպել Սարդարյանի վերադարձը Հայաստան։
ՄԻԵԴ-ն, այսպիսով, Ադրբեջանին մի շարք պահանջներ է ներկայացնում․ հայտնել, թե որտեղ և ինչ պայմաններում է գտնվում Սարդարյանը, արդյոք փաստաբան ունի, ունի՞ հնարավորություն՝ շփվելու իր հարազատների և ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ:
Ըստ Զեյնալյանի՝ իրենք վկայակոչել են նախկինում եղած բացասական փորձը, ինչն, իր խոսքով, խթան է հանդիսացել նման ընդարձակ հրատապ միջոցի պահանջ է ներկայացվել Ադրբեջանին․ «Եվրոպական դատարանը նաև իր որոշման մեջ հիշեցրել է Ադրբեջանին, որ այս միջոցը չկատարելը կարող է հանգեցնել Եվրոպական կոնվենցիայի մեկ այլ հոդվածի խախտմանը, որը պարտավորեցնում է պետություններին չխոչընդոտել Եվրոպական դատարան դիմելու իրավունքին»։
Ավելի վաղ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ քննարկել է ՀՀ երկու քաղաքացիների հարցը։ Երկրորդ քաղաքացին Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանն է, որն Ադրբեջանում անազատության մեջ է։