«Առողջապահության նախարարին հանձնարարեցի երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը», – ֆեյսբուքի իր էջում՝ արձագանքելով Արյունաբանական կենտրոնի շուրջ վերջին երկու օրերի ընթացքում ցավալվող իրադարձություններին, գրել է Նիկոլ Փաշինյանը։
«Չթաքցնեմ, տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք:
Ամեն դեպքում, նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ, առնվազն ստուգելու համար տպավորությունների եւ իրականության հարաբերությունները», – հավելել է վարչապետը։
Սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Առողջապահության նախարարությունը մտադիր է դադարեցնել անցյալ տարի Արյունաբանական կենտրոնի տնօրեն նշանակված Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը։ Դանիելյանի պաշտոնանկությանը արձագանքելով՝ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի հայտարարել էր, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Դանիելյանի և Թամամյանի հեռանալու լուրը իսկական իրարանցում էր ստեղծել։ Բաց նամակով վարչապետին դիմելով՝ սեպտեմբերի 16-ին Մանկական քաղցքեղի և արյան հիվանդությունների կենտրոնի 36 աշխատակիցները հայտնել էին, որ եթե Սամվել Դանիելյանի պաշտոնանկության որոշումը չվերանայվի, իրենք ողջ կազմով կհեռանան աշխատանքից՝ «դադարեցնելով կլինիկական գործունեությունը»։
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 17-ին, հայտարարությամբ էր հանդես եկել նաև Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը․ հաստատության բուժաշխատողները ևս նշել էին, որ «հաշվի առնելով Առողջապահության Նախարարության անընդունելի, անտրամաբանական, հիասթափեցնող, անարդարացի, չհիմնավորված որոշումը (կապված ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության Կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման հետ) ՝ Մեծահասակների Քիմիաթերապիայի Կլինիկայի անձնակազմը նույնպես միանում է բողոքին։ Կլինիկայի ողջ անձնակազմով գրում ենք աշխատանքից ազատման մեր դիմումները և հոկտեմբերի 1-ից դադարեցնում կլինիկական գործունեությունը»։
Ստեղծված իրավիճակում քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողները դուրս էին եկել փողոց․ բժիշկների հեռանալու հեռանկարը, ըստ նրանց, վտանգի տակ է դնում նախևառաջ իրենց երեխաների կյանքը։ Ծնողները պահանջում էին վերանայել տնօրեն Դանիելյանի աշխատանքը դադարեցնելու մասին որոշումը և խնդրում էին նախարարությանը «չխոչընդոտել հանրապետության լավագույն բժիշկների աշխատանքը»։
Որոնք էին մեկ տարի առաջ տնօրենի պաշտոնում նշանակված Սամվել Դանիելյանին ազատելու պատճառները՝ ոչ ոք մինչ այժմ չգիտի։ Նախարարությունը մեկնաբանություններ չի տալիս․ նախարար Արսեն Թորոսյանը և նրա մամուլի խոսնակը արձակուրդում են։ Բուժաշխատողները և ծնողները նշում են, որ ամենայն հավանականությամբ տնօրենի պաշտոնանկությունը պայմանավորված է Գևորգ Թամամյանի հետ նրա մտերմությամբ, իսկ Թամամյանը, ինչպես հայտնի է, խիստ լարված հարաբերությունների մեջ է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ (ավելի մանրամանս՝ այստեղ)։