Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 10-ի նիստին հաստատված սոցիալական աջակցության ծրագրերը․
Դրամական աջակցություն՝ անհետ կործաների ընտանիքներին
Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում անկետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն կտրամադրվի ամենամսյա դրամական օգնության ձևով․
— 6 ամսվա ընթացքում,
— անսական 300 հազար դրամի չափով։
Աջակցության ծրագիրը կիրականացվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցներով՝ հիմք ընդունելով Հայաստանի պաշտպանության նախարարությունից ստացված տվյալները։
«Աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ, մինչև նրանք կդառնան շահառու՝ համաձայն գործող օրենքի։ Աջակցությունը տրամադրվելու է բյուջեից՝ այս պահին 500 մլն դրամի չափով․․․», – ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«[Գործող] օրենսդրությունը բավականին երկար ընթացակարգեր է նախատեսել, որպեսզի անհետ կորածներ զինծառայողները ստանան շահառուի կարգավիճակ: Դրա համար, նախ, մենք օրենսդրության մեջ փոփոխություն ենք մտցնում և կրճատում ենք ժամկետը։ Այդ կարգավիճակը պետք է հաստատվի դատարանով։
Մինչև հիմա օրենսդրությամբ նախատեսված էր, որ դա պետք է տեղի ունենա մեկ և ավելի տարվա ընթացքում: Մենք ժամկետները կրճատելու ենք: Բայց ժամկետներն ինչքան էլ կրճատենք, այնուամենայնիվ, մի քանի ամիս այդ պրոցեսները տևելու են: Ըստ այդմ, որոշում ենք կայացրել բյուջեից գումար [այս պահին 500 մլն դրամի չափով] փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որպեսզի այս ընթացքում նման կարգավիճակ ունեցող կամ նման կարգավիճակի հավանականություն ունեցող անձանց ընտանիքներին ամսական 300.000 դրամ աջակցություն տրվի՝ մինչև իրենց կարգավիճակը կհստակեցվի ․․․Եվ ուզում եմ ընդգծել, որ այս համատեքստում ներառվում են նաև գերեվարված անձանց ընտանիքները», – պարզաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միանվագ աջակցություն՝ Ղարաբաղում տուն կորցրածներին
Սոցիալական աջակցություն կտրամադրվի նաև ավերածությունների հետևանքով բնակարան/տուն կորցրած քաղաքացիներին
Նախատեսվում է սեպտեմբերի 27-ի դրությամբ Ղարաբաղում հաշվառված և առնվազն 3 ամիս փաստացի բնակված քաղաքացիներին վճարել 250 000-ական դրամ, եթե նրանց հաշվառման վայրի հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը պատերազմի հետևանքով դարձել է բնակության համար ոչ պիտանի։
Անչափահաս երեխաների միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե ծնողը հանդիսանում է միջոցառման շահառու։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաստատված աջակցության ծրագրով դրամական աջակցություն կտրամադրվի նաև Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում բնակված ղարաբաղցիներին՝ յուրաքանչյուրի համար 300 հազար դրամի չափով։
Պատերազմի մասնակիցների վերականգնողական բուժօգնությունը կլինի անվճար
Ռազմական գործողությունների արդյունքում տուժած զինծառայողների և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցների (կամավորներ) վերականգնողական բուժօգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով:
Պետբյուջեի մասին օրենքի «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով նախատեսված դեպքերի թիվը կավելացվի շուրջ 4000-ով, ինչի համար կպահանջվի լրացուցիչ շուրջ 2,870 մլրդ դրամ:
«[Պատերազմի մասնակիցների] վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա: Ընդ որում՝ [բուժ]ծառայությունը չկապելով կոնկրետ բուժհաստատության հետ: Այսինքն՝ վերականգնողական բուժման կարիք ունեցող քաղաքացին ինքն է ընտրում բուժհաստատությունը, իսկ կառավարությունը վճարում է նրա բուժման համար», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ուսման վարձի փոխհատուցում՝ մարտական գործողությունների մասնակիցներին և մասնակիցների ընտանիքի անդամներին
Գործադիրն այսօրվա նիստին հասատատել է նաև պատերազմի մասնակից սովորողների և պատերազմի մասնակիցների սովորող երեխաների/սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը:
Այսպիսով՝ այն ուսանղները
— որոնք անձամբ մասնակցել են սեպտեմբերի 27-ից սկիզբ առած մարտական գործողություններին,
— որոնց ծնողը, որդեգրողը, խնամակալը կամ ամուսինը մասնակցել է մարտական գործողություններին,
կսովորեն անվճար․ 2020-2021 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի նրանց ուսման վարձը ամբողջությամբ կփոխհատուցվի։
Նիկոլ Փաշինյանը կարծիքով՝ սոցիալական աջակցության ծրագրերը, որոնք արդեն հաստատվել են կամ հաստատվելու են ապագայում, մասն են կազմում նոյեմբերի 18-ին իր կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի․ «Մենք արդեն ունենք այդպիսի շուրջ մեկ տասնյակ որոշումներ, որոնք կապվում են ճանապարհային քարտեզի հետ: Այս որոշումների ընդունումը կշարունակվի, որովհետև արդեն նախագծեր կան շրջանառության մեջ, և ինչպես ասել ենք՝ հետևողականորեն առաջ ենք գնալու այս ճանապարհով», – խոստացել է կառավարության ղեկավարը: