Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել ԴՆԹ սարքերի երկրորդ խմբաքանակը
Պատերազմի ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման նպատակով նախարարությունը ձեռք է բերել ևս մեկ գենետիկական անալիզատոր (սեքվենատոր)․ սարքավորումն արդեն ճանապարհին է, կառավարության այսօրվա նիստին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առողջապահության նախարարի փոխանցմամբ՝ բուժանձնակազմը կվերապատրաստվի, ինչը թույլ կտա կրկնապատկել աշխատանքի հզորությունը:
Մինչ այս Հայաստանում ԴՆԹ անալիզ անող ընդամենը մեկ սարքավորում կար՝ ձեռք բերված 2018 թվականին։
Նախարարությունը նշում էր, որ սեքվենատորն աշխատում է 24/7 ռեժիմով։ Դեկտեմբերի 20-ի դրությամբ, ըստ ԱՆ-ի, դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3 248 զոհված զինծառայողի մարմին, հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1874, իսկ մարմիններից՝ 1218 ԴՆԹ նմուշ, որոնցից 361-ն արդեն նույնականացվել է, իսկ 718-ը գտնվում է հետազոտման փուլում։
Վարչապետն այսօրվա նիստին նշել է, որ, ցավոք, եղել են մի քանի դեպքեր, երբ նույնականացումը, պարզվել է, որ այդքան էլ ճշգրիտ չի իրականացվել։ Թորոսյանը պարզաբանել է՝ դրանք ավելի շատ շտապելու և ոչ ԴՆԹ-ով նույնականացնելու արդյունք են եղել․ «Եղել է վիզուալ նույնականացում, որից հետո ԴՆԹ-ով պարզվել է, որ նույնականացումը սխալ է եղել»։