Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները մոտ 4 ժամ տևած եռակողմ հանդիպմանը նոր հայտարարություն են ստորագրել: Այս մասին նրանք հայտարարեցլ են բանակցություններին հաջորդած համատեղ ասուլիսին։
Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հավաստիացմամբ՝ խոսքը տրանսպորտային միջանցքների մասին է։
«Այն հայտարարությունը, որն այսօր ստորագրվել է, խոսում է մեր մտադրությունների մասին, քանի որ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարության կետերից մեկը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն էր։
Սա այն ասպարեզն է, որը կարող է մեծ դինամիզմ հաղորդել տարածաշրջանի զարգացմանը, ինչպես նաև ամրապնդել անվտանգությունը, որովհետև տրանսպորտային կոմունիկացիաների բացումը բխում է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի՝ մեր հարևանների շահերից», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը շեշտել է՝ ղարաբաղյան խնդիրը այսուհետ պատմություն է։ Փաշինյանը «հակադարձել է»՝ ԼՂ հիմնախնդիրը դեռևս կարգավորված չէ, հարցերից մեկը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում։
Վարչապետ Փաշինյանն հայտարարել է նաև, որ այսօրվա բանակցություններին Հայաստանի համար առանցքային հարցերից մեկը՝ գերիների փոխնակման խնդիրը, կարգավորել չի հաջողվել։
«Ցավոք, այսօր չկարողացանք վերջնական պայմանավորվածության հասնել ռազմագերիների փոխանակման հարցում: Սա ամենազգայուն, ամենացավոտ հարցն է: Մենք պայմանավորվել ենք, որ կշարունակենք այդ ուղղությամբ աշխատանքը։ Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի կարճ ժամկետում հանգել կոնկրետ որոշումների», – հանդիպումից հետո ասել է Փաշինյանը։
Սրա հետ մեկտեղ Փաշինյանն ընդգծել է, որ այսօր ստորագրված համաձայնագիրը չափազանց կարևոր է։
Երկրորդ եռակողմ հայտարարությունը, ըստ ամենայնի, վերաբերում է Նախիջևանի «միջանցքին» (նոյեմբերի 10-ի գիշերը ստորագրված փաստաթղթում Նախիջևանի միջանցքի մասին խոսք չկա): Մանրամսները դեռևս հայտնի չեն։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 11-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Սա պատերազմի ավարտին հաջորդած առաջին եռակողմ հանդիպումն էր։
Եռակողմ հանդիպմանը, ինչպես հայտնել է Հայաստանի վարչապետի խոսնակը, հաջորդել է Պուտինի և Փաշինյանի (նաև՝ Պուտինի և Ալիևի) առանձնազրույցը։ Խոսնակի հավաստիացմամբ՝ բանակցային օրակարգը տնտեսական բնույթի է և «վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստան, Իրան, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ»։ Նախօրեին նա հավաստիացրել էր, որ Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում Մոսկվայում չի նախատեսվում»։