Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը, սահմանների բացումը։ Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ»,- իր բացման խոսքում ասել է Ռուսաստանի նախագահը։
Եռակողմ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը նշել է նաև, որ ղարաբաղյան հարցում Ռուսաստանն իր բոլոր գործողություններում հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առանցքային սկզբունքներին և ընդգծել՝ Ռուսաստանը շարունակում է հետևողականորեն համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրների հետ։
Ըստ Պուտինի՝ նախադրյալներ են ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հարցում համապարփակ լուծման հասնելու համար։ Այսօրվա հանդիպմանը, ըստ նրա, պետք է նախանշվեն հարցի կարգավորման հետագա քայլերը։
«Կարծում եմ՝ այսօր կարևոր կլիներ, եթե նախանշվեին անցած տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ ընդգրկված՝ կարգավորման հանգուցային ուղղությունների հետագա քայլերը: Նկատի ունեմ ռուսական խաղաղապահ զորախմբի, դեմարկացիոն գծերի ճշտման, հումանիտար խնդիրների լուծման և մշակութային ժառանգության կոթողների պաշտպանության հարցերը», – ընդգծել է Պուտինը:
Նա գոհունակություն է հայտնել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի «հետևողական իրականացման» կապակցությամբ և նշել, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում այժմ հանգիստ է։
Պուտինը հպանցիկ խոսել է նաև Հայաստանի համար առանցքային հումանիտար խնդրի՝ գերիների փոխանակման, անհետ կորածների որոնման մասին։ Եռակողմ հայտարարության կետերից մեկով կողմերը իսկպես պարտավորվել են վերադարձնել գերիներին, պատանդներին, փոխանակել մարմինները։ Փաստաթղթում, սակայն, չկա կոնկրետ ժամկետ՝ գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակման կամ վերադարձի հետ կապված։ Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում ավելի քան 100 հայ գերի է պահվում, Բաքուն միայն նրանցից 10-ի մասով էր հաստատում ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 11-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։
Եռակողմ հանդիպմանը, ինչպես հայտնել է Հայաստանի վարչապետի խոսնակը, հաջորդելու է նաև Պուտինի և Փաշինյանի առանձնազրույցը։ Խոսնակի հավաստիացմամբ՝ բանակցային օրակարգը տնտեսական բնույթի է և «վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստան, Իրան, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ»։ Ըստ նրա՝ Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում Մոսկվայում չի նախատեսվում»։