Home / Կրթություն / Էրդողանի ախորժակը բախվեց ուսանողական դիմադրության․ #BoğaziçiDireniyor

Էրդողանի ախորժակը բախվեց ուսանողական դիմադրության․ #BoğaziçiDireniyor

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բողազիչիի համալսարանի ռեկտորի նշանակման դեմ պայքարող ուսանողներին և դասախոսներին մեղադրում է ահաբեկչության մեջ։

Ուսանողական զանգվածային ցույցերը սկսվել են հունվարի 4-ին։ Հունվարի 1-ին Էրդողանը որոշել և առանց դասախոսների հետ խորհդակցելու համալսարանի ռեկտոր է նշանակել իր կողմից ղեկավարվող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության անդամ, 2015-ի խորհրդարանական ընտրությունների թեկնածու Մելիհ Բուլուին։

Բողազիչիի համալսարանում վերջին 150 տարվա ընթացքում (բացառությամբ 1980 թվականի հեղաշրջմանը հաջորդած մի քանի տարիները) մշտապես տեղի են ունեցել ռեկտորի ընտրություններ․ ռազմական հեղաշրջումից ի վեր սա առաջին անգամն է, երբ համալսարանի ռեկտորը նշանակվում է դրսից։

Ցույցերին մասնակցում են ոչ միայն հարյուրավոր ուսանողներ, այլև համալսրանաի դասախոսները։ Հիմնական պահանջը դրածո ռեկտորի հրաժարականն ու պատշաճ ընտրությունների անցկացումն է։ Ցուցարարները պահանջում են նաև չխաթարել համալսարանական ինքնավարությունը և հետ կանգնել կրթական հաստատությունների քաղաքական գործիքավորման արմատավորվող պրակտիկայից։

https://twitter.com/smootherjr/status/1348556354663886850

Ոստիկանությունը ուսանողական բողոքին պատասխանել է գազապղպեղով ու ռետինե փամփուշտներով, բերման ենթարկել շուրջ չորս տասնյակ ուսանողների՝ ի թիվս այլ բաների, մեղադրելով նրանց ահաբեկչական խմբերի հետ կապ ունենալու մեջ։

Ցույցերը շարունակվել են նաև ձերբակալություններից հետո։ Բերման ենթարկված բոլոր ուսանողները ազատ են արձակվել։ Թուրքական «Ulak News»-ի փոխանցմամբ՝ ցուցարարների մի մասը իշխող կուսակցության երիտթևի միջնորդությամբ հրավիրվել է նաև նախագահական պալատ։ Հրավերը, սակայն, մերժվել է։

«Սովորական նշանակումը օգտագործվում է համալսարաններում իրարանցում ստեղծելու համար․․․ այսպիսի ցույցերը, որոնց առաջնագծում ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող մարդիկ են, որևէ կապ չունեն արտահայտման ազատության ու իրավունքների համար պայքարի հետ», – հայտարարել է նախագահ Էրդողանը։

Ուսանողները նրա մեղադրանքներին պատասխանել են տեսանյութով`

[Ենթագրերը՝ «Ես ահաբեկիչ եմ հայտարարվել, քանի որ․․․ազատություն եմ ուզում իմ համալսարանում/ ցանկանում եմ, որ իմ հաստատության 150-ամյա մշակույթը հարգվի/ ցանկանում էի պաշտպանել իմ համալսարանի ինքնավարությունը/ պաշտպանում եմ բազմաձայնությունը, այլ ոչ միաձայնությունը/ առանց սահմանադրությամբ ամրագրված գծերը խախտելու՝ իրացրել եմ բողոքի իմ իրավունքը/ քաղաքական իշխանության պես չեմ մտածում…»]

Բուլուի նշանակման ընդդիմախոսները մատնանշում են ոչ միայն նրա՝ Էրդողանի վստահված անձը լինելու փաստը, այլև գրավոր թուրքերենի և անգլերենի ցածր հմտություններն ու ակնհայտ գրագողությունն իր գիտական աշխատանքներում։

Բողազիչիի համալսարանի ռեկտորի այս նշանակումը առանձին իրողություն չէ։ Անցած տարվա ընթացքում ամբողջ երկրով մեկ Էրդողանի կողմից կատարվել է ռեկտորի 27 նշանակում։

2016-ի ձախողված «հեղաշրջումը» իր կարևոր դերն է ունեցել կրթության ոլորտում Թուրքական ռեժիմի քաղաքականության մեջ։ «Ահաբեկչության» և «գյուլենականության» դեմ պայքարի քողի տակ իշխող վարչակարգը հեռացնում էր կառավարությանը քննադատող ակադեմիկոսներին՝ անկախ նրանից, աջակցում էին նրանք հեղաշրջման հեղինակ հռչակված Ֆեթուլլահ Գյուլենին, թե ոչ։ Հազարավոր համալսարանականներ՝ դասախոսներ և ուսանողներ, դատապարտվել են։ Նրանցից շատերը մինչ այժմ մնում են անազատության մեջ։ 2018-ի տվյալներով, երկրի բանտերում գտնվում էր շուրջ 70 000 ընդդիմադիր ուսանող։

Համալսարաններից շատերը հայտնվել են խիստ վարչական ճնշման ներքո։ Շատերը՝ ուղիղ կերպով կոոպտացվել են։

«Եթե Բողազիչիին մինչև հիմա ձեռք չէին տվել, ապա միայն որովհետև իր հեղինակությունն ու միջազգային կապերը որոշակի համոզիչ դեր են խաղացել»,-  «Duvar»-ին տված հարցազրույցում  նշել է համալսարանի դասախոս Զեյնեփ Գամբեթին, – «Մենք սպասում էինք, որ Բողազիչին կլինի հաջորդը»։

Ըստ նրա՝  փոփոխությունների հաստատման պարագայում համալսարանի դասախոսական կազմը կհամալրվի որոշակի պատկանելության հիմքով։ Հավանական է, որ քննադատ դասախոսները կենթարկվեն վարչական հետապնդման։

Դասախոսը շեշտել է նաև, որ այս նշանակումը նպատակաուղղված է Բողազիչին դարձնել նեոլիբերալ մոդելի համալսարան։

«Հումանիտար և քննադատական բնույթ ունեցող առարկաները հավանաբար իրենց կառավարման տակ կառնվեն ավելի նուրբ միջոցներով՝ դրանց համար նեոլիբերալ ֆոնդերից ֆինանսավորում հավաքելով։ Ենթադրում եմ, որ Բողազիչիի տեղադրությունն ու Բոսֆորի ափերը շատ ախորժելի են [իշխող կուսակցության] նորահարուստ դասակարգի համար։ Ցավոք, կարելի է ակնկալել, որ համալսարանը կտեղափոխվի, որից հետո 150-ամյա այս շենքը կվերածվի հյուրանոցի»։

Համալսարանում սոցիոլոգիայի դասախոս Սայգուն Գյոքարիքսելն էլ կարծում է, որ նորանշանակ ռեկտորը համալսարանն ընկալում է որպես ընկերություն, ինքն իրեն էլ՝ որպես դրա գործադիր տնօրեն։

«Բուլուն հպարտությամբ է պնդում, որ մարմնավորում է ձեռնարկատիրության, ազատ շուկայական մրցակցության ու տեխնոքաղաքականության այն արժանիքները, որոնք խթանում են կրթության ու գիտելիքի արտադրության իր ընկալումը․․․ Նա բացահայտ կերպով իր պաշտոնը համեմատում է գործադիր տնօրենի հաստիքի հետ՝ պնդելով, որ համալսարանը, ինչպես ցանկացած ընկերություն, կարիք չունի ոչ դեմոկրատական հաշվետվողականության, ոչ էլ իր ղեկավարին որոշելուն ու ինքանակառարմանն ուղղված ժողովրդավար գործընթացի», – նշել է դասախոսը։

«Վստահորդ ռեկտորը ներկայիս քաղաքական իրավիճակի մարմնավորումն է։ Մենք իրականում մտահոգված ենք քաղաքականության ավելի լայն շերտով, որի մի մասն է այս նշանակումը», – ասել է դասախոսը՝ ավելացնելով, որ ակադեմիկոսների ու ուսանողների պայքարը միայն ռեկտորի անձի դեմ չէ, այլ այն համընդհանուր ավտորիտար միտման, որն ազդում է բոլոր համալսարանների վրա։

Համալսարանի մեկ այլ պրոֆեսոր Բյուլենթ Քյուչուքն էլ զգուշացնում է հնարավոր դասակարգային մանիպուլյացիաների մասին, որոնց գնում է իշխանությունը՝ Բողազիչին ներկայացնելով որպես էլիտիստական կառույց։

«Բողազիչիի [համալսարանը] «էլիտիստական» անվանելու միջոցով այն լուսանցքայնացնելը պոպուլիստական տրամաբանության մաս է, որ ձգտում է օգուտ քաղել դասակարգային զայրույթից», – նշել է Քյուչուքը։

Համալսարանի շատ պաշտոնյաներ արդեն իսկ աշխատանքի ազատման դիմում են ներկայացրել, այդ թվում՝ ռեկտորի խորհրդականը:

Բողազիչիի ուսանողներին ու դասախոսներին իրենց համերաշխությունն են հայտնել նաև շատ այլ համալսարաններ՝ Թուրքիայում (Իզմիր, Անկարա, Ադանա և այլն) ու աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Օքսֆորդի համալսարանի աշխատակազմը։ Սոլիդարության ակցիաներ են եղել Դուբայում, Սիդնեյում, Տորոնտոյում, Այնդհովենում, Բեռլինում և այլուր։

[Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի (ODTÜ) ուսանողների սոլիդարության ակցիան]

Բողազիչիի համալսարանը տարածաշրջանում հեղինակավոր և ամենաթանկ համալսարաններից մեկն է։ Այնտեղ սովորում է շուրջ 16 000 ուսանող։ Ակադեմիական լեզուն Բողազիչիում անգերենն է։ Համալսարանը հայտնի է որպես երկրի ամենաառաջադեմ կրթական հաստատություններից մեկը, ինչն, ըստ էության, հակադրվում է Էրդողանի կուսակցության պահպանողական տրամաբանությանը։

Ուսանողները պատրաստվում են շարունակել ցույցերը ոչ միայն Ստամբուլում, այլև երկրի այլ քաղաքներում։