Հունվարի 13-ին մի խումբ մարդիկ հրդեհել են Բրյուսելի հյուսիսային հատվածում գտնվող ոստիկանական բաժանմունքը։ Այս մասին հայտնում է «The Brussels Times»-ը։ Դեպքը տեղի է ունեցել իրավապահների կողմից իրականացվող բռնության դեմ սկսված բողոքի ցույցերի ընթացքում։
Հունվարի 9-ին Բրյուսելում կորոնավիրուսային սահմանափակումները խախտելու մեղադրանքով ձերբակալվել էր քաղաքի 23-ամյա սև բնակիչ Իբրահիմա Բ-ն։ Ոստիկանների պնդմամբ՝ երիտասարդը գիտակցությունը կորցրել էր բաժանմունք հասնելուն պես, որից հետո տեղափոխվել էր հիվանդանոց և ի վերջո մահացել։
Ցուցարարները, սակայն, չեն հավատում այս հայտարարությանը և պահանջում, որ Իբրահիմայի մահվան մասին բացահայտվի ողջ ճշմարտությունը ։ Բողոքի ցույցի շուրջ 400 մասնակիցները ոչ միայն հրդեհել են ոստիկանության բաժանմունքը, այլև քարերով հարվածել երկրի թագավորի մեքենային։ Ձերբակալվել է 116 ցուցարար։ Գրեթե բոլորը հետագայում ազատ են արձակվել։ Ոստիկանությունում մնացել է միայն 4 հոգի, որոնցից երկուսը՝ անչափահաս։
Սա ռասիստական հիմքով սպանության առաջին մեղադրանքը չէ, որ ուղղվել է բելգիական ոստիկանությանը՝ համավարակի մեկնարկից ի վեր։ 2020 թվականի ապրիլին ոստիկանությունից փախչելիս մահացել էր 19-ամյա ալժիրցի Ադիլը, ում իրավապահները ևս հետապնդում էին համավարակային կանոնները խախտելու կասկածանքով։
Նույն տարվա ամռանը Աքրամ անունով կրկին ալժիրցի մի երիտասարդ մահացել էր Բելգիայի երկրորդ ամենախոշոր Անտվերպեն քաղաքում այն բանից հետո, երբ ոստիկանները ձերբակալել էին նրան, պառկեցրել գետնին և ծնկով սեղմել նրա մեջքին։ Այս պատմությունից հետո հազարավոր բելգիացիներ դուրս էին եկել փողոց՝ բողոքի ցույցեր իրականացնելու ընդդեմ ոստիկանական բռնաճնշումների։ Ցուցարարների շրջանում և ԶԼՄ-ներում այս իրադարձությունը համեմատվել էր 2020-ի հունիսին ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում Ջորջ Ֆլոյդի սպանության հետ, որը սկիզբ էր դարձել ռասիստական բռնությունների դեմ բողոքի համաշխարհային ալիքի։
Բելգիան այն ժամանակ այս ալիքից ևս անմասն չէր մնացել։ Հազարավոր ցուցարարներ իրենց համերաշխությունն էին հայտնել «Black Lives Matter» (Սև Կյանքերը Կարևոր են) շարժմանն ու պահանջել տեղի կառավարությունից հեռացնել գաղութատիրական ժամանակներում Բելգիան թագավորած, Աֆրիկայի իր գաղութների ժողովրդի նկատմամբ առանձնակի դաժանությամբ աչքի ընկած Լեոպոլդ 2-րդի՝ Անտվերպենում գտնվող արձանը։ Պահանջն ի վերջո կատարվել էր։
Նույն թվականին էր սպանվել նաև սլովենացի Յոզեֆ Խովանեցը, ում ոստիկանության բաժանմունքում ծաղրել և կտտանքների էին ենթարկել։ Իրավապահների կողմից Խովանեցի տանջանքները ուղեկցվել էին նաև նացիստական կարգախոսներով ու ժեստերով։ Սլովենացին նույնպես մահացել էր հիվանդանոցում՝ մի քանի օր կոմայի մեջ մնալուց հետո։