Home / Հայաստան / Ամբողջատիրության ակունքները. Կայսերականություն

Ամբողջատիրության ակունքները. Կայսերականություն

Ստորև ներկայացնում ենք Հաննա Արենդթի «Ամբողջատիրության ակունքները» գրքի (1968 թվականի հրատարակության) երկրորդ մասի նախաբանի թարգմանությունը (առաջին հրատարակության նախաբանը՝ այստեղ

2021 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանի հրատարակչությունը «Գալուստ Կիւլպէնկեան» թարգմանական մատենաշարով լույս կընծայի գրքի հայերեն տարբերակը։ Նախաբանը անգլերենից թարգմանեց Լիլիթ Վերդյանը, բնագրի հետ համեմատեց և խմբագրեց՝ Շուշան Ավագյանը։

Երկրորդ մասի նախաբան. Կայսերականություն

Միշտ չէ, որ հնարավոր է եղել այսքան ճշգրտորեն թվագրել որևէ պատմական շրջանի սկիզբը, և դիտորդներին հազվադեպ է հաջողվել ականատես լինել դրա հստակ ավարտին, ինչպես դա եղավ կայսերականության դարաշրջանի դեպքում: Քանզի գաղութականությունից ծնունդ առած և ազգ-պետություն համակարգի ու տասնիններորդ դարի վերջին երեսնամյակի տնտեսական և արդյունաբերական զարգացումների անհամապատասխանության պատճառով ծագած կայսերականությունը սկսեց իր «ծավալում հանուն ծավալման» քաղաքականությունը մոտավորապես 1884 թ.-ից, և ուժային քաղաքականության այս նոր տեսակը տարբերվում էր թե՛ սահմանային պատերազմների ազգային նվաճումներից և թե՛ կայսրություն կառուցելու բուն հռոմեական ոճից: Դրա վախճանն անխուսափելի էր թվում այն բանից հետո, երբ Հնդկաստանի անկախության հռչակումը իրական փաստ դարձրեց «Նորին Մեծության կայսրության լուծարումը», որը Չերչիլը հրաժարվել էր «նախագահել»: Բրիտանացիների կողմից գաղութային տիրապետության կամավոր լուծարումը մինչ օրս շարունակում է մնալ քսաներորդ դարի պատմության ամենահիշարժան իրադարձություններից մեկը, որից հետո ոչ մի եվրոպական ազգ ի զորու չէր պահել իր անդրծովյան տարածքները: Միակ բացառությունը Պորտուգալիան է, և այս երկրի արտասովոր ունակությունը շարունակելու մի բան, որից մյուս եվրոպական գաղութատիրական ուժերը ստիպված էին հրաժարվել, թերևս առավելապես պայմանավորված է Պորտուգալիայի ազգային հետադիմությամբ, քան Սալազարի բռնապետությամբ, քանզի զարգացած ազգ-պետությունների լոկ թուլությունն ու մեկ սերնդի կյանքի ընթացքում բռնկված երկու արյունահեղ պատերազմներից առաջացած ուժասպառությունը չէին միայն, այլև խղճի վարանումներն ու քաղաքական մտավախություններն էին, որ դրդեցին չդիմել ծայրահեղ միջոցառումների՝ «վարչական կոտորածների» (Ա. Քարթհիլ), ինչը շատ հնարավոր է կոտրեր Հնդկաստանում տեղի ունեցող ոչ բռնի ապստամբությունը, ինչպես նաև չշարունակել «ենթակա ռասաների կառավարումը» (Լորդ Քրոմեր)՝ մայր երկրներում բումերանգի էֆեկտի վախից դրդված: Երբ դը Գոլի այդ ժամանակ դեռ անեղծ հեղինակության շնորհիվ Ֆրանսիան ի վերջո խիզախեց հրաժարվել Ալժիրից, որը ֆրանսիացիների համար միշտ եղել էր նույնքան Ֆրանսիայի մաս, որքան Սենի դեպարտամենտը (département de la Seine), կարծես թե հետդարձի ճանապարհ այլևս չկար:

Ինչ էլ որ այս հույսի արժանիքները լինեին, եթե նացիստական Գերմանիայի դեմ մղվող «տաք պատերազմին» չհաջորդեր Խորհրդային Միության ու Միացյալ Նահանգների միջև ծավալված «սառը պատերազմը», ապա հետհայացք նետելով գայթակղիչ է վերջին երկու տասնամյակները դիտարկել որպես մի ժամանակահատված, որի ընթացքում երկրագնդի երկու ամենաուժեղ պետությունները մրցակցային պայքարում ձգտում էին գերիշխող դիրք գրավել քիչ թե շատ այն նույն տարածաշրջաններում, որտեղ անցյալում իշխում էին եվրոպական երկրները: Նույն կերպ գայթակղիչ է այն միտքը, որ Ռուսաստանի և Ամերիկայի միջև վերջերս ստեղծված անհանգիստ լարվածության թուլացումը (détente) ավելի շատ աշխարհի երրորդ ուժի՝ Չինաստանի ի հայտ գալու արդյունք է, քան Ստալինի մահվանից հետո Ռուսաստանի ապաամբողջատիրականացման առողջ և բնական հետևանք: Եվ եթե հետագա զարգացումները հաստատեն այս նախնական մեկնությունները, կնշանակի, որ պատմական առումով մենք վերադարձել ենք, չափազանց խոշորացված մասշտաբով, մեր սկզբնակետին՝ կայսերականության դարաշրջանին ու Առաջին համաշխարհային պատերազմին բերած բախման ճանապարհին:

Հաճախ է ասվում, որ բրիտանացիներն իրենց կայսրությունը ձեռք են բերել մտացրության մեջ, որպես ինքնաբերական միտումների հետևանք՝ ավելի շատ տեղի տալով հնարավոր ու գայթակղիչ թվացող բաներին, քան վարելով գիտակից քաղաքականություն: Եթե իրոք այդպես է, ապա նույն հաջողությամբ կարելի է ասել, որ դժոխքի ճանապարհի սալապատումը որևէ նպատակ չի հետապնդել, բացի խրատական բարի նպատակներից: Եվ դեպի կայսերական քաղաքականություններ վերադարձնող օբյեկտիվ փաստերն իրոք այնքան ուժեղ են այսօր, որ ակամայից հակված ես հավատալու, որ այդ պնդումը կիսով չափ ճիշտ է, չնայած երկու կողմերի բարի նպատակներ ունենալու սին հավաստիացումներին (մի կողմից՝ Ամերիկայի «նվիրվածությունը» կոռումպացվածության և անկարողության ոչ կենսունակ ստատուս քվոյին, մյուս կողմից՝ Ռուսաստանի ազգային ազատագրական պատերազմների վերաբերյալ կեղծ-հեղափոխական ճառերը): Ազգակառուցման գործընթացները հետամնաց տարածաշրջաններում, որտեղ ազգային անկախության նախադրյալների բացակայությունն ուղիղ համեմատական է վայրագ, ստերջ շովինիզմին, հանգեցրել են իշխանության ահռելի վակուումների, որոնց համար գերտերությունների միջև մրցակցությունը դարձել է առավել կատաղի, քանի որ միջուկային զենքի ստեղծմամբ՝ բռնության իրենց միջոցներով առճակատ բախման գնալը, որպես բոլոր հակամարտությունները «լուծելու» վերջին քայլ, թվում է հաստատապես բացառված: Այս ընդարձակ տարածքներում փոքր, չզարգացած երկրների միջև ցանկացած հակամարտություն (լինի դա քաղաքացիական պատերազմ Վիետնամում, թե ազգային հողի վրա ընդհարում Միջին Արևելքում) ոչ միայն իսկույն հրավիրում է գերտերությունների հնարավոր կամ փաստացի միջամտությունը, այլև կան կասկածներ, որ այդ հակամարտությունները կամ առնվազն դրանց բռնկման պահերը խաղարկվում են կամ ուղիղ հետևանք են ինքնին տարածաշրջանի հակամարտությունների և շահերի հետ որևէ առնչություն չունեցող շահերի և ռազմախաղերի: Ոչինչ այդքան բնորոշ չէր կայսերական դարաշրջանի ուժային քաղաքականությանը, որքան տեղայնացված, սահամանափակ և հետևաբար կանխատեսելի ազգային շահ հետապնդող նպատակների փոխարինումը իշխանությունից հետո իշխանության անսահման հետամտմամբ, որը կարող էր ազատորեն շարժվել և անասելի վնասներ հասցնել երկրագնդին առանց որևէ հստակ ազգային ու տարածքային մղումներով պայմանավորված նպատակի և հետևապես առանց կանխատեսելի ուղղության: Այս հետանկումն ակնհայտ է դարձել նաև գաղափարախոսական մակարդակի վրա, քանզի հայտնի դոմինոյի տեսությունը, համաձայն որի ամերիկյան արտաքին քաղաքականությունը պարտավորվում է պատերազմել մի երկրում հանուն մյուսների ամբողջականության (որոնք անգամ հարևան երկրներ չեն), անկասկած ոչ այլ ինչ է, քան նոր տարբերակը այն հին «մեծ խաղի», որի կանոնները թույլատրում էին և անգամ թելադրում ողջ ազգերի համարել սանդղաքարեր, կամ այսօրվա լեզվով՝ «պեշկաներ», մի ինչ-որ երրորդ երկիր և դրա հարստությունը զավթելու համար, ինչն իր հերթին դառնում էր իշխանության ընդարձակման ու կուտակման անվերջանալի գործընթացում լոկ մի սանդղաքար: Հենց այս շղթայական հակազդեցության մասին էր, ներհատուկ կայսերական ուժային քաղաքականությանը և լավագույնս ներկայացված մարդկային մակարդակի վրա գաղտնի գործակալի կերպարում, որ Քիփլինգն ասել էր («Քիմ» վեպում). «Մեծ խաղը կավարտվի, երբ ամենքը մեռնեն: Դրանից ոչ շուտ»: Եվ միակ պատճառը, որ նրա մարգարեությունը չիրականացավ այն էր, որ ազգ-պետությունը սահմանափակված էր սահմանադրությամբ, մինչդեռ այսօր մեր միակ հույսը, որ այն ապագայում չի իրականանա, հիմնված է Ամերիկայի հանրապետության սահմանադրական, ինչպես նաև միջուկային դարաշրջանի տեխնոլոգիական սահմանափակումների վրա:

Սա չի ժխտում այն, որ կայսերական քաղաքականությունների և մեթոդների անսպասելի վերածնունդը տեղի է ունենում էապես փոփոխված պայմաններում և հանգամանքներում: Անդրծովյան ընդարձակման նախաձեռնությունն Անգլիայից և Արևմտյան Եվրոպայից անցել է արևմուտք՝ Ամերիկային, իսկ ցամաքային ընդարձակումը դեպի աշխարհագրականորեն մոտ տարածքներ՝ որպես շարունակություն, այլևս Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի արտոնությունը չէ, այլ բացառապես Ռուսաստանինը: Կայսերական քաղաքականությունները, ցանկացած այլ գործոնից առավել, հանգեցրել են Եվրոպայի թուլացմանը, և կարծես թե իրականացել են պետական գործիչների ու պատմաբանների այն մարգարեությունները, որ արևելքից և արևմուտքից եվրոպական ազգերին հարող երկու հսկաները ի վերջո դառնալու են Եվրոպայի իշխանության ժառանգները: Այլևս ոչ-ոք չի արդարացնում ընդարձակումը, որպես մի կողմից՝ «սպիտակ մարդու բեռ»[1], մյուս կողմից՝ նման էթնիկական ծագում ունեցող ժողովուրդներին միավորելու «ընդլայնված ցեղային գիտակցություն»[2]. փոխարենը լսում ենք պատվիրատու պետությունների նկատմամբ ունեցած «պարտավորությունների», իշխանության պատասխանատվությունների և ազգային-ազատագրական հեղափոխական շարժումներին զորավիգ լինելու մասին: «Ընդարձակում» բառն ինքնին վերացել է մեր քաղաքական բառապաշարից, փոխարենը շատ մոտ իմաստ արտահայտելու համար այսօր կիրառվում են «ընդլայնում» կամ, քննադատաբար, «գերընդլայնում» բառերը: Քաղաքականապես առավել կարևոր է այն, որ մասնավոր ներդրումներն օտար ափերում, որոնք սկզբնապես կայսերական զարգացումների հիմնական շարժիչ ուժն էին, այսօր գերազանցվում և փոխարինվում են անմիջապես կառավարությունների կողմից տրվող օտարերկրյա տնտեսական և ռազմական օգնությամբ: (Միայն 1966թ.-ին Ամերիկայի կառավարությունը տնտեսական օգնության և օտարերկրյա վարկերի վրա 4.6 միլիարդ դոլար է ծախսել, իսկ 1956-1965թթ.-ին ռազմական օգնություն վրա՝ տարեկան 1.3 միլիարդ դոլար, այն ժամանակ, երբ մասնավոր կապիտալի արտահոսքը 1965թ.-ին կազմում էր 3.69 միլիարդ դոլար, իսկ 1966-ին՝ 3.91 միլիարդ դոլար)[3]: Սա նշանակում է, որ հաստատապես ավարտվել է այսպես կոչված դոլարային կայսերականությունը, այն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը նախորդող ժամանակաշրջանի հատկապես ամերիկյան տեսակի կայսերականությունը, որը քաղաքական տեսանկյունից ամենաանվտանգն էր: Մասնավոր ներդրումները՝ «մոտ հարյուր երկրներում գործող հազարավոր ամերիկյան ընկերությունների գործունեությունները», որոնք «կենտրոնացված են արտասահմանյան տնտեսության ամենաարդի, ամենառազմավարական և ամենաարագ զարգացող սեկտորներում», ստեղծում են բազում քաղաքական խնդիրներ անգամ երբ պաշտպանված չեն ազգի իշխանությամբ[4], սակայն արտերկրյա օգնությունը, նույնիսկ երբ այն տրվում է զուտ հանուն մարդասիրության, բնույթով քաղաքական է հենց այն պատճառով, որ մոտիվացված չէ շահույթի ձեռքբերման ձգտումով: Միլիարդավոր դոլարներ են ծախսվել քաղաքական և տնտեսական ամայաստաններում, որտեղ կոռուպցիան և անունակությունն այդ գումարները փոշիացրել են նախքան որևէ արդյունավետ բան կարելի էր սկսել, և այդ փողն այլևս այն «ավելորդ» կապիտալը չէ, որն անկարելի էր շահավետ կերպով ներդնել հայրենիքում, այլ զուտ առատության արտառոց գերաճը, որ հարուստ երկրները (ունևորները՝ ի հակադրություն չունևորների) կարող են իրենց թույլ տալ կորցնել: Այլ կերպ ասած, շահույթի շարժառիթը, որի նշանակությունը կայսերական քաղաքականությունների համար հաճախ գերագնահատվում էր անգամ անցյալում, այժմ ամբողջովին վերացել է. միայն շատ հարուստ և շատ հզոր երկրները կարող են իրենց թույլ տալ կայսերականությանը հատուկ մեծ կորուստներ կրել:

Թերևս շատ վաղ է, և անշուշտ իմ նկատառումների շրջանակից դուրս, որևէ վստահությամբ վերլուծել ու հաստատել այս վերջին միտումները: Այս պահին միակ անհարմար, բայց հստակ բանն այն որոշ, կարծես թե անվերահսկելի գործընթացների ուժն է, որոնք հակված են սասանել նոր ազգերի սահմանադրական զարգացման բոլոր հույսերը, ինչպես նաև թուլացնել հների հանրապետական կառույցները: Օրինակների առատությունը թույլ չի տալիս անգամ հպանցիկ թվարկում տալ, սակայն միայն վերջերս բացահայտված գաղտնի ծառայությունների «անտեսանելի կառավարության» մակերեսումը, որը ներխուժում է մեր ընտանեկան գործերի՝ մեր կյանքի մշակութային, կրթական և տնտեսական ոլորտները, չափազանց չարագուշակ նշան է լռությամբ անցկացնելու համար: Հիմքեր չկան կասկածի տակ դնելու պրն. Ալեն Դալլեսի այն պնդումը, որ 1947թ.-ից ի վեր հետախուզությունն այս երկրում վայելել է «շատ ավելի ազդեցիկ դիրք, քան աշխարհի որևէ այլ երկրի կառավարությունում»[5], և ոչ էլ կա պատճառ հավատալու, որ այդ ազդեցությունը որևէ չափով նվազել է 1958թ.-ին հնչեցրած նրա այդ պնդումից ի վեր: «Անտեսանելի կառավարության» մահացու վտանգը «տեսանելի կառավարության» կառույցների համար հաճախ է մատնանշվել, մինչդեռ կայսերական քաղաքականության և «անտեսանելի կառավարության» ու գաղտնի գործակալների իշխանության միջև մտերիմ ավանդական կապը թերևս այդքան էլ հայտնի չէ: Սխալ է հավատալ, որ այս երկրում գաղտնի ծառայությունների համակարգը ստեղծվեց Երկրորդ համաշխարհայինից հետո Խորհրդային Ռուսաստանի լրտեսական ցանցի պատճառով երկրի ազգային գոյության առջև ծառացած ուղղակի սպառնալիքին ի պատասխան: Պատերազմը Միացյալ Նահանգներին բերել էր ամենահզոր գերտերության դիրքին, և հենց այս գերտերությանն էր մարտահրավեր նետել Մոսկվայից ղեկավարվող կոմունիզմի հեղափոխական ուժը, այլ ոչ թե ազգային գոյությանը[6]:

Ինչ էլ որ լինեն Ամերիկայի՝ գերտերության վերածվելու պատճառները, դրանց շարքին չեն ո՛չ գերտերության տանող արտաքին քաղաքականության միտումնավոր հետամտումը, ո՛չ էլ համաշխարհային տիրապետության հավակնությունը: Նույնը, թերևս, ճիշտ է դեպի կայսերական ուժային քաղաքականություն տանող Ամերիկայի վերջերս արված ու դեռևս փորձնական քայլերի համար, թեև դրա կառավարության ձևը ցանկացած այլ երկրի կառավարության ձևից պակաս հարմար է նման քաղաքականություն վարելու համար: Արևմտյան երկրների և մնացյալ աշխարհի միջև եղած ահռելի անդունդը՝ ոչ միայն և գլխավորապես հարստության, այլև կրթության, տեխնիկական իմացության և ընդհանուր կարողության առումով, աշխարհի քաղաքականության սկզբներից ի վեր hամաճարակել է միջազգային հարաբերությունները: Եվ այս անդունդը փոքրանալու փոխարեն՝ արագորեն զարգացող հաղորդակցման համակարգերի և դրանց շնորհիվ երկրի վրա տարածությունների կրճատման արդյունքում, ընդհակառակը, շարունակաբար աճել է և այժմ հիրավի տագնապալի չափերի է հասել: «Պակաս զարգացած երկրներում բնակչության աճի տեմպերը երկու անգամ գերազանցում էին առավել զարգացած երկրների աճի տեմպերին»[7], ու թեև միայն այս գործոնը բավարար է, որ նրանց ստիպեր սննդի և տեխնոլոգիական ու քաղաքական գիտելիքների ավելցուկ ունեցողներին դառնալ, միևնույն գործոնն ամեն տեսակի օգնություն անիմաստ էր դարձնում: Ակնհայտ է՝ որքան մեծ է բնակչության թիվը, այնքան քիչ օգնություն է բաժին հասնում մեկ շնչին, և իրականությունն այն է, որ քսան տարվա օգնության լայնածավալ ծրագրերից հետո, բոլոր այն երկրները, որոնք ի սկզբանե անկարող են եղել իրենք իրենց օգնել, ինչպես օրինակ Ճապոնիան, է՛լ ավելի աղքատ, տնտեսական կամ քաղաքական կայունությունից է՛լ ավելի հեռու են, քան երբևէ: Այս իրավիճակը կայսերականության համար ստեղծել է սարսափելիորեն բարենպաստ պայմաններ այն պարզ պատճառով, որ թվերը հիմա առավել անէական են, քան երբևէ. սպիտակամորթների իշխանությունը Հարավային Աֆրիկայում, որտեղ բռնակալական փոքրամասնությունը մեկին տասով զիջում է մեծամասնությանը, երբեք այսքան ապահով չի եղել, ինչպես այսօր: Հենց այս օբյեկտիվ իրավիճակն է, որն օտարերկրյա օգնությունը վերածում է օտարերկրյա տիրապետության գործիքի և դնում ֆիզիկական գոյության պահպանման նվազող հնարավորությունների համար օգնության կարիք ունեցող բոլոր երկրներին երկընտրանքի առաջ՝ ընդունել «ենթակա ռասաների կառավարման» մի որոշակի ձև կամ էլ արագ տեմպերով գնալ դեպի անարխիական քայքայում:

Այս գիրքն անդրադառնում է միայն խստորեն եվրոպական գաղութային կայսերականությանը, որի վերջը դրվեց Հնդկաստանում բրիտանական իշխանության լուծարմամբ: Այն պատմում է ազգ-պետության կազմալուծման մասին, ինչը, ինչպես ապացուցվեց, պարունակում էր ամբողջատիրական շարժումների և կառավարությունների առաջացման համար գրեթե բոլոր անհրաժեշտ տարրերը: Կայսերական դարաշրջանից առաջ աշխարհի քաղաքականություն չկար, և առանց դրա համաշխարհային իշխանության ամբողջատիրական պահանջն իմաստ չէր ունենա: Ինչպես պարզվեց, այս շրջանում ազգ-պետության համակարգն անկարող գտնվեց համաշխարհային հարաբերությունների վերածված արտաքին հարաբերությունները վարելու համար նոր կանոններ մշակել կամ էլ հռոմեական խաղաղություն (Pax Romana) պարտադրել մնացյալ աշխարհին: Դրա քաղաքական նեղմտությունն ու կարճատեսությունն ավարտվեցին ամբողջատիրության աղետով, որի նախադեպը չունեցող սարսափները ստվերի մեջ թողեցին նախորդող շրջանի չարագուշակ իրադարձությունները և է՛լ առավել չարագուշակ մտածողությունը: Ուսումնագիտական հարցադրման կիզակետում գրեթե բացարձակապես Հիտլերի Գերմանիան ու Ստալինի Ռուսաստանն են՝ ի հաշիվ առավել պակաս վնասակար նախորդների: Կայսերական իշխանությունը, բացառությամբ վարկաբեկելու համար հիշատակումների, կիսով չափ մոռացված է թվում, և սա ցավալի է, նախևառաջ, որովհետև դրա ակտուալությունը ժամանակակից իրադարձությունների համար վերջին տարիներին է՛լ ավելի ակնհայտ է դարձել: Այսպիսով, Վիետնամում Միացյալ Նահանգների չհայտարարված պատերազմի շուրջ վիճաբանությունը երկու կողմից վարվել է Մյունխենի կամ երեսունական թվականներից այլ օրինակների հետ համեմատությունների միջոցով, երբ ամբողջատիրական իշխանությունը հիրավի միակ հստակ և առկա, չափազանց առկա վտանգն էր: Բայց այսօրվա քաղաքականությունների գործողությունների և խոսքի մեջ պարունակվող սպառնալիքները չարագուժորեն շատ ավելի նման են այն արարքներին ու արդարացումներին, որոնք նախորդում էին Առաջին համաշխարհային պատերազմը, երբ նվազագույն հետաքրքրություն ներկայացնող ծայրամասային տարածաշրջանում բռնկված կայծը կարող էր առաջացնել համաշխարհային հրդեհ:

Այսօրվա իրադարձությունների համար այս կիսամոռացված ժամանակաշրջանի դժբախտ ակտուալությունը շեշտելն անշուշտ չի նշանակում, որ մեր ճակատագիրը կանխորոշված է, և որ մենք մուտք ենք գործում կայսերական քաղաքականությունների մի նոր փուլ, կամ որ կայսերականությունն ամեն պարագայում ավարտվելու է ամբողջատիրության աղետներով: Որքան էլ կարողանանք անցյալից դասեր քաղել, դա մեզ թույլ չի տա իմանալ ապագան:

Հաննա Արենդթ

Հուլիս 1967թ.

 

Ծանոթագրություններ

[1] Հղում է անում Քիփլինգի 1899թ.-ին հրատարակված հայտնի բանաստեղծությանը (տե՛ս “The White Man’s Burden: The United States and the Philippine Islands,” in The Times, 4 February, 1899)։ [Թարգմ. ծանոթագրություն]

[2] Մեջբերում է Էմիլ Դեկերտին (տե՛ս Emil Deckert, Panlatinismus, Panslawismus und Panteutonismus in ihrer Bedeutung für die politische Weltlage, Frankfurt m Main: H. Keller, 1914)։ [Թարգմ. ծանոթագրություն]

[3] Թվերը մեջբերված են Լեո Մոդելի (տե՛ս Leo Model, “The Politics of Private Foreign Investment”) և Քենեթ Մ. Քաուֆմանի և Հելենա Սթալսոնի (տե՛ս Kenneth M. Kauffman and Helena Stalson, “U.S. Assistance to less developed Countires, 1956-65”) հոդվածներից՝ երկուսն էլ հրատարակված «Foreign Affairs» ամսագրում, հուլիս, 1967թ.:

[4] Մոդելի վերը մեջբերված հոդվածը հրաշալի կերպով վերլուծում է այդ խնդիրները (տե՛ս էջ 641):

[5] Ըստ Դեյվիդ Ուայզի և Թոմաս Բ. Ռոսսի, պրն. Դալլեսը սա ասել էր 1957թ.-ին Եյլի համալսարանի իր ելույթում (տե՛ս David Wise and Thomas B. Ross, The Invisible Government, New York, 1964, p. 2):

[6] Համաձայն պրն. Դալլեսի՝ կառավարությունը ստիպված էր «կրակի դեմ կրակով կռվել»: Այնուհետև այլ երկրների իր գործընկերներից իրեն առանձնացնող ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին նախագահը զինաթափող անկեղծությամբ բացատրում է, թե դա ինչ է նշանակում: ԿՀՎ-ն իր գործի բերումով պետք է կրկնօրինակեր Խորհրդային Միության Անվտանգության ծառայությունը, որն «ավելին է, քան պարզապես գաղտնի ոստիկանական կազմակերպություն, ավելին քան պարզապես հետախուզական և հակահետախուզական կազմակերպություն: Այն հեղաշրջման, ձեռնածության և բռնության, այլ երկրների գործերին գաղտնի միջամտության գործիք է» (շեղագիրն ավելացված է): Տե՛ս Allen W. Dulles The Craft of Intelligence, New York, 1963, p. 155:

[7] Տե՛ս Օրվիլ Լ. Ֆրիմանի խիստ ուսանելի հոդվածը (Orville L. Freeman, “Malthus, Marx and the North American Breadbasket,” in Foreign Affairs, July, 1967):