Հայաստանի շուրջ 270 բնակավայրերում նախադպրոցական հաստատություններ (մանկապարտեզներ) առհասարակ չկան։ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը վստահ է՝ քանի որ այդ համայնքներում երեխաների թիվը հիմնականում քիչ է, դասական մանկապարտեզների հիմնումն այդտեղ «ծախսարդյունավետ չէ»:
Նախարարությունը խոստանում է խնդիրը լուծել՝ «այլընտրանքային» ճանապարհով։
Փոխնախարար Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ պետական դրամաշնորհների միջոցով համայնքներում նախատեսվում է ներդնել այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների համակարգ: Դրամաշնորհային ծրագրի մրցույթը կկազմակերպվի առաջիկայում։
«Համայնքները հնարավորություն կունենան առաջարկվող 8 մոդելային նախագծերից իրենց բնակավայրի համար ընտրել առավել նպատակային տարբերակը: Առաջարկվող տիպային մոդելները տարբեր են. օրինակ՝ նախադպրոցական ծառայությունը կարող է կազմակերպվել տվյալ համայնքի դպրոցում կամ համայնքային որևէ կառույցի տարածքում:
Կարող է այդպիսի ծառայություն մատուցվել նաև համապատասխան պայմաններ ունեցող անհատական բնակելի տանը: Ըստ տիպային մոդելների` առաջարկվում է նաև շարժական նախադպրոցական ծառայությունների կազմակերպման հնարավորություն: Առաջնային խնդիրը նախադպրոցական հաստատությունների համար սահմանված նորմատիվ պահանջների ապահովումն է», – ասված է ԿԳՄՍ պարզաբանման մեջ։
2021 թվականի պետական բյուջեում այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների ապահովման համար նախատեսված է շուրջ 154 մլն դրամ:
«Դրամաշնորհային մրցույթի կարևոր նախապայմաններից մեկն այն է, որ հետագայում համայնքները պահպանեն ստեղծված ենթակառուցվածքները` ապահովելով նախադպրոցական ծառայությունների շարունակություն: Բոլոր պահանջներն ու պայմանները մանրամասն կներկայացվեն դրամաշնորհի մրցույթի կարգում: Նշենք, որ ներկայումս, համավարակով պայմանավորված, նախադպրոցական հաստատությունների գործունեությունը սահմանափակված է. մանկապարտեզներում նոր ընդունելություն առայժմ չի կատարվում»:
Խնդրի լուծման արդյունավետ տարբերակ գտնելու համար քննարկումներ են ընթանում ԿԳՄՍ, Առողջապահության և Տարածքային կառավարման նախարարությունների միջև:
Նախարարությունը խոստանում է, որ մինչև 2023 թվականը նախադպրոցական ծառայությունների ծավալը (երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում) հասցվելու է առնվազն 70 տոկոսի: