Աբովյան քաղաքի համար 1 ավագ դպրոցում արդեն 5 օր է՝ դասադուլ և գործադուլ է։ Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները միավորվել են ընդդեմ նորանշանակ և հանուն նախկին տնօրենի։
Տնօրենի ընտրություններին թեկնածություն են առաջադրել Մետաքսյա Բաբայանը՝ նախկին տնօրենը, և Քարմիլե Առաքելյանը՝ դպրոցի նորանշանակ տնօրենը։
Խորհրդի անդամների ձայները բաժանվել են երկու հավասար մասի․ 4 ձայն՝ ի օգուտ Բաբայանի և 4 ձայն Առաքելյանի օգտին։ Ձայների հավասար հարաբերակցության պարագայում տնօրեն նշանակելու վերջնական որոշումը ընթացակարգով վերապահվում է Կրթության նախարարին։ Նախարարն ընտրել է Առաքելյանին։
Դպրոցի ուսուցիչները և աշակերտները պնդում են, որ նախարարի անսպասելի որոշումը որևէ խելամիտ հիմնավորում չունի։
Ինչո՞ւ է նախապատվությունը տրվել թեկնածուին, որն այս դպրոցում երբևէ չի աշխատել և դպրոցի խնդիրներին ծանոթ չէ։ Նախկին տնօրենից, ըստ դպրոցի անձնակազմի, գոհ էին բոլորը՝ ուսուցիչները, աշակերտներն, ծնողները։ Դժգոհություններ չեն եղել նաև նախարարությունից։
Մի խոսքով՝ դպրոցի աշակերտները և ուսուցիչները, առնվազն նրանց մեծ մասը, պնդում են, որ դպրոցի տնօրենի ընտրության հիմքում անձնական կապերն ու հովանավորչությունն է։ Նոր տնօրենն, իր հերթին, պնդում է, որ իր դեմ արշավը «ներսից ուղղորդված է»։
Նախարարի հրամանի հրապարակման հաջորդ օրը՝ փետրվարի 3-ի առավոտյան, դպրոցում սկսվել է դասադուլ։ Մասնակցում են բոլորը։ Դասադուլին գործադուլով միացել են նաև ուսուցիչները։
Իրավիճակը մոտավորապես այսպիսին է․ ուսուցիչները ուսուցչանոցում են, աշակերտները՝ դպրոցի միջանցքներում։ Պատերին ինքնաշեն պաստառիկներ են։ Նոր տնօրենը «պարսպապատված» է իր աշխատասենյակում։
Երկու ոստիկան հսկում է դպրոցի մուտքը, ևս չորսը հերթապահում են տնօրենի կաբինետի մոտ։ Սենյակից դուրս գալու վերջինիս հազվադեպ փորձերը ուղեկցվում են վանկարկումներով։
Դասապրոցես չկա։
Ուսուցիչ․ – Խորհրդի այն չորս անդամները, որ ներկայացնում են ծնողկոմիտեն և մանկավարժական կոլեկտիվը, ընտրել են մեր տնօրենին՝ Բաբայանին։ Մենք դրանում վստահ ենք։ Իսկ նախարարության և մարզի ներկայացուցիչները՝ խորհրդի մյուս 4 անդամները, իրենց ձայները տվել են նոր տնօրենին՝ Առաքելյանին։ Եվ մենք գիտենք՝ ինչու։
Ուսուցիչ․ – Խորհդրի այս չորս անդամները, որ ներկայացնում են նախարարությունը և մարզը, նշանակվել են նախկին մարզպետ, այժմ՝ նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից․․․ Կան տեղեկություններ, որ նրանցից երկուսը Պետրոսյանի ազգականներն են՝ նրա կնոջ քույրը և նրա եղբոր կինը։ Խորհրդի կազմը մի տարի առաջ փոխվել է՝ օրենքով, ոչ թե անօրինական, բայց այնտեղ ընդգրկվել են Ռոմանոս Պետրոսյանի ազգականները՝ հենց այն նպատակով, որ աջակցեն մեր այս նոր տնօրենին, որը նախկին մարզպետի կնոջ ընկերուհին է։
Նոր տնօրեն․ – Մարդիկ չեն հարգում օրենքը։ Օրենքով ես արդեն նշանակված տնօրեն եմ՝ փետրվարի 2-ից։ Աշակերտները և ուսուցիչները ընդդիմանում են, թե մենք մեր հին տնօրենին ենք ուզում։ Բայց եթե այդպես է, թող առհասարակ մրցույթ չհայտարարվի, թող մարդկանց չթողնեն դիմել, մասնակցել․․․
Նոր տնօրենը՝ Քարմիլե Առաքելյանը
Նոր տնօրեն․ — Բայց ես չեմ պատրաստվում ուղղակի հեռանալ։
Նոր տնօրեն․ – Նրանք ինձ չեն ճանաչում անգամ։ Ո՞րն է ինձ նման ճնշման ենթարկելու, զրպարտելու և անընդհատ վիրավորելու նպատասկը։ Հենց մրցույթի օրը, երբ ես՝ իբրև հավակնորդ, գալիս էի մասնակցելու, արդեն այսպիսի հավաքներ էին։ Ընտրությունից հետո էլ այսպիսի ճնշում է գործադրվում, որ ես ուղղակի հրաժարվեմ, պարզապես ասեմ՝ լավ, ես, իհարկե, ընտրվել եմ, բայց չեմ ուզում․․․ ու գնամ։
Նոր տնօրեն․ – Փորձել եմ բանակցել ուսուցիչների հետ՝ չի ստացվում։ Բոլորը խոսքները մեկ են արել։ Փորձել եմ նաև փոխտնօրենների հետ խոսել առանձին․ զանգահարում եմ՝ չեն պատասխանում, խնդրում եմ, որ ինձ մոտ գան՝ չեն գալիս։
Նոր տնօրեն․ – Այս գործում մեծ ազդեցություն ունի դպրոցի տնտեսվարը, որը նկատելիորեն երեխաներին ներքաշում է այս ամեն ինչի մեջ։ Նաև պատմության ուսուցիչը, որը քաղաքական աստառի տակ է փորձում մտցնել դպրոցում տեղի ունեցող պրոցեսները։ Իհարկե՝ նաև նախկին տնօրենը։
11-րդ դասարանի աշակերտ․ – Ի սկզբանե մենք տիկին Առաքելյանի դեմ ոչինչ չունեինք, բողոքում էին նախարարության՝ անարդար որոշման դեմ, որ հաշվի չի առել մեր կարծիքը։
10-րդ դասարանի աշակերտ․ — Տիկին Առաքելյանն ասում է՝ ձեզ ուղղորդում են։ Ասում ենք՝ ոչ։ Ասում է՝ այո։ Ասում ենք՝ ոչ․․․
11-րդ դասարանի աշակերտ․ – Մենք սովոր չենք, որ մեզ վրա դուռ փակեն, թե՝ մինչև ինձ չլսեք, ոչ ոք դասասենյակից դուրս չի գա։
10-րդ դասարանի աշակերտ․ – Ինչո՞ւ ենք մենք սիրում մեր տնօրենին․․․Նույնիսկ երիտասարդ տղաներն են ընկեր Բաբայանին հարգում ու սիրում։ Դա քի՞չ է։
12-րդ դասարանի աշակերտ․ – Ընկեր Առաքելյանը սկսեց դպրոց գալ ոստիկանների ուղեկցությամբ։
11-րդ դասարանի աշակերտ․ – Աշխորհուրդն արդեն հայտարարել է, որ անժամկետ դասադուլ է լինելու։ Մինչև մեր խոսքը չհասնի նախարարությանն ու դրական պատասխան չստանանք՝ չենք ավարտի։ Մենք պահանջում ենք, որ տնօրեն լինի ընկեր Բաբայանը։
Աշակերտ․ – Գնացել էինք Երևան՝ հանդիպելու նախարարի հետ։ Ծնողների և ուսուցիչների պատվիրակությունը հանդիպեց փոխնախարար Ժաննա Անդրեասյանին։ Հետո նախարարությունից ներկայացուցիչներ եկան դպրոց։ Ընդհանուր միտքն այն էր, որ աշակերտները գնան դասերի, իսկ իրենք՝ ուսուցիչներով և նախարարությունով, որոշեն՝ ինչ է լինելու։ Մենք համաձայն չենք։ Մենք արդեն համարյա չափահաս ենք, և կարող ենք կարծիք արտահայտել։
Ուսուցիչ․ – Բանակցել չի ստացվում․ նոր տնօրենը ամեն օր մեզ դիմավորում է սվիններով, ագրեսիայով, սպառնալիքներով։ Մենք գիտենք, այո, որ մենք պարտավորություններ ունենք, բայց մենք դրանք կկատարենք, երբ մեր ձայնը լսելի դառնա։ Մենք նախապես՝ դեռ նախարարը հրամանը չէր ստորագրել, արդեն դիմումներ էինք տարել՝ հարյուրավոր ուսուցիչների, ծնողների ու աշակերտների անունից, և ազատման դիմումներ՝ եթե չհարգեն մեր խոսքը։
Զառա Հարությունյան
լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի