Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Կիպրոսի հիմնախնդրի միակ լուծումը երկու առանձին պետությունների (հունական և թուրքական) ստեղծումն է, հայտնում է Reuters-ը։ Էրդողանի խոսքով՝ դաշնություն ստեղծելու հունական կողմի առաջարկը գալիք բանակցությունների օրակարգում չէ։
Երկուշաբթի օրը Հունաստանի ու Կիպրոսի առաջնորդները հայտարարել էին, որ կընդունեն խաղաղության միայն այնպիսի համաձայնագիր, որը կհամապատասխանի ՄԱԿ-ի բանաձևերին՝ այսպիսով մերժելով Թուրքիայի և Կիպրոսի թուրք բնակիչների կողմից առաջ քաշած երկու պետությունների ձևաչափը։
Հաջորդ ամիս ՄԱԿ-ը նախատեսում է հրավիրել վիճարկվող կղզու երկու համայնքների ներկայացուցիչներին, ինչպես նաև երաշխավոր երեք պետությունների՝ Հունաստանի, Թուրքիայի և Բրիտանիայի արտգործնախարարներին՝ հիմնախնդրի հնարավոր լուծումը քննարկելու համար։
ՄԱԿ-ի բանաձևերի համաձայն՝ Կիպրոսի հունական և թուրքական հատվածները պետք է միավորվեն դաշինքի մեջ։ Հունական կողմը մերժում է այն առաջարկները, որոնք թուրքական իշխանություն են ենթադրում կղզու վրա։
Էրդողանը պնդում է, որ հունական երկու պետությունների կառավարություններն իրենց հայտարարություններում հաշվի չեն առնում Կիպրոսի թուրքական իշխանություններին, և որ իմաստ չունի բանակցել այն առաջարկների շուրջ, որոնք նախկինում ձախողվել են։
Չնայած երկու կողմերն անցյալ ամիս վերսկսել էին բանակցությունները, Էրդողանն օրեր առաջ հայտարարեց, որ չի պատրաստվում հանդիպել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին։
«Միցոտակիսն ինձ մարտահրավեր է նետել։ Ինչպե՞ս կարող եմ Ձեզ հետ հիմա նստել։ Նախ Ձեր չափերն իմացեք։ Եթե խաղաղություն եք ուզում, ինձ մարտահրավեր մի նետեք»,- նշել է էրդողանը։
Թուրքիայի նախագահը չափը ճանաչելու մասին էր հիշեցրել նաև Կիպրոսի թուրքական հատվածի առաջնորդ Մուստաֆա Աքինջիին, երբ վերջինս քննադատել էր Էրդողանին՝ Սիրիայում թուրքական բանակի ներխուժման համար։ Էրդողանը հայտարարել էր, որ Աքինջին «չափն անցել է» և որ ընտրազանգվածը շուտով նրան »մի լավ դաս կտա»։
1974-ի թուրքական ներխուժումից հետո, Կիպրոսը երկու մասի էր բաժանվել։ Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետությունն այս պահին ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։