Facebook-ն այս չորեքշաբթի հայտարարել է, որ Ավստրալիայի օգտատերերը սոցիալական ցանցում տեղական և միջազգային լուրեր տարածելու հնարավորություն այլևս չեն ունենա։ Արգելքի պատճառը Ավստրալիայում շրջանառվող օրինագիծն է, որն ընդունվելու դեպքում խոշոր ինտերնետային ընկերություններին կստիպի վճարել ԶԼՄ-ներին՝ իրենց հարթակներում վերջիններիս նյութերը տարածելու և հղում տալու համար։
«Չնայած շատերը հակառակն են պնդում, Facebook-ը չի գողանում լրատվությունը։ Լրատվականներն են որոշում իրենց նյութերով կիսվել Facebook-ում», – ասել է Ֆեյսբուքի՝ լրատվամիջոցների հետ համագործակցության գծով փոխնախագահ Քեմփբել Բրաունը՝ հավելելով, որ առաջարկված օրենքը հաշվի չի առնում հարթակի և լրատվականների «հիմնաքարային» հարաբերությունները։
Ավստրալիայի պետական պաշտոնյաներն այլ կարծիքի են։
«[Սոցիալական ցանցերը], գուցե, փոխում են աշխարհը, բայց դա չի նշանակում, որ ղեկավարում են այն», – ասել է երկրի վարչապետ Սկոտ Մորիսոնը և նշել, որ ֆեյսբուքի այս որոշումն ազդել է «առողջության վերաբերյալ կարևոր տեղեկատվության և շտապ օգնության ծառայությունների վրա, որոնց էջերը նույնպես արգելքի տակ են ընկել։ Վարչապետի հայտարարությունից հետո էջերից որոշները վերականգնվել են։
Facebook-ից բացի՝ Ավստրալիային սահմանափակումներով էր սպառնում նաև Google-ը, ով խոստացել էր օրենքի ընդունման դեպքում առհասարակ դադարեցնել իր որոնողական համակարգի գործունեությունը։ Սակայն, ի վերջո, ընկերությունը որոշել է գնալ այլ ճանապարհով և երեք տարով պայմանագիր է կնքել ավստրալացի օլիգարխ Ռուփերտ Մըրդոքի՝ News Corp ընկերության հետ, որին, օրինքի ընդունման դեպքում, Google-ը կվճարի իր հարթակում լրատվական նյութեր տեղադրելու համար։ Մեծահարուստ ավստրալացին ի սկզբանե օրենքի ամենաեռանդուն աջակիցներից էր։
Հարկ է նշել, որ Մըրդոքին են պատկանում ոչ միայն Ավստրալիայում, այլև Միացյալ Թագավորությունում և այլ երկրներում հրատարակվող լրատվականների մեծ մասը, որոնցից շատերը տանում են հստակորեն աջ պահպանողական գիծ։