Home / Եկեղեցի / Հռոմի պապը, նրա օգնականը, կաթոլիկ մանկապղծությունն ու ԱՄՆ հատուկ ծառայությունները

Հռոմի պապը, նրա օգնականը, կաթոլիկ մանկապղծությունն ու ԱՄՆ հատուկ ծառայությունները

Ակնկալվում է, որ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի (1978-2005) բազմամյա անձնական խորհրդական, կարդինալ Ստանիսլավ Ձիվիշի գործով Վատիկանում մոտ ժամանակներս հետաքննող հանձնաժողով կստեղծվի։ Քաղաք-պետությունում սպասում են Պապ Ֆրանցիսկոսի կարգադրությանը։ Ձիվիշը կասկածվում է կաթոլիկ եկեղեցում մանկապղծության հարյուրավոր դեպքերի կոծկման մեջ։

Հետաքննող հանձնաժողովի անհրաժեշտությունը հաստատել է լեհական եպիսկոպոսությունը․ դրա հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել նաև ինքը՝ 81-ամյա Ձիվիշը։ Վերջինս պնդում է, որ պարսավանքի արժանի որևէ արարք չի գործել։


Ստանիսլավ Ձիվիշը

Անցյալ տարեվեջից սկսած Լեհաստանը քննարկում է երկրում թողարկված աղմկահարույց (հերթական) հետաքննությունը, ըստ որի Պապի ամենամտերիմ օգնականը տարիներ շարունակ հովանավորել է Սուրբ Աթոռի բարձրաստիճան պեդոֆիլ հոգևորականներին։ 

81-ամյա Ձիվիշի հետ կապված կասկածներն էլ ավելի սրվեցին Թեոդոր ՄքՔերիկի գործով Վատիկանի հրապարակած աննախադեպ զեկույցից հետո։ 

ՄքՔերիկը Վաշինգտոնի արքեպիսկոպոսն էր և առաջին կարդինալը, ով զրկվել է հոգևորական աստիճանից մակապղծության մեջ մեղադրանքների պատճառով։ Ձիվիշի անունն այդ փաստաթղթում հիշատակվում է առնվազն 40 անգամ։ Ենթադրվում է, որ հենց նա է մեծապես նպաստել ՄքՔերիկի կարիերայի առաջխաղացմանը։Կարդինալ Ձիվիշը մեղադրանքները հերքում է։ Նրա պաշտպանները պնդում են, որ կարդինալի շուրջ բարձրացված աղմուկի իրական թիրախը հանգուցյալ Հովհաննես Պողոս II-ն է։ Ակնարկվում է, որ Ձիվիշի դեմ արշավի հետևում կանգնած են ամերիկյան հատուկ ծառայությունները, որոնք փորձում են առաջ տանել կաթոլիկ եկեղեցում «ազատական փոփոխությունների իրենց օրակարգը»։

«Մարդ, որը չկա»

Հովհաննես Պողոս II-ի հետ մտերմության շնորհիվ Ստանիսլավ Ձիվիշը տասնամյակներ շարունակ համարվում էր կաթոլիկ եկեղեցու ամենաազդեցիկ դեմքերից մեկը։

Նրանք ծանոթացել էին 1950-60-ականներին, երբ Ձիվիշն ուսանում էր կրակովյան սեմինարիայում, որտեղ եպիսկոպոս Կարոլ Յուզեֆ Վորտիլյան՝ ապագա Պապ Հովհաննես Պողոս II-ը, փիլիսոփայություն էր դասավանդում։

Սեմինարիայից հետո Ձիվիշը քահանայություն էր անում գյուղական եկեղեցիներում, մոտ երեք տարի անց արդեն Կրակովի արքեպիսկոպոս Կարոլ Վորտիլյան նրան առաջարկում է դառնալ իր անձնական քարտուղարը։

1978 թվականին Վորտիլյան դառնում է Հռոմի պապ և իր հետ Վատիկան է տանում նաև իր մտերին օգնականին։ 


Կարոլ Վորտիլյայի Պապ ընտրվելու պահից նրա օգնականը (ձախից) ուղեկցում էր գրեթե բոլոր հանդիսավոր միջոցառումներին և միջազգային ուղևորություններում

Երկար տարիներ Ձիվիշը Վատիկանի կառույցներում որևէ ֆորմալ պաշտոն չի զբաղեցնում, սակայն հենց նա է կազմում Պապի օրակարգը, ուղեկցում նրան բազմաթիվ արտասահմանյան ուղևորություններում և, շատերի կարծիքով, փրկում Պապի կյանքը 1981 թվականի մահափորձի ժամանակ։

Ինքը՝ Ձիվիշը, իր տեղը Պապի կողքին այլ կերպ էր սահմանում։

«Երբ ինձ հարցնում էին, ինչում է Պապի քարտուղարի դերը, ես պատասխանում էի՝ Սուրբ Հոր դռները բացելու մեջ», – ասում էր կարդինալը՝ ինքն իրեն անվանելով «մարդ, որը չկա»։

Հովհաննես Պողոս II-ը մահանում է 2005 թվականին։ Ձիվիշը վերադառնում է Լեհաստան՝ գլխավորելու Կրակովի հեղինակավոր եպիսկոպոսությունը, և գիրք գում հանգուցյալ պապի կյանքի և գործերի մասին։ 2006 թվականին Ձիվիշին շնորհվում է Պապից հետո հոգևոր ամենաբարձր՝ կարդինալի կոչումը։

2014 թվականին հրատարակված ևս մի գրքում Ձիվիշը հրապարակում է Հովհաննես Պողոս II-ի անձնական օրագրությունները, թեև ինքը՝ Պապը, կտակում կարգադրել էր դրանք այրել։

2016 թվականին Սնանիսլավ Ձիվիշը գնում է հանգստի։ Այս կարգավիճակը նրան չէր արգելում մասնակցել ներկայացուցչական միջոցառումների և աշխատել կրակովյան կուրիայում։ 

Իտալական մամուլի կողմից ժամանակին «Գորշ կարդինալ» կոչումը ստացած Ստանիսլավ Ձիվիշի գործունեության վերաբերյալ լրագրողների մոտ արդեն վաղուց էին հարցեր ծագել։ Բայց մինչև վերջերս նրան հասցեագրված նախատանքները ամբողջական չէին և վերաբերում էին իր՝ առանձին սկանդալների հետ առնչությանը, ինչն էլ Ձիվիշը հետևողականորեն ժխտում էր։

2020-ի նոյեմբերին՝ լեհական TVN24 հեռուստականալի՝ «Դոն Ստանիսլաո․ կարդինալ Ձիվիշի երկրորդ դեմքը» հետաքննության թողարկումից հետո, ամեն բան փոխվեց։ 

Հետաքննությունում առանցքային դեր ուներ «Քրիստոսի լեգեոնը»՝ ազդեցիկ կաթոլիկ միաբանություն, որի շուրջ դարասկզբին մանկապղծության հետ կապված խոշոր սկանդալ էր բռնկվել։

«Քրիստոսի լեգեոնը»

«Քրիստոսի լեգեոն» կաթոլիկ ուլտրակոնսերվատիվ ընկերակցությունը հիմնվել է 1941 թվականին՝ մեքսիկացի հոգևորական Մարսիալյա Մասիելյա Դեգոլյադոյի կողմից։ 2000-ականների սկզբին ընկերակցությանն անդամակցում էր շուրջ 70 հազար մարդ, դրա ստորաբաժանումները գործում էին աշխարհի ավելի քան 2 տասնյակ պետություններում։

«Լեգեոներների» առաջնորդը հայտնի էր որպես խարիզմատիկ քարոզիչ, ով ընկերություն էր անում մի քանի երկրների ազդեցիկ քաղաքական գործիչների հետ և համարվում ժամանակակից եկեղեցու պատմության ամենահաջողակ ֆանդրեյզերներից մեկը։

Խնդիրները սկսվեցին 1997-ին, երբ «Քրիստոսի Լեգեոնի» նախկին անդամներից միաժամանակ 9-ը հրապարակավ մեղադրեցին Մարսիալյային սեռական ոտնձգությունների մեջ։

Դավանանքի վարդապետության կոնգրեգացիան (Congregatio pro Doctrina Fidei)՝ Վատիկանի բարոյականության անարատության յուրօրինակ «նախարարությանը», որն այն ժամանակ ղեկավարում էր կարդինալ Յոզեֆ Ռատցինգերը՝ ապագա Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը, դեպքի առթիվ հետաքննությունն նախաձեռներց և մի քանի ամիս անց անհայտ պատճառներով այն կասեցրեց։

2019 թվականի փետրվարին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմել էր, որ մի անգամ Հովհաննես Պողոս II-ը «կրոնական մի կազմակերպությունում» սեռական և տնտեսական հանցագործությունների հարցով խորհրդակցություն էր հրավիրել։ Նշվում էր, որ Ռատցինգերը այդ ընկերակցությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր էր ներկայացրել, որոնք խորհդակցությունից հետո հրահանգել էր տանել արխիվ, քանի որ «հաղթել է մյուս կողմը»։ Հռոմի պապ դառնալուց հետո նա կարգադրել էր դրանք անհապաղ հանել արխիվից։

Շատերը սա մեկնաբանել էին որպես ուղիղ ակնարկ, թե «Լեգեոնների» հովանավորչությամբ զբաղվում էր հենց Հովհաննես Պողոս II-ը։ Ֆրանցիսկոսը հանդես եկավ պարզաբանմամբ․ նա հաստատեց, որ խոսքն իսկապես Մարսիալյայի միաբանության մասին էր, բայց և նշեց, որ այն ժամանակվա Հռոմի պապը՝ Հովհաննես Պողոս II-ը, վերոհիշյալ խորհդրակցությանը ներկա չէր։

Ամեն դեպքում 2006 թվականին՝ արդեն Բենեդիկտոս XVI-ի պապության օրոք, Դավանանքի վարդապետության կոնգրեգացիան Մարսիալյա Մասիելյային ուղարկեց աղոթքի և ապաշխարանքի մեջ մեկուսանալու։ 

Վատիկանի՝ 2019 թվականին հրապարակած զեկույցում նշվում էր, որ մի քանի տասնամյակների ընթացքում «Քրիստոսի լեգեոնի» 33 հոգևորականների կողմից սեռական բռնության է ենթարկվել 175 անչափահաս․ անձամբ Մարսիալյան պղծել է առնվազն 60 երեխայի։ 

Ինչպե՞ս է Վատիկանին հաջողվել տասնամյակներ շարունակ չնկատել այն սարսափը, որ տեղի էր ունենում աշխարհի ամենահայտնի կաթոլիկ կազմակերպություններից մեկում։ Եկեղեցու քննադատները նշում էին, որ գաղտնիքը դրամային անձրևի մեջ էր, որով «լեգեոներները» օծում էին Սուրբ աթոռը։


Մարսիալյա Մասիելյա Դեգոլյադոն (ձախից) և Պապ Հովհաննես Պողոս II-ը

Լեհական TVN24-ի հետաքննությունում այս վարկածը հաստատում է ամերիկացի լրագրող, «Քրիստոսի լեգեոնները» հետաքննող Ջեյսոն Բերրին։ Վերջինս պնդում է, որ Ստանիսլավ Ձիվիշը բամիցս խոշոր պարգևներ է ստացել «լեգեոներներից»՝ միաբանության մեծահարուստ հովանավորներին Հովհաննես Պողոս II-ի՝ Վատիկանի առաքելական պալատի մատուռում կազմակերպած մասնավոր ժամերգություններին հյուրընկալելու դիմաց։ 

«Լեգեոներների» և Ձիվիշի կապը, եթե հավատանք հետաքննությանը, չի ընդհատվել անգամ Պապ Հովհաննես Պողոս II-ի մահից հետո։ Լրագրողները պնդում են, որ 2006 թվականին հենց «Լեգեոններն» են ֆինանսավորել Ձիվիշին կարդինալական աստիճան շնորհելուն նվիրված ընդունելությունը, որ տեղի է ունեցել նրանց Հռոմի կեցավայրում։

Ձիվիշը հերքում է այս մեղադրանքները և պնդում, որ բոլոր նվիրատվությունները ըստ կարգի ֆիքսվել և հաշվառվել են։

Լեհական հետաքննության մեջ կարևոր դեր է զբաղեցնում նաև հոգևորական Թեոդոր ՄքՔերիկի և Ստանիսլավ Ձիվիշի կապը։ Կարդինալ ՄքՔերիկի կարիերային աճը լրագրողները ևս պայմանավորում են Ձիվիշի հովանավորչությանբ։

ՄքՔերիկը, հիշեցնենք, երկու տարի առաջ՝ անչափահասների նկատմամբ սեռական բռնության առթիվ հարուցված ստուգման արդյունքում, զրկվել է հոգևոր աստիճանից, բոլոր պաշտոններից և պարգևներից։

ՄքՔերիկի գործը

Վաշինգտոնի նախկին արքեպիսկոպոս Թեոդոր ՄքՔերիկը կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին կարդինալն է, որ պեդոֆիլիայի մեջ մեղադրվելուց հետո զրկվել է հոգևոր ստիճանից։

2020-ի նոյեմբերին՝ Ձիվիշին նվիրված լեհական հետաքննության հանրայնացմանը զուգահեռ Վատիկանը հրապարակել է ՄքՔերիկի գործով իր 450 էջանոց զեկույցը։

1990-ականների վերջերին դեռևս Նյուարկի արքեպիսկոպոս ՄքՔերիկը ԱՄՆ-ում կաթոլիկ եկեղեցու ամենահայտնի դեմքերից մեկն էր։ ՄքՔերիկը լուրջ կապեր ուներ ամերիկյան քաղաքական վերնախավի հետ, որոնց միջոցով եկեղեցի էին հոսում տասնյակ միլիոնների նվիրատվություններ։ Նա հայտնի եկեղեցական դիվանագետ էր, ով եպիսկոպոսական պատվիրակությունների կազմում այցելել էր տասնյակ երկրներ, այդ թվում՝ Բոսնիա, Չինաստան, Ռուսաստան, Ուկրաինա։

Որոշ ժամանակ նա անդամակցում էր ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության կառավարական հանձնաժողովին։ Վատիկանի հեղինակած զեկույցի համաձայն՝ 1980-ականների սկզբին ՄքՔերիկի հետ փորձել է մտերմանալ ՄԱԿ-ում ԽՍՀՄ պատվիրակության ղեկավարի տեղակալը, ով, իրականում, ԿԳԲ գաղտնի գործակալ էր։ Հավաքագրման փորձից անմիջապես հետո կաթոլիկ հոգևորականի հետ կապվել են նաև ՖԲՌ-ից և առաջարկել նրան դառնալ կրկնակի գործակալ։

Ինչ հանգուցալուծում է ունեցել այս տարօրինակ պատմությունը՝ Վատիկանի զեկույցում չի նշվում։ 

Այն, որ 1995-ի հոկտեմբերին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը նախագահ Բիլ Քլինթոնի հետ միասին այցելել է հենց նրա՝ Նյուարկում գտնվող տաճարը, նույնպես վկայում է ՄքՔերիկի դերի և ազդեցության մասին։


Թեոդոր ՄքՔերիկը (ձախից) և Պապ Հովհաննես Պողոս II-ը

Բացի այդ՝ ՄքՔերիկը հայտնի էր որպես ճեմարանի համար երիտասարդների հաջողակ հավաքագրող։ New York Times-ը՝ հղվելով նրա գործընկերներին, պատմում էր, թե ինչպե է նա մի անգամ համոզել հոգևորական դառնալ մի երիտասարդի, ում պատահաբար հանդիպել էր օդանավակայանում։

Զարմանալի չէ, որ ՄքՔերիկի թեկնածությունը մի քանի անգամ դիտարկվել է մեծ ու հեղինակավոր եպիսկոպոսությունների (ասենք Չիկագոյում կամ Նյու Յորքում) ղեկավարի թափուր տեղի համար։ Բայց Վատիկանի ընտրությունն ամեն անգամ ուրիշի վրա է կանգ առել։ 

Պատճառներից մեկը կարող էր լինել հոգևոր պետի՝ «եղբորորդիների» հետ (այդպես էր նա անվանում երիտասարդ սեմինարիստներին) մեկ անկողնում գիշերելու արտառոց սովորությունը, մյուսը՝ մի քանի անանուն նամակները՝ հասցեագրված Եպիսկոպոսների ազգային համաժողովին և ԱՄՆ-ում առաքելական նվիրակին (Վատիկանի դեսպանին), որոնցում ՄքՔերիկը մեղադրվում էր պեդոֆիլիայի մեջ։

2000 թվականին ՄքՔերիկը կրկին իրադարձությունների կենտրոնում էր․ Վատիկանը նրա թեկնածությունը քննարկում էր Վաշինգտոնի արքեպիսկոպոսի պաշտոնում։ Կրկին ուսումնասիրելով նրա դոսյեն և խորհդակցելով ամերիկյան եպիսկոպոսների հետ՝ Հովհաննես Պողոս II-ը համարեց, որ չափազանց բարձր ռեպուտացիոն ռիսկերի բերումով նրա նշանակումը նպատակահարմար չէ։

Եվ հենց այս պահին, ասվում է Վատիկանի զեկույցում, ՄքՔերիկը երեք էջանոց մի նամակ է գրում Պապի ամենամտերիմ օգնականին՝ եպիսկոպոս Ստանիսլավ Ձիվիշին, որի հետ ծանոթ էր դեռևս 70-ականներից։

«Ես համոզված եմ, որ սխալներ եմ թույլ տվել և, հավանաբար, որոշակի անշրջահայացություն դրսևորել, բայց կյանքիս 70 տարիների ընթացքում ես սեռական կապ չեմ ունեցել որևէ մարդու հետ՝ ո՛չ կնոջ, ո՛չ տղամարդու, ո՛չ երիտասարդ, ո՛չ տարեց, ո՛չ կղերիկ, ո՛չ աշխարհիկ», – գրել է ՄքՔերիկը։

Համարվում է, որ այս նամակն առիթ է դարձել, որպեսզի Հովհաննես Պողոս II-ը փոխի իր դիրքորոշումը և 2000 թվականի վերջում նրան Վաշինգտոնի արքեպիսկոպոս նշանակի, իսկ 2001-ի սկզբին՝ շնորհի կարդինալի տիտղոս։

Իսկ 2017-ի սկզբին նյույորքյան արքեպիսկոպոսությունը բողոք է ստանում մի տղամարդուց, ով գրում է, որ տարիներ առաջ ՄքՔերիկը ոտնձգության է ենթարկել իրեն՝ այն ժամանակ դեռ 16 տարեկան պատանուն։ 

Հատուկ հանձնաժողովը հաստատում է բողոքի հիմնավորվածությունը, և ՄքՔերիկը, նախ, կորցնում է կարդինալի տիտղոսը, իսկ հետո, երբ համանման վկայություններով հանդես են գալիս հոգևոր պետի մյուս զոհերը, առհասարակ զրկվում է հոգևոր աստիճանից։ 

Այժմ 90-ամյա Թեոդոր ՄքՔերիկն ապրում է մեկուսացման մեջ՝ ԱՄՆ Կանզաս նահանգի ծայրագավառներից մեկում գտնվող վանքում։ Վերագրվող հանցանքներում նա իրեն մեղավոր չի ճանաչում։


Փիլոնազրկված հոգևորականը

Ինչո՞ւ էր, ամեն դեպքում, Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը որոշել նշանակել նրան Վաշինգտոնի արքեպիսկոպոս և ի՞նչ դեր է այս որոշման մեջ խաղացել Ստանիսլավ Ձիվիշը։

TVN24-ի լրագրողները հիշեցնում են՝ 2000 թվականին Հովհաննես Պողոս II-ը լուրջ առողջական խնդիրներ ուներ և, հավանաբար, չէր կարող անձնական վերահսկողության տակ պահել Վատիկանի կադրային քաղաքականությունը, ուստի՝ նրա անձնական քարտուղարի և ամենամտերիմ օգնականի դերն այս հարցում կարող էր կրկին վճռորոշ լինել։

Լեհական հետաքննության հեղինակները ենթադրում են, որ Ձիվիշի ներգրավվածության հիմքում ՄքՔերիկի հետ նրա երկարամյա ընկերությունը չէր միայն։ Նրանք զրուցել են Ջեյմս Գրեյնի հետ, ով 2018 թվականին հայտնել էր, որ 11 տարեկանից սկսած՝ 20 տարի շարունակ սեռական բռնության է ենթարկվել ՄքՔերիկի կողմից։ Գրեյնը, ով ուղեկցել էր ՄքՔերիկին Հռոմ կատարած իր ուղևորություններից մեկի ժամանակ, TVN24-ին տված իր հարցազրույցում պնդել է, որ այդ ժամանակ ամերիկացի կարդինալը ծրարների մեջ մեծ գումարներ էր տարել Վատիկան, այդ թվում՝ իբր նաև Ձիվիշի համար։

Ձիվիշը պնդում է, որ բոլոր նվիրատվությունները պատշաճորեն անցել են Վատիկանի հաշվապահության միջով, անձամբ ինքը որևէ գումար չի ստացել։ 

«Դիմադրության պատի վճռական աղյուսը»

Սեռական բռնությունների համար հոգևորականներին ուղղված մեղադրանքները Լեհաստանում մեծ աղմուկ էին բարձրացրել դեռևս 2000-ականների սկզբին։

Խոսքն այն ժամանակ Պոզնանի արքեպիսկոպոս Յուլիուշ Պեցի մասին էր, ով մեղադրվում էր սեմինարիստների և երիտասարդ քահանաների նկատմամբ ոտնձգությունների մեջ։

Նամակները, որ այդ առթիվ ստանում էր Վատիկանը, մնում էին անպատասխան։ Իրավիճակը փոխվեց միայն այն բանից հետո, երբ Հովհաննես Պողոս II-ի ուսանողական մտերիմ ընկերուհին՝ պրոֆեսոր Վանդա Պուլտավսկայան, ժամանեց Հռոմ և անձամբ՝ առնձեռն փոխանցեց Հռոմի Պապին Պոզնանում տեղի ունեցողը նկարագրող մի նամակ։


Յուլիուշ Պեցը (ձախից)

Միայն այդ ժամանակ Վատիկանի դեսպանորդները ժամանեցին Պոզնան։ 2020 թվականի մարտին Պեցը հոժարակամ հրաժարական ներկայացրեց։

Վատիկանը տարիներ շարունակ անտեսել է Պոզնանից եկող տագնապալի ազդանշանները․ այն մասին, որ դրան մեծապես նպաստել է Պապի օգնական Ձիվիշը՝ հայտարարել է նաև Լեհաստանի վարչապետ Յարոսլավ Գովինը, ով 2000-անների սկզբին զբաղվում էր լրագրությամբ։

Հարցերի տեղիք էր տալիս նաև Ձիվիշի ներգրավվածությունը հայր Յան Վոդնյակի աղնկահարույց գործում․ վերջինս 40 տարի շարունակ քահանա է աշխատել Լեհաստանի լեռնային գյուղերից մեկում՝ Մենձիբրոջում և, ինչպես նշվում է Onet պարբերականի հետաքննությունում, հետապնդել է տեղացի երեխաներին։

48-ամյա Յանուշ Շմիկը պատմել է, որ 1980-ականներին Վոդնյակը հարյուրավոր անգամներ իրեն՝ այն ժամանակ դեռ պատանի տղային, դրդել է սեռական հարաբերությունների։ Արդարության հասնելու մի քանի անհաջող փորձերից հետո Շմիկը հանդիպել է Լեհաստանում հայտնի հոգևորական Թադեուշ Իսակովիչ-Զալեսկիի հետ։ 

2012-ի ապրիլին վերջինս Շմիկի պատմությունը մանրամասնորեն ներկայացնող փաստաթղթեր է փոխանցել Ստանիսլավ Ձիվիշին, որն այն ժամանակ ղեկավարում էր Կրակովի թեմը, որի ենթակայությամբ էր գործում նաև Վոդնյակի ծուխը։ Սակայն, ինչպես պնդում է Իսահակովիչ-Զալեսկին, Ձիվիշն այդ հաղորդումն անտեսել է։ 

Յան Վոդնյակը հեռացվել է գյուղի եկեղեցու ավագ քահանայի պաշտոնից 2014 թվականին։ Մի քանի տարի անց միայն եկեղեցու ծխականներին հայտնեցին, որ 70-ամյա քահանան պատժվել է Դավանանքի վարդապետության կոնգրեգացիայի կողմից և «կրում է կանոնական վճռով նախատեսված պատիժը մեկուսացման վայրում»։

Ինչ է ասում Ձիվիշը

Չնայած TVN24-ի հետաքննությունը զուտ համակարգել էր Ստանիսլավ Ձիվիշին արդեն ավելի վաղ առաջադրված մեղադրանքները, դրա ազդեցությունը Լեհաստանում համեմատելի էր տեղեկատվական ռումբի պայթյունի հետ։ 

Հետաքննության հեռարձակման արդեն հաջորդ օրը լեհական եկեղեցու եպիսկոպոսության համաժողովի ղեկավար, արքեպիսկոպոս Ստանիսլավ Գոդեցկին հայտարարել է․ «Հուսամ՝ բոլոր այն կասկածները, որոնց մասին խոսվում է այս հետաքննության մեջ, կփարատվեն Առաքելական մայրաքաղաքի համապատասխան հանձնաժողովի կողմից»։

Կարդինալ Ձիվիշն անմիջապես հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել այն անկախ հանձնաժողովի հետ, որ կստուգի իրեն հասցեագրված մեղադրանքները։

«Ես երբեք, կրկնում եմ` երբեք պապական ժամերգություններին մասնակցության դիմաց գումար չեմ վերցրել։ Ես երբեք, ընդգծում եմ` երբեք, գումար չեմ ստացել Սուրբ հոր բարձրագույն ուշադրությանն արժանի գործողություններն ու փաստերը քողարկելու համար։ Երբեք ու ևս մեկ անգամ երբեք անարժան մարդկանց նախապատվություն չեմ տվել հանուն նվիրաբերությունների, որոնք տեղավորվում են բարտերի ինչ-որ այլասերված տրամաբանության մեջ», – ասված էր Ձիվիշի հայտարարությունում։

Մի քանի օր անց լեհական կաթոլիկ պահպանողական Ordo iuris կազմակերպության կայքում հայտնվում է Ձիվիշին ուղղված մեղադրանքների ծավալուն վերլուծությունը։ Դրա հեղինակը՝ Լուբլինի կաթոլիկ համալասարանի դասախոս Միխալ Սկվաժինսկին, գրում է, որ իր աշխատությունը պատրաստելու ընթացքում խորհրդակցել է հենց Ձիվիշի հետ և օգտվել վերջինիս անձնական արխիվի փասաթղթերից։ Այդ պատճառով, ըստ լեհական ԶԼՄ-ների, այս վերլուծությունը կարելի է համարել Ձիվիշի ընդարձակ պատասխանն իրեն նվիրված հետաքննությանը։ 

Սկվաժինսկու վերլուծությունը պնդում է, որ ՄքՔերիքի և «Քրիստոսի Լեգեոնների» հիմնադիր Մարսիալյա Մասիելյայի մակարդակի ֆիգուրների հետ համագործակցությունը մտնում էր Վատիկանի կոնգրեգացիաների լիազորությունների մեջ, այլ ոչ Պապի անձնական քարտուղարի։

Տարբեր մարդկանցից և կազմակերպություններից ֆինանսական նվիրատվություններ, իհարկե, հասնում էին Հռոմ, սակայն դրանք բոլորը սահմանված կարգով գրանցվում էին Վատիկանի պետական քարտուղարի կողմից։ Այնպես որ, եզրափակում է փաստաթուղթը, Ձիվիշի նկատմամբ կոռուպցոն բոլոր մեղադրանքներն անհիմն են։

Սկվաժինսկու զեկույցն առաջին անգամ խոստովանում է, որ Իսակովիչ-Զալեսկու՝ հոգևորական պեդոֆիլ Յան Վոդնյակին վերաբերող նամակն, այնուամենայնիվ, գտնվել է կրակովյան կուրիայի արխիվներում։ Ավելի վաղ Ձիվիշը բազմիցս պնդել է, որ չի հիշում նման նամակի մասին։ 

Բայց, ինչպես նշվում է, 2012-ին Ձիվիշը համարել է, որ բողոքը վերաբերում է ոչ թե Կրակովի եպիսկոպոսությանն, այլ Բելսկո-Ժիվեցկայայի, և ուղարկել այն այնտեղի եպիսկոպոսին։ Ուստի, ամփոփում է Սկվաժինսկու տեքստը, չի կարելի մեղադրել Ձիվիշին նրանում, որ նա Մենձիբրոջի պեդոֆլիայի գործին ընթացք չի տվել։ 

Ինչպես ի վերջո պարզվեց՝ լեհական իրավապահները ևս Ձիվիշին ուղղված ֆորմալ պահանջ չունեն։

Նոյեմբերին՝ TVN24-ի հետաքննության հանրայնացումից հետո, Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Լուկաշ Կոխուտը կրակովյան դատախազությանը տեղեկացրել է կարդինալի կողմից կատարված հնարավոր հանցագործության մասին։ 2021 թվականի հունվարին դատախազությունը պատասխանել է՝ գործ հարուցելու համար հիմքեր չկան, քանի որ Ձիվիշը, 2006-2012 թվականներին գործած օրենսդրության համաձայն, նման հանցագործությունների մասին ոստիկանությանը կամ դատախազությանը հաղորդում ներկայացնելու պարտավորություն չուներ։ 

Ամերիկայի ձեռքը

Սկվաժինսկու վերլուծության ամենահետաքրքրական մասը վերաբերում է Ստանիսլավ Ձիվիշի նկատմամբ «տեղեկատվական հարձակման» պատճառներին և ենթադրյալ հետևանքներին։

Փաստաթուղթը հերքում է Ձիվիշի մասնակցությունը Թեոդոր ՄքՔերիկի կայրերային աճին և առաջ քաշում մի այլընտրանքային վարկած՝ ամերիկյան հոգևոր պետի առաջխաղացման գործում առանցքային դեր են խաղացել ԱՄՆ հատուկ ծառայությունները։

«Ամերիկյան հատուկ ծառայությունները պիտի որ տեղյակ լինեին ՄքՔերիկի նույնասեռականության մասին, և նրանք հետաքրքրված էին, որ Վաշինգտոնի արքեպիսկոպոս դառնա մեկը, ում վրա նրանք կարող էին ազդեցություն ունենալ կամ շանտաժի ենթարկել», – գրված է Սկվաժինսկու զեկույցում։


Թեոդոր ՄքՔերիկը (ձախից) ամենատարբեր ոլորտներում մեծաթիվ կապեր ուներ։ 2002 թվականին արված այս լուսանկարում նա ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի, ազգային անվտանգության հարցերով վերջինիս խորհրդական Կոնդոլիզա Ռայսի և U2 խմբի մենակատար Բոնոյի հետ հեռանում է Միջամերիկյան զարգացման բանկի միջոցառումից:

Իսկ ինչո՞ւ էին ամեիկյան հատուկ ծառայություններն ուզում ազդել կամ շանտաժի ենթարկել կաթոլիկ եկեղեցուն։

Ըստ այս վարկածի՝ պատճառը «ազատական աշխարհահայացքն» է, որը խթանվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Զեկույցի հեղինակները գրում են, որ մյուս կրոնները իրենց դավանանքն արդեն իսկ հարմարեցրել են լիբերալների ակնկալիքներին։

Զեկույցի հեղինակը հարցնում է՝ իսկ ի՞նչն է խանգարում կաթոլիկներին նահանջել իրենց ամուր դիրքերից, օրինակ, աբորտների, ամուսնալուծությունների կամ գեյ-ամուսնությունների հարցում։ Եվ անմիջապես պատասխանում՝ անշուշտ, աստվածաբանական հիմնավորումները, որոնք տրվել են, ինչպես հեղինակն է գրում, ինտելեկտուալ և գիտական տեսանկյունից անվանի հսկաների՝ պահպանողական Հովհաննես Պողոս II-ի и Բենեդիկտոս XVI-ի Պապերի կողմից։

Վիճարկել նրանց հիմնավորումները, ըստ նրա, անհեռանկար գործ է։ Ուստի լիբերալները՝ ի դեմս, հավանաբար, ԱՄՆ հատուկ ծառայությունների և հռոմյան կուրիայի մի մասի, որոշել են հարցին այլ կողմից մոտենալ և վարկաբեկել այդ հսկաների անունները՝ համոզելով հասարակությանը, որ Հովհաննես Պողոս II-ը и Բենեդիկտոս XVI-ը քողարկում էին մանկապղծությունը։

«Անշուշտ, նման կտրուկ թեզից սկսելը ճիշտ չէ, – ասվում է զեկույցում․ – Ուստի՝ անհրաշետ է հարցադրել, կասկածներ սերմանել, ուսումնասիրել շրջապատը և նույնիսկ պաշտպանել՝ իբր, շրջապատն է մեղավոր, այլ ոչ թե Հովհաննես Պողոս II-ն ու Բենեդիկտոս XVI-ը․․ Իսկ երբ պեդոֆիլիայի պիտակ հաջողվի կպցնել, նախ, Հովհաննես Պողոս II-ին, իսկ հետո նաև Բենեդիկտոս XVI-ին, նրանց հնարավոր կլինի damnatio memoriae հայտարարել։ Լատիներեն այս տերմինը նշանակում է «հիշողության անեծք»։ Այդպես էր կոչվում պետական հանցագործների նկատմամբ հին հռոմեական պատժամիջոցը, որը ենթադրում էր իրենց գոյությանը վերաբերող նյութական բոլոր վկայությունների՝ արձանների, տարեգրություններում հիշատակումների, գերեզմանաքարերի վրա արված գրությունների և երբեմն էլ ընտանիքի կենդանի անդամների ոչնչացում։

Զեկույցի հեղինակի տրամաբանությունից հետևում է, որ սևացնելով լեհ Պապի օգնականին՝ եկեղեցու որոշ թշնամիներ կկարողանան այնուհետև հեղինակազրկել հենց Հովհաննես Պողոս II-ին, իսկ հետո՝ նրա տեսական ժառանգությունը։

Հարկ է հաշվի առնել, որ ինքը՝ Ստանիսլավ Ձիվիշը, ֆորմալ առումով զեկույցի հեղինակ չի հանդիսանում, հետևաբար չի կարելի պնդել, որ անձամբ նա սատարում է դրանում ներկայացված տեսությունը։ Այնուամենայնիվ, իր հայտարարություններում Ձիվիշը միանշանակ իրեն հասցեագրված մեղադրանքները կապում է չարակամների՝ Հովհաննես Պողոս II-ի հիշատակն անարգելու փորձերի հետ։ 

Տեքստը հիմնվում է BBC-ի ամփոփիչ հոդվածի վրա