Անցյալ տարվա նոյեմբերի 10-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակման մեջ մեղադրվող Ժ․ Ս․-ն նորից կալանավորվել է։
Նոյեմբերի 12-ին Ժ.Ս.-ին Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (Զանգվածային անկարգությունները) և 301.1 հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) մեղադրանք էր առաջադրվել՝ ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու, ինչպես նաև Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Հաջորդ օրը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը և Ժ.Ս-ն կալանավորվել էր 2 ամիս ժամանակով:
Սակայն շուրջ մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 17-ին Վերաքննիչ դատարանը բավարարել էր Ժ․ Ս․-ի պաշտպանի բողոքն այս որոշման դեմ և մեղադրյալն ազատ էր արձակվել։
Գլխավոր դատախազի տեղակալն իր հերթին այս որոշման դեմ ներկայացրել էր վճռաբեկ բողոք, որ այսօր բավարարվել է։ Ժ․ Ս․-ն, այսպիսով կալանավորվել է։