Nike ընկերությունը դատական կարգով արգելել է «Satan Shoes» սպորտային կոշիկների վաճառքը, որոնց ներբաններում կա մարդու ամենաիսկական արյուն։
«Սատանայական կոշիկների» ամբողջ խմբաքանակը՝ 666 զույգ, ճիշտ է՝ արդեն վաճառված է։ Ինչպես հավաստիացնում են հեղինակները՝ բրուքլինյան նկարիչների MSCHF խումբն ու հայտնի ռեփեր Lil Nas X-ը, խմբաքանակը սպառվել է դեռ անցած երկուշաբթի՝ մոտ մեկ րոպեում։ Մարզակոշիկները ստեղծվել էին Nike Air Max 97-ի հիման վրա և վաճառվել 1018 դոլարով։
Հեղինակային տարբերակում ներբանների օդային փուչիկները լցված են 3 խորանարդ սանտիմետր կարմիր թանաքով, որին խառնված է մեկ կաթիլ մարդկային արյուն։ Արյունը հոժարակամ հանձնել են արտ-կոլեկտիվի անդամները։ Կոշիկների քուղերից բրոնզե պենտագրամ է կախված, իսկ կողքի հատվածում երևում է «LUKE 10:18» մակագրությունը․ սա հղում է ավետարանում Ղուկասի տողերից մեկին՝ «Ես տեսել եմ սատանային՝ երկնից ընկած, իբրև կայծակ»։
Nike-ը կոլեկտիվին մեղադրել է ապրանքանիշի ապօրինի օգտագործման մեջ։ Ընկերությունը հայց է ներկայացրել Նյու Յորքի Արևելյան շրջանի դատարան, և դատավորը վճռել է ժամանակավորապես արգելել հավաքածուի վաճառքը։
Սև և կարմիր սպորտային կոշիկները վաճառքի էին հանվել երկուշաբթի՝ YouTube-ում Lil Nas X-ի նոր տեսահոլովակի պրեմիերայից 3 օր անց։ Montero (Call Me By Your Name) կոչվող երգի հոլովակում ռեփերը ստրիպտիզի ձողով դրախտից դժոխք է իջնում, նրա ոտքերին «սատանիստական կոշիկներն են»։
Սատանիստական կոշիկները մեծ աղմուկ են բարձրացրել սոցցանցերում և առաջ բերել ամերիկյան պահպանողականների լայն արձագանքը։ Քննադատություններ են հնչել Հարավային Դակոտայի նահանգապետ Քրիստի Նոեմի և մի քանի հոգևորականների կողմից։
«Մեր երեխաներին ասում են, որ նման ապրանքները պարզապես նորմալ չեն, այն «բացառիկ» են: Բայց գիտե՞ք՝ որն է ավելի բացառիկ. Աստծո կողմից տրված հավերժական հոգին», – գրել է նահանգապետը:
https://twitter.com/govkristinoem/status/1376239196709478400
Lil Nas X-ն ի պատասխան կիսվել է մի քանի մեմով և կրոնական միջոցառումներում նկարահանված հոլովակներո, որոնցում բեմից պատմում են իր համահեղինակած կոշիկների մասին։
«Մենք համավարակի մեջ ենք, մեզ մոտ ամեն շաբաթ զանգվածային սպանություններ են տեղի ունենում, իսկ դուք եկեղեցում հավաքվել եք, որ կոշիկներ քննարկեք», – կից գրառման մեջ եզրակացրել է ռեփերը։
https://twitter.com/LilNasX/status/1376731820067184642