Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիային վերաբերող փաստաթղթի քննարկման շրջանակներում հայկական կողմն անցյալ շաբաթ 2 առաջարկ է արել․ բոլոր գերիների վերադարձ ու ադրբեջանական զորքերի դուրսբերում Հայաստանի տարածքից։ Այդ առաջարկները մնացել են անարձագանք, Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի զորքերը, ԶՈՒ ստորաբաժանումները պետք է դուրս գան մեր սահմանից անդին, այլ տարբերակ չկա, չի քննարկվում և չի կարող քննարկվել: Ես չգիտեմ, թե ում հետ է համաձայնեցվել այս ծրագիրը։ Ենթադրում եմ, որ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացնել, և ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, ոմանց հետ նախապես համաձայնեցվել է այս ծրագիրը», – ասել է Փաշինյանը:
ՀԱՊԿ-ի «արագությունը մեզ չի բավարարում»
Ադրբեջանցի զինվորականների՝ Հայաստանի տարածք ներխուժելուց հետո Հայաստանի կառավարությունը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ, Նիկոլ Փաշինյանը դիմել է նաև անձամբ Վլադիմիր Պուտինին՝ ռազմական օգնության հայցով։ Ինչպես նշում էր Փաշինյանը՝ կառավարությունը այս որոշմանն է հանգել, այդ թվում նաև ռազմական բախումը բացառելու նպատակով։
Գրեթե երկու շաբաթ է անցել․ հայկական կողմը, ինչպես ԱԺ այսօրվա նիստին նշեց վարչապետի պաշտոնակատարը, ՀԱՊԿ անդամ երկրներից շարունակում է «հստակ հրապարակային դիրքորոշում ակնկալել»։
«․․․ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ և մեր գործընկերների հետ իրավիճակի հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել:
Նախնական մտահղացումը, որն ուներ Ադրբեջանը, ես չեզոքացված չեմ համարում, և այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները պետք է հստակ տեղեկացված լինեն և հստակ դիրքորոշում արտահայտեն», – ասել է Փաշինյանը։
Ըստ նրա, թե՛ ՀԱՊԿ անդամ երկրները, թե՛ կազմակերպությունը հստակ դիրքորոշում, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը, առ այժմ չեն հայտնել․ «դիրքորոշումը աշխատանքային մակարդակում արտահայտվել է, սակայն չի արտահայտվել հրապարակային մակարդակում»:
Ըստ վարչապետի ժ/պ-ի, ՀԱՊԿ անդամ երկրնե՛րն են Հայաստանին հորդորել չգնալ ռազմական ճանապարհով իրավիճակի հանգուցալուծման, և Հայաստանը, այդ թվում՝ կազմակերպության անդամ երկրներին ռազմական բախումների մեջ չներքաշելու համար, ցանկանում է հարցը քաղաքական ճանապարհով լուծել:
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին․․․
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, ապա՝ անվտանգության խորհրդին դիմելու հարցին, ըստ Փաշինյանի, քննարկվել է առաջին օրվանից և մնում է քննարկման առարկա։
«Այնտեղ կան նրբություններ, որ նման որոշումներ կայացնելիս պետք է որոշակի կանխատեսելիության տեսադաշտ ունենալ, այսպես ասած նախապես նախապատրաստական աշխատանքներ իրականացնել, և մենք երբեք չենք բացառել և չենք բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակը և խնդիրը լուծելու համար», – ասել է վարչապետի պաշտոնակատարը։
Առաջիկայում, ըստ նրա, սպասվում է պաշտպանության նախարարի պաշտոնակատարի այցը ՌԴ/ «որոշ հարցերի պատասխաններ հայկական կողմը պետք է ստանա Մոսկվայից»:
Ռազմական դրության կարիք այս պահին չկա
Ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն Փաշինյանն այս պային չի տեսնում. «Ռազմական դրություն կարող է, Աստված մի արասցե, իրավիճակի կտրուկ սրման դեպքում տեղի ունենալ, մենք հույս ունենք, որ իրադրությունը ոչ միայն կտրուկ չի սրվի, այլև կստանա այն լուծումը, որի մասին մենք խոսում ենք»: