Ապրիլի 13-ին Երևանի թիվ 11 հատուկ դպրոց չհայտարարված այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արձանագրել է մի շարք խնդիրներ․
• դպրոցի տեղեկությունների համաձայն՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում հեռավար ուսուցման ընթացքում 14 երեխաներ դուրս են մնացել կրթությունից (այցի պահին դպրոցում սովորել է 85 երեխա): Ինչպես տեղեկացրել է դպրոցի վարչակազմը, այս խնդրի գլխավոր պատճառը երեխաների համար ինտերնետ կապի հասանելիության և հեռահաղորդակցության միջոցների բացակայությունն է:
Այս մասին դպրոցը 2020 թվականի հունիսին գրավոր տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և առաջարկել նոր ուսումնական տարում բաց թողնված նյութը լրացնել դպրոցում:
2020 թվականի նոյեմբերին դպրոցը նորից դիմել է նախարարություն՝ առաջարկելով անցնել առկա ուսուցման, քանի որ հեռավար եղանակով ուսուցումը դպրոցի սաների համար արդյունավետ չէ: Մասնավորապես, դպրոցի տեղեկությունների համաձայն՝ հեռավար ուսուցման համալիր heravar.armedu.am կայքէջում հաշվի առնված չեն չափավոր և ծանր մտավոր խնդիրներ ունեցող երեխաների կրթական կարիքները, տեղադրված չեն նրանց համար մատչելի, հասանելի և կարիքներին համապատասխան ուսումնական, ուսումնամեթոդական նյութեր: Առկա ուսուցման անցնելու առաջարկը հիմնավորվել է նաև նրանով, որ երեխաները շուրջօրյա գտնվում են դպրոցում և հանրային տրանսպորտից չեն օգտվում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տվյալներով՝ Նախարարությունը դպրոցի նշված նամակներին չի պատասխանել:
• դպրոցում աշխատող մասնագետների թիմը, այդ թվում՝ հատուկ մանկավարժները, բավարար չեն երեխաների կրթության իրավունքը պատշաճ երաշխավորելու համար: Այսպես, այցի օրվա դրությամբ դպրոցում սովորող 85 երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներն ապահովվել են 1 երաժիշտ-ղեկավարի, 2 հոգեբանի, 1 սոցիալական մանկավարժի, 2 հատուկ մանկավարժի, 1 լոգոպեդի և 1 բուժական ֆիզկուլտուրայի գծով հրահանգչի կողմից: Երեխաների խնամքի կազմակերպման հարցում աջակցում են նաև դայակները:
Դպրոցի անձնակազմի և երեխաների հետ առանձնազրույցները վկայում եմ, որ դպրոցում աշխատող մասնագետները չեն հասցնում պատշաճ կատարել իրենց աշխատանքը:
Լինում են դեպքեր, երբ մեկ դասարանի հետ աշխատող մասնագետն իր դասաժամին ստիպված է լինում օգնել մեկ այլ դասարանում դասավանդող մասնագետին, քանի որ վերջինս չի հասցնում միայնակ ապահովել երեխաների կրթական կարիքները կամ վարել դասը երեխաներ վարքային դրսևորումներով պայմանավորված: Նման դեպքեր են արձանագրվել նաև Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման ընթացքում:
Պատճառներից մեկն էլ այն է, որ դպրոցի մասնագետների, հատկապես հատուկ մանկավարժների հաստիքները քիչ են, իսկ ուսուցչի օգնականի հաստիք պետության չափորոշիչներով հատուկ դպրոցների համար առհասարակ նախատեսված չէ: Սա համակարգային խնդիր է և բացասական է անդրադառնում երեխաների և աշխատողների իրավունքների երաշխավորման վրա: Մինչդեռ մասնագետների ավելացմամբ է նաև հնարավոր յուրաքանչյուր երեխայի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում՝ բացահայտելով նրա զարգացման հնարավորությունները և իրական կարիքները, բարձրացնելով նրա կրթության իրավունքի արդյունավետությունը.
• աշխատողների համար վերապատրաստումներն արդյունավետ չեն դպրոցի և երեխաների իրական կարիքներին բավարարման տեսանկյունից:
Հարցն այն է, որ վերապատրաստումները հիմնականում իրականացվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների չափորոշիչների և ծրագրերի հիման վրա, ինչը ոչ միշտ է համապատասխանում հատուկ ուսումնական հաստատությունների կարիքներին: Արդյունքում՝ մասնագետների շատ հարցեր և խնդիրներ լուծում չեն ստանում վերապատրաստումների ընթացքում: Այս մասին են վկայում նաև դպրոցի անձնակազմի հետ առանձնազրույցները և վարչակազմի հետ քննարկումները:
• այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ընտրանքային մեթոդով իրականացրել են դասալսումներ, առանձնազրույցներ երեխաների և դպրոցում աշխատող մասնագետների հետ, ուսումնասիրել են դասապլանների օրինակներ, երեխաների անհատական ուսումնական պլանները, անձնական գործերն ու մանկավարժահոգեբանական եզրակացությունները, կրթական նյութերը:
Այս ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ դիտարկված ոչ բոլոր երեխաների բժշկահոգեբանամանկավարժական գնահատումն է համապատասխանում նրանց կրթական իրական կարիքների և զարգացման հնարավորություններին:
Արձանագրվել են դեպքեր, երբ հատկապես ծանր մտավոր խնդիրներ ունեցող երեխաները ներգրավված չեն եղել դասապրոցեսին: Դեպքեր կան, երբ կոնկրետ երեխաների զարգացման հնարավորություններն ակնհայտորեն արդյունավետ չեն օգտագործվում, իսկ առաջարկվող վարժություններն ինքնանպատակ են, պարզապես զբաղեցնելու բնույթ ունեն:
Օրինակ՝ զարգացման թույլ աստիճանի խնդիրներ ունեցող երեխայի տառաճանաչությունը, ըստ փաստաթղթային արձանագրումների, սահմանափակվում է 12 տառի իմացությամբ:
Մինչդեռ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգեբան փորձագետի դիտարկմամբ նույն երեխան ակնհայտորեն ավելի մեծ ունակություններ և կարողություններ է ունեցել: Այսինքն՝ դիտարկված դեպքերում երեխաների կրթության իրավունքն արդյունավետ ապահովված չէ: Այս դեպքում առանձին երեխաների կրթական կարիքները պետք է վերագնահատվեն, որպեսզի առավել թիրախային և իրական կարիքներին համապատասխան ապահովի նրանց կրթության իրավունքը.
• արձանագրվել են դեպքեր, երբ երեխաները դպրոց են հաճախում հիմնականում իրենց ընտանիքների սոցիալական վիճակի պատճառով և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետների գնահատմամբ՝ չունեն տվյալ դպրոցում սովորելու կրթական կարիք: Այսինքն՝ լինում են դեպքեր, երբ ընտանիքը, գտնվելով կյանքի դժվարին իրավիճակում և չկարողանալով հոգալ երեխայի կենսական նվազագույն կարիքները, նրա խնամքը կազմակերպելու նկատառումով կրթության իրացման համար ընտրում է հատուկ դպրոց: Այս մասին են վկայում նաև երեխաների և դպրոցի անձնակազմի հետ առանձնազրույցները: Մինչդեռ պետությունը պետք է ապահովի երեխաների կրթական կարիքների իրական և արդյունավետ գնահատումը, ինչպես նաև ներդնի ընտանիքների սոցիալական կայունությունը խթանող ծրագրեր, որպեսզի բացառի սոցիալական դրդապատճառներով հատուկ դպրոցում սովորելու դեպքերը.
• այցի պահին արձանագրվել են, որ առկա են ժամկետանց դեղեր («Նո-Շպա» հիդրոքլորիդ 40 մգ՝ պիտանիության ժամկետը՝ մինչև 2021թ. մարտ, «Մետոկլոպրամիդ» լուծույթ 2 մլ՝ պիտանիության ժամկետը՝ մինչև 2020թ. դեկտեմբեր): Թեև, բուժանձնակազմի հավաստմամբ՝ դրանք չեն օգտագործվում, սակայն անթույլատրելի է առհասարակ ժամկետանց դեղերի առկայությունը, առավել ևս երբ դրանք պահվում են պիտանելիության ժամկետի մեջ գտնվող դեղերի հետ՝ բաց դարակներում.
• դեղորայքը, այդ թվում՝ հոգեմետ, երեխաներին է տրամադրվում նրանց ծնողների բանավոր տեղեկության հիման վրա՝ առանց դեղատոմսի: Այս պրակտիկան պետք է բացառվի:
Պետք է միշտ հավաստել, թե երեխային ինչ դեղեր, ում ցուցումով և նշանակումով են դրանք տրամադրվել, ինչպես նաև ծնողից պահանջել դեղատոմսը, երբ դա պարտադիր է.
• բուժանձնակազմի պնդմամբ՝ կատարվում է տարեկան սեզոնային գրիպի դեմ պատվաստում, որի մասին նախորոք տեղեկացնում են երեխաների ծնողներին և ստանում են նրանց բանավոր համաձայնություն:
Նշվածը որևէ կերպ գրավոր արձանագրվում չի ստանում: Ստացվում է, որ հնարավոր չէ ստուգել արդյոք երաշխավորվում է պատվաստման կամավորությունը և իրազեկված համաձայնությունը այն դեպքերում, երբ հնարավոր չէ կապ հաստատել ծնողների հետ: Մինչդեռ սեզոնային գրիպի դեմ պատվաստումները ռիսկի խմբերի շրջանում կազմակերպվում և իրականացվում են կամավոր սկզբունքով:
Նշվածն անթույլատրելի պրակտիկա է պատվաստման գործընթացի արդյունավետ վերահսկման տեսանկյունից: Սա պետք է սկզբունքորեն բացառել հատկապես այն պատճառով, որ ոչ միշտ են երեխաների օրինական ներկայացուցիչները ներկա լինում.
• ինչպես պահեստում պահվող, այնպես էլ այցի օրվա դրությամբ օգտագործված ատամի մածուկները ժամկետանց են եղել.
• պահեստում ապահովված չէ սանիտարահիգիենիկ բավարար վիճակ: Օրինակ՝ բաց վիճակում պահվող նպարեղենի և մկնդեղի միջև շատ փոքր հեռավորություն կար: Նշվածը խնդրահարույց է այն առումով, որ հնարավոր են դեպքեր, երբ վտանգավոր թունավոր նյութն անզգուշորեն հայտնվի սննդի պարկերում: Այցի պահին շաքարավազի պարկում եղել է կարմրավուն հատիկանման զանգված, որն արտաքուստ նման է եղել հատակին լցված մկնդեղին: Սա արձանագրվել է Պաշտպանի ներկայացուցիչների կողմից և տեղում՝ հեռացվել.
• անկողնային պարագաները և անձնական հագուստի մի մասը, այդ թվում՝ ներքնազգեստն անհատականացված չէ: Ավելին, ըստ աշխատողների՝ նույն հագուստը լվանալուց հետո կարող են կրել տարբեր երեխաներ: Սա անթույլատրելի է ոչ միայն սանիտարահիգիենիկ վիճակի, այլ նաև երեխայի արժանապատվության և մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի տեսանկյունից.
• կարագը և միսը դրված է եղել բաց վիճակում՝ առանց փաթեթավորման: Այս դեպքում պահպանված չի եղել սննդի պահման պահանջվող պայմանները:
• պահպանված չէ ամենօրյա ճաշացանկում կաթնամթերքի և ձկան տրամադրման հաճախականությունը,
• դպրոցի աշխատակիցների վարձատրությունը չի համապատասխանում նրանց կողմից իրականացվող և պահանջվող աշխատանքի ծավալներին:
Նշված խնդիրների մի մասն իրենց բնույթով համակարգային են, որոնց լուծման նպատակով պետությունը պարտավոր է ձեռնարկել հրատապ և արդյունավետ քայլեր, որոնք իրապես կերաշխավորեն երեխաների իրավունքները, այդ թվում՝ կրթության իրավունքի լիարժեք իրացումը: Առկա խնդիրները, այդ թվում՝ կրթական անհրաժեշտ դիտակտիկ նյութերի ապահովումը հիմնականում լուծվում են դպրոցի աշխատակիցների բարեխղճությամբ:
Մշտադիտարկման արդյունքներն ամփոփման փուլում են և արձանագրված խնդիրները լուծումների առաջարկներով կուղարկվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և դպրոցի տնօրենին, նշված է օմբուդսմենի մայիսի 31-ին տարածած հաղորդագրությունում։