Պատմաբան Գայանե Այվազյանի այս գրառումը հրապարակվել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը․
― 2019 թվականի օգոստոսին, երբ իմ ու լրագրող Զառա Հարությունյանի այս զրույցը տեսագրվեց Epress.am-ի տաղավարում, նոր էր հնչել վարչապետ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» սխալ, մոլոր և կործանարար հայտարարությունը: Մենք սարսափած էինք, բայց սատարում էինք Փաշինյանին՝ հույս ունենալով, որ սա կոպիտ սխալ է, որը, սակայն, չի դառնա Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրին: Մարդիկ ցնծում էին հրապարակում, ֆեյսբուքահայությունը օրգազմի մեջ էր ընկել հեղափոխական վարչապետի դուխով հայտարարություններից: Մի քանի օր անց Փաշինյանի կուսակից Հովհաննես Իգիթյանը բացատրեց, որ Փաշինյանը Ստեփանակերտի հրապարակում հավաքված ղարաբաղցիներին ու սփյուռքահայերին էր ուզում ուրախացնել: Դրանից հետո երկու տարի անընդմեջ նա ուրախացնում էր սփյուռքահայերին, ղարաբաղցիներին, ֆեյսբուքահայերին: Նա ուրախացնում էր՝ գոռալով «օն, առա՛ջ դեպի պատերազմ, հաղթելո՛ւ ենք» սին և բթամիտ կոչերը: Այս ուրախության գինը եղավ քառասունչորսօրյա սարսափելի պատերազմը, քառասունչորսօրյա կատաստրոֆը, քառասունչորսօրյա մղձավանջը: Այս ուրախության գինը եղավ հազարավոր երեխաների կոտորածը, այս ուրախությունը հազարավոր վիրավորներ, անհետ կորածներ, գերեվարվածներ արժեցավ: Եւ այս մարդասպան խրախճանքն ու ուրախությունը ներում չունի, բեկում չունի:
Ղարաբաղյան երկու պատերազմների համար հայ հասարակական-քաղաքական միտքը ունի պատասխանատվության իր մեծ բաժինը: Եւ բացարձակապես կապ չունի, թե այդ պատերազմի մեջ ովքեր են դիրքավորվում իբրև հաղթողներ, և ովքեր՝ իբրև պարտվողներ: Մեծագույն պարտություն է ունենալ մի այնպիսի հասարակական-քաղաքական միտք, որի թե՛ աջ, թե՛ ձախ թևերը վերարտադրում են բացառապես ազգայնական, բուրժուա-կապիտալիստական հայացքներ: Սրա աջ թևում պետք է տեղավորել նաև նացի-սոցիալիստ ուժերին: Արդեն հարյուր տարուց ավելի է, հայ հասարակական-քաղաքական մտքի դոմինանտ գաղափարական սպեկտորը չի փոխվում՝ հենվելով Աբովյանի, Րաֆֆու, Լեոյի, Աշոտ Հովհաննիսյանի վերարատադրած նացիոնալ-կապիտալիստական կաղապարների վրա: Այս շարքում մոդայիկ է նաև Ռաֆայել Իշխանյանը, որին հղում են Հայաստանի քաղաքական էլիտայի թե՛ աջ, թե՛ ձախ թևերը: Այսպիսով, նացիոնալ-կապիտալիստական ռուսահեն հայրենասիրությունը ունի շատ երկարամյա և հուժկու ավանդույթ: Այն Նիկոլով չի սկսվել և Նիկոլով չի ավարտվելու: Մեծ հաշվով, այսօր Հայաստանի քաղաքացիները հարկադրված են քվե տալու քաղաքական այս գծի շարունակության օգտին: Հարցը սոսկ հետևյալն է՝ դրա ա՞ջ, թե՞ ձախ ճանապարհով կգնա հանրապետությունը այս ընտրությունից հետո: Ղարաբաղյան պատերազմի հետևանքները աջ նացիոնալ-կապիտալիզմի արդյունք էին, դրա մաքսիմալիստական արտահայտությունը: Որքան էլ ղարաբաղյան քաղաքականությունը հազարավոր մարդկային կորուստների հանգեցրեց թե՛ առաջին, թե՛ երկրորդ պատերազմների ժամանակ, դրա իրագործողները այսօր ձգտում են ռևանշի:
Ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակը հանգեցրեց հազարավոր զոհերի և վիրավորների, հարյուր հազարավոր փախստականների, շրջափակման, միգրացիայի, տնտեսության մոնոպոլացման, աղքատության և օլիգարխացման: Գուցե առաջին պատերազմի հաղթանակը ուրախացրել էր հաստիքային հայ ժողովրդին, մտավորականությանը, Սփյուռքին, բայց մեր ընտանիքում, օրինակ, երիտասարդ զոհ կար, և մամաս ու իմ բարեկամները տարիներ ի վեր լացում էին ու տառապում: Առնվազն այդպիսի վեց հազար մեծ ընտանիք (գերդաստան) կար Հայաստանում: Հայաստանի առաջին երեք նախագահները, չնայած այս ամենին, բոլորն էլ ընդունել են հաղթողի տիտղոսը՝ իրենց հաջորդին ժառանգելով պարտվողական փաստաթղթի ստորագրումը: Նրանք չեն խոստովանել, որ հաղթանակը ի սկզբանե պարտություն էր: Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ձևակերպումները դրա ուշացած խոստովանանքն են՝ վերջ պահանջատիրությանը, սահմանները այլևս կարևոր չեն, մենք չունենք աշխարհում դաշնակիցներ Ղարաբաղի հարցով և այլն: Տեր-Պետրոսյանը կարողացել է աջ ազգայնական կապիտալիզմից անցում կատարել դրա ձախ թևը: Բայց նա այսօր չի հավակնում ֆավորիտի դերին:
Այդ դերին է հավակնում նրա երբեմնի կուսակից և գաղափարական ընկեր Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանի քաղաքականությունը կարելի է որակել կոշտ ճկուն կամ, ինչպես հայտնի հայկական սերիալն էր կոչվում, դժբախտ երջանկություն: 1998 թվականին Հայաստանի նախագահի հրաժարականից սարսափած Բորիս Ելցինը ուղիղ եթեր մտավ՝ ասելու, որ Հայաստանում իշխանության են գալիս «կոշտ» մարդիկ, և ինքը չի պատկերացնում, թե ոնց են համագործակցելու այդ մարդկանց հետ: Քոչարյանը պատասխանեց, որ ինքը կոշտություն է անում մինչև ընտրությունները: Եւ իսկապես նա հենց իր ինագուրացիայի օրը հետ կանգնեց ղարաբաղյան իր կոշտությունից և հրաժարվեց հարևանների գլխին Աղդամում արած երկրաշարժը կրկնելու նախընտրական խոստումներից՝ վերադառնալով փոխզիջումային դիրք: Բայց եթե նա պահեց խոստումը և արտաքին աշխարհի հետ կոշտ չեղավ, ապա նույնը չարեց հայաստանցիների հետ՝ վարելով ունեզրկման, ծեծուջարդի, սպանությունների և Մարտի 1-ի սպանդի քաղաքականություն: Նա ոչ միայն միակ տղամարդը դարձավ, այլև հավակնեց միակ ինքնորոշված ղարաբաղցու կարգավիճակին: Նա իսկապես ինքնորոշվեց կուտակելով մեծ հարստություն: Քոչարյանը և իր շրջապատը կապիտալիզմի ջատագովներ են նախևառաջ սեփական կապիտալ միջոցները կուտակելու և վերարտադրելու վայրենի վճռականությամբ: Այդ վայրենությունը նրանք կարողանում են փաթեթավորել ուժի և հաղթանակի սնափառությամբ: Այժմ նա հավակնում է վերադառնալ՝ նախընտրական խոստումներ տալով գրավելու Շուշին ու Հադրութը, երկիրը նորից սարքելու շինհրապարակ: Շուշին ու Հադրութը նա հետ չի բերի: Բայց խորապես համոզված եմ, որ կսկսի շինարարական բուռն գործունեություն՝ կառուցելով բանտեր: Նա կվերականգնի ռեպրեսիվ կարգապահությունը ներսում և դաշնակների հետ կիրագործի նոր՝ «դեմ ըլլալով կողմ ենք» արտաքին քաղաքականությունը: Սա բացարձակապես անպատկերացնելի դոկտրին է ինձ համար: Պարզ չէ, թե ինչպես պետք է քաղաքական այս ուժը գնա ապաշրջափակման և սահմանների բացման, երբ իր կապիտալը ամբողջապես հիմնված է փակ սահմանների տրամաբանության վրա: Նրանք, ըստ երևույթին, հույս ունեն երկու տարբերակի՝ ա. երկարաձգել փակ սահմանների պարագան, բ. ապաշրջափակման պայմաններում պետական իշխանության լծակները օգտագործել սեփական կապիտալի վերադասավորման և պաշտպանության համար:
Վարչապետի մյուս հավանական թեկնածուն է Նիկոլ Փաշինյանը: Նա իշխանության է եկել Ղարաբաղյան ալիքից անկախ, բայց ընկավ դրա հորձանուտը և Ղարաբաղի ջուրը նրան կարող է քշել-տանել: Իշխանության գալով փողոցից՝ նա բախվեց ստատուս-քվո քաղաքականության սպառված ժամկետներին և որոշեց մի նոր հաղթանակ կռել ժողովրդի գլխին կամ գոնե փորձել հաղթել: Հաղթողների չճանաչված օլիմպոսում նա կնվաճեր մի նոր տեղ և պարտության պայմանագիրը կժառանգեր իր հաջորդներին: Սակայն Փաշինյանը պարտվեց՝ ևս չորս հազար ցինկից դագաղ ուղարկելով տարբեր տներ: Ի տարբերություն իր կործանարար կոշտ ու բթամիտ արտաքին քաղաքականության՝ ներսում նա մնաց փափուկ, նրա ներքին քաղաքականությունը միտված էր լիբերալ ժողովրդավարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության կայացմանը Հայաստանում: Այս իմաստով Հայաստանի բոլոր իշխանությունների մեջ նա և իր քաղաքական թիմը հիրավի առաջին տեղում են: Լինելով պրոկապիտալիստական ուժ՝ նրանք հրաժարվել են իշխանությունը օգտագործել դառնալու համար խոշոր կապիտալատերերի նոր սերունդը: Ի տարբերություն նախորդ քաղաքական սերնդի, որ մեծամասամբ յուրացրին մեծ և միջինից մեծ կապիտալի բարձունքները՝ քաղաքական այս սերունդը աշխատավարձի հույսին մնաց: Նրանք իրենք չմտան կապիտալի գոյություն ունեցող բուրգի մեջ, այլ փորձեցին ճանապարհ հարթել կապիտալիզմի «արդար» գոյության համար: Օլիգարխները մի բերանով դարձան բիզնեսմեններ, բիզնեսմենները՝ մեր ժամանակի հերոսներ: Որքան կուրորեն նրանք հավատացին կապիտալիզմի արդարությանը, նույնքան կուրորեն էլ հավատացին պատերազմի արդարությանը: Մի խոսքով, հայկական դժբախտ երջանկությունը շարունակվեց, տեսանք դրա երկրորդ սերիան: Եթե վարչապետի միլիարդատեր թեկնածուն հստակ գիտի, թե ում քաղաքական շահերն է ներկայացնում ինքը, ապա բյուջետնիկ թեկնածուի գլխում իսկական քաոս է և խառնաշփոթ: Անգամ պատերազմից հետո քաղաքացիների զգալի մասը սատարում է Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանը ոչ միայն չի սպանվել, բանտում չէ, այլև շարունակում է ընտրապայքարը բացառապես այս մարդկանց շնորհիվ: Բայց նրանք Փաշինյանին սատարում են ոչ թե որ հիացած են մեր ժամանակների Խենթի նրա հայդուկային պերֆորմանսներից կամ նոր երեխաներ ունեն արյուն թափելու համար, այլ ուզում են վերջապես փակել նախորդ արատավոր քաղաքական շրջանը: Նիկոլ Փաշինյանը առաջին պաշտոնավարման ժամանակ չունեցավ այս հանգամանքը գիտակցելու կարողություն, չի երևում, որ նա հասկանում է այս հանգամանքը երկրորդ պաշտոնավարմանը ձգտելիս:
Բազմահազար զոհերը չեն սթափեցրել հայ քաղաքական էլիտային վերանայելու նախորդ քաղաքականությունների սխալները: Եթե երեսուն տարի Հայաստանում վերևից ներքև ուղղությամբ իշխում էր Ղարաբաղյան կուռքը, ապա հիմա շատ իրական վտանգ կա ենթարկվելու Ղարաբաղյան կուռքի ուրվականի իշխանությանը: Առջևում դեմարկացիայի և ապաշրջափակման գործընթացներն են: Ի՞նչ հարաբերություններ են սպասվում Հայաստանին երկու հարևան պետությունների հետ: Կբացվե՞ն արդյոք սահմաններն ու կոմունիկացիաները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, թե՞ Հայաստանին սպասվում է կղզիացման նոր ժամանակաշրջան: Կգա՞ խաղաղ համակեցության ժամանակը, թե՞ պետությունը կշարունակի դեստրուկտիվ կուրսը: Սրանք կարևոր հարցեր են, որոնց շուրջ պետք է ծավալվեր առնվազն նախընտրական լուրջ քննարկում: Մինչդեռ ընտրարշավն անցավ առանց այս հարցերի քննարկման, փոխարենը թեկնածուները քաղաքական մրցակիցներին մերկացրին՝ ազգակործան պատուհաս, հողատու ու կապիտուլյանտ, էլ գող փիսո, էլ քաչալ շուն պիտակներով: Սա այն հանգրվանն է, որտեղ գտնվում է քաղաքական միտքը Հայաստանում հիմա: Սա ընտրություն էր ընտրություն չունենալու մասին։
Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուք