Աշխարհի բնակչության մոտավորապես մեկ տասներորդը՝ ավելի քան 811 միլիոն մարդ, նախորդ տարվա ընթացքում թերսնուցված է եղել․ այս մասին հայտնում են ՄԱԿ-ի գործակալությունները։
Թեև համավարակի ազդեցությունը դեռ ամբողջությամբ քարտեզագրված չէ, զեկույցի հեղինակները սովի մակարդակի աճը պայմանավորում են հենց Քովիդ-19-ով։
Սովի մակարդակի ցուցանիշը սկսել է աճել դեռ 2010 թվականների կեսերին: 2020-ին սովն արդեն գերազանցել է բնակչության աճը թե՛ բացարձակ, թե՛ համամասնական հաշվարկներով։ Նախորդ տարվա ընթացքում բնակչության մոտ 9․9 տոկոսը համալրել են թերսնվող մարդկանց շարքերը՝ 8․4 տոկոսով գերազանցելով 2019թ.-ի ցուցանիշը։
Թերսնված մարդկանց ավելի քան կեսը՝ 418 միլիոն մարդ, ապրում է Ասիայում, մոտ քան մեկ երրորդը՝ 282 միլիոնը՝ Աֆրիկայում, մոտ 60 միլիոնը՝ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում: Սովն ամենաարագ տեմպերով աճել է Աֆրիկայում․ բնակչության 21 տոկոսը այստեղ համարվում է թերսնուցված (մնացած բոլոր տարածաշրջանների համեմատ սա կրկնակի մեծ ցուցանիշ է)։
2020 թվականին, ըստ զեկույցի, ընդհանուր առմամբ 2.3 միլիարդ մարդ (աշխարհի բնակչության 30 տոկոսը) ամբողջ տարվա ընթացքում չի կարողացել լիարժեք սնվել։
Այս ցուցանիշը մեկ տարվա ընթացքում այնքան է աճել, որքան նախորդ 5 տարիների ընթացքում միասին վերցրած։
Թերսնուցման հետևանքով 2020 թ.-ին ավելի քան 149 միլիոն 5 տարեկանից ցածր երեխա թերաճ է եղել կամ իր տարիքի համեմատ ցածր հասակ է ունեցել: Վերարտադրողական տարիքում գտնվող կանանց մոտավորապես մեկ երրորդը սակավարյունություն (անեմիա) ունի:
«Պարենային և սննդի անվտանգության վիճակն աշխարհում» զեկույցը հրատակարվել է ՄԱԿ-ի սննդի և գյուղատնտեսության հիմնադրամի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։