«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» հիվանդանոցի արդեն նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է 15 միլիոն դրամ գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշումը հրապարակել է այսօր: Դատական նիստին ներկա էր նաև մեղադրյալ Արմեն Չարչյանը։
Վերջինս հավաստիացնում էր, որ իր՝ կալանքի տակ չմնալու «գերակա շահը» Հայաստանի քաղաքացիների առողջությունն է։
«Ես մի ամիս է՝ կալանքի տակ եմ։ Ես յուրաքանչյուր ամիս կատարում եմ 20-30 բարդագույն վիրահատություն, որը մյուսները չեն կարողանում անել, եթե անգամ անում են, ապա ոչ այն որակով, ինչ՝ ես։ Ամսական ես 200-250 վիրահատություն եմ կառավարում, վերահսկում այն բոլոր կլինիկաներում, որոնք ես եմ ստեղծել և որոնցում իմ աշակերտներն են աշխատում, – ասում էր Չարչյանը՝ շարունակելով․ – Մի ամիս անգործության մատնվելով՝ ես դա չեմ արել, մի ամիս 200-250 քաղաքացի զրկված է եղել բարդագույն վիրահատությունների՝ բարձրագույն ձևով կատարման հնարավորությունից, 500-550 քաղաքացի զրկված է եղել բարձրակարգ կոնսուլտացիա ստանալու հնարավորությունից։ Դա է գերակա շահը, հարգելի՛ դատարան»։
Դատական նիստի ավարտից հետո, սակայն, նրա պաշտպաններից Արամ Վարդևանյանը տեղեկացրեց, որ բժիշկ Չարչյանը մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը և անցնել խորհրդարան («բարդագույն վիրահատությունները», փաստացի, փոխարինելով պատգամավորական գործունեությամբ)։
Ինքը՝ Չարչյանը, հստակ բան չասեց․ լրագրողների հարցերին պատասխանելով՝ նշեց միայն, որ հոժարակամ լքել է հիվանդանոցի տնօրենի պաշտոնը («Ես եմ խնդրել հիմնադրին, որ ինձ ժամանակավորապես ազատեն այդ պաշտոնից…») և կանգնած է ընտրության առջև՝ «վերադառնալ «Իզմիրլյան» ԲԿ տնօրենի պաշտոնին կամ ընդունել պատգամավորական մանդատն ու գործունեությունը շարունակել ԱԺ-ում՝ որպես պատգամավոր»։
Արմեն Չարչյանը, հիշեցնեն, մեղադրվում է ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու մեջ։
Քրեական գործը հիմնվում է հունիսի 18-ին հրապարակված ձայնագրության վրա, ըստ որի՝ «Իզմիրլյանի» տնօրենը հանդիպման է հրավիրել աշխատակիցներին և սպառնացել, որ եթե նրանք չկատարեն իր «պարտադրանքը» և չմասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին, տնօրինությունը կոշտ, «համարժեք» ու նույնիսկ անհամարժեք պատասխան կտա։ Չարչյանը հայտարարել է, որ ընտրողների մասնակցությունն ու կամարտահայտությունը վերահսկելու մեխանիզմներ կան, որոնք գործադրվելու են, և հիշեցրել իր՝ իբրև տնօրեն, և Մայր Աթոռի՝ իբրև հիվանդանոցի սեփականատեր, միանշանակ դիրքորոշումը առ այն, որ «ներկա իշխանությունները» պետք է հեռանանա։
Ձայնագրության հանրայնացումից հետո ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել, Չարչյանը ձերբակալվել էր՝ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով արարք կատարելու կասկածանքով։ Հետագայում նրան մեղադրանք էր առաջադրվել, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը` մեկ ամիս ժամկետով:
Մինչ կալանավորման մեկամսյա ժամկետի լրանալը՝ հայտարարվել էր, որ Չարչյանի գործով նախաքննության ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան։