Home / Համայնքներ / Ֆիզգոռոդոկի պայքարը՝ քաղաքային իշխանության արհամարհանքի ներքո

Ֆիզգոռոդոկի պայքարը՝ քաղաքային իշխանության արհամարհանքի ներքո

Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում՝ «Ֆիզգոռոդոկում», սկսվել են բարձրահարկի շինարարական աշխատանքները, չնայած տեղի բնակիչների բողոքների և այս օրերին արվող ահազանգերի։

Կառուցապատվող տարածքը գտնվում է Արտեմ Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի կողքին։

Epress.am-ի թղթակցին այստեղ տեղեկացրեցին ավելի վաղ խաղաղ ակցիա իրականացնողների նկատմամբ ոստիկանների կողմից ուժ կիրառելու մասին։ Զրուցակիցների խոսքով՝ դրանով է պայմանավորված, որ այցի պահին բակում, որտեղ, իրենց համոզմամբ, ապօրինի կառուցապատում է տեղի ունենում, գրեթե ոչ ոք չկար։

Քիչ անց 1950-1960-ականներին կառուցված ավանի բնակիչները պատրաստակամությամբ ցույց էին տալիս անխնամ տարածքները՝ չորացած խոտով ու հին ծառերով, ասում էին՝ եղածն իրենց ուժերով են պահպանել, թաղապետարանն ու քաղաքային իշխանությունները ոչինչ չեն արել՝ տարածքը բարեկարգելու համար։ Փոխարենը, այժմ արհամարհում են իրենց ահազանգերը։ Աշխատանքային օրվա ավարտին` երեկոյան ժամը 6-ից հետո, տեղացիները հրավիրում էին թեյախմության և քննարկման՝ Ալիխանյան եղբայրների հրապարակում:

 

Կառուցապատողը՝ «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ն, պատրաստվում է այստեղ 12-հարկանի բնակելի շենք կառուցել՝ ստորգետնյա կայանատեղիով։ Ընկերությունը այս հատվածքի երրորդ սեփականատերն է․ տարածքը ձեռք է բերվել 2006 թվականին։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ մինչև 2012 թվականը ընկերության սեփականատերն էր Բահամյան կղզիներում գրանցված «Պրո-Շուգառ Միլլենիում ինկ․» օֆշորային ընկերությունը, որի պատկանում էր ռուսաստանցի գործարարներ Վլադիմիր Մկրտումյանն ու Ստեփան Մալխասյանը։

2020 թվականին Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը հավանության արժանացրեց բազմաբնակարան բնակելի շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքը:

Բնակիչների խոսքով՝ 2004-ին վճիռներ են կայացվել, որոնք պարտավորեցնում էին Կադաստրի կոմիտեին Քաղաքապետարան փոխանցել «իբրև թե կառուցապատված 2000 քառակուսի մետր տարածքի և նկուղի հատակագիծը», որն իրականում գոյություն չի ունեցել։

Զրուցակիցներից մեկի խոսքով՝ եղել է միայն խաղահրապարակ՝ ցանկապատված ֆիզիկայի ինստիտուտի կողմից։ Այնուհետև տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ վճիռ է կայացվել։ «Այդ վճիռն ընդհանրապես ապօրինի է։ Նախ, նման նկուղ գոյություն չի ունեցել․․․ Ենթադրենք, անգամ այդ 50 մետր նկուղը կառուցված էր, դա նշանակում է 2000 քառակուսի մետրի նկատմամբ սեփականությո՞ւն պետք է ճանաչվի։ Նորից եմ ասում՝ ամեն ինչ տեղի է ունեցել կեղծիքների հիման վրա»։

Ավելին, վճռի կայացումից հետո Կադաստրը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը վարույթ էր ընդունվել, և քանի որ դիմողը դատարան չէր ներկայացել, դիմումը, որով վարձակալության իրավունքն էր ճանաչվել, թողնվել է առանց քննության։

«Նման պարագայում Կադաստրը պարտավոր էր դատարան դիմել՝ վճռի շրջադարձ կատարելու համար, որովհետև մինչ այդ էր կատարված եղել վճիռը, սակայն Կադաստրը դատարան չէր դիմել, ո՛չ էլ Քաղաքապետարանն էր դիմել, և հետագայում՝ դիմումի հիման վրա, ճանաչվել էր անձի սեփականության իրավունքը»։

Ըստ բնակչի՝ այդ սեփականության հիմքում ակնհայտ ոչ իրավական դատական ակտեր են դրված։ Ընդ որում, Կադաստրային գործում բացակայում են տեղեկությունները, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի ներկայացված լինելուն և հայցի՝ առանց քննության թողնված լինելուն։

«Կարելի է ասել, այդ փաստերը թաքցվել են։ Մենք խորապես համոզված ենք, որ խոսքը գնում է դիտավորյալ իրավախախտման մասին, որը հանցագործության տարրեր է պարունակում։ Երբ այդ բոլոր հանգամանքները հայտնաբերվեցին, բնակչության փաստաբան Դավիթ Ազինյանը դիմեց վճռի շրջադարձի համար։

Նա բանավոր տեղեկացրել է, որ իրենք ընդունել են ի գիտություն, այսինքն՝ կրկին ոչ մի քայլ չեն ձեռնարկել, ավելին՝ Քաղաքապետարանը, քաջատեղյակ լինելով, որ նմանատիպ խնդիրներ կան, շինարարության թույլտվություն է տվել»։ Այսպիսով, նշել է բնակիչը, իրենք այլևս այս տարածք մուտք չեն գործելու, հետևաբար, զրկված կլինեն մի շարք ապացույցներ հավաքելու հնարավորությունից։ Օրինակ, որ որևէ նկուղ այնտեղ չէր եղել, իսկ ցանկապատված տարածքը շատ ավելի փոքր էր։

Tekali Taxi