Ադրբեջանը Իրան է վերադարձրել բեռնատարների երկու վարորդներին, որոնք ձերբակալվել էին սեպտեմբերի 15-ին Հայաստանից Ղարաբաղ մտնելու փորձի ժամանակ։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։
«Ադրբեջանի Հանրապետությունը, ելնելով հումանիզմի, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սկզբունքներից ու ցուցաբերելով բարի կամք, համաձայն համապատասխան պայմանավորվածության, հոկտեմբերի 21-ի առավոտյան Իրանին վերադարձրեց այդ երկրի երկու քաղաքացու», – ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ իրանցիներին բերման են ենթարկվել «Ադրբեջանի մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով ապրանքներ տեղափոխելու, ինչպես նաև երկրի պահպանվող պետական սահմանն առանց փաստաթղթերի հատելու և անցակետերը շրջանցելու համար»:
Դեռևս սեպտեմբերի 12-ին լուրեր տարածվեցին, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ուժայինները ստուգում են իրանական բեռնատարների փաստաթղթերը։ Ըստ հայկական մամուլի՝ ադրբեջանցիները իրանցի վարորդներից 130 դոլար գումար էին պահանջում՝ Ադրբեջանի տարածք մուտք գործելու համար։ Ադրբեջանական մամուլը գրում էր, որ իրանական բեռնատարերը անարգել մտնում են Լեռնային Ղարաբաղ՝ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը ուղիղ կապելով նախօրեին Բաքվի կողմից տարածված հայտարարության հետ։ Օտարերկրյա բեռնատարների՝ ԼՂ տարած մտնելու կապակցությամբ Ադրբեջանը սեպտեմբերի 12-ին բողոք էր հղել Ռուսաստանի ՊՆ-ին, իսկ ավելի վաղ՝ նաև Իրանին։