Home / Հայաստան / Քաղաքական հետապնդում․ «Իմ Քայլը» շարունակում է պատժել ավագանիում

Քաղաքական հետապնդում․ «Իմ Քայլը» շարունակում է պատժել ավագանիում

Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության հերթական անդամը այսօր 45 կողմ, 8 դեմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ զրկվեց մանդատից՝ չենթարկվելու համար, չնայած նրան, որ մեծամասնությունը դա բացակայություններով է հիմնավորում։ Նոր թիրախ դարձած Լուսինե Մխոյանի կարծիքը, թե որոշման պատճառն այլ է, կիսում է նաև խմբակցությունը լքած, բայց մանդատից չհրաժարված Վահե Գևորգյանը։ Վերջինս Epress.am-ի հետ զրույցում ասել է, թե բացակաները «Իմ Քայլը»-ում մշտական խնդիր են եղել, և դրանք առավելապես որպես ճնշում գործադրելու լծակներ են օգտագործվում։

«Կան բազմաթիվ անդամներ, որոնք ավել բացականեր ունեն՝ մեկը մի քիչ քիչ, մեկն ավելի շատ։ Իսկ Լյուսիին քաղաքապետին հեռացնելու հետ կապված կոնկրետ ասվել է, որ եթե դիրքորոշումդ ի շահ մեր որոշման չլինի, քեզ բացակաների հիման վրա կհեռացնենք», – պատմել է Գևորգյանը։

Դեկտեմբերին, երբ «Իմ Քայլ»-ն անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին, նա բարձրաձայնեց շանտաժի ու սպառնալիքի լեզվի մասին, որն օգտագործվել էր ավագանու անդամների կամարտահայտման վրա ազդելու համար։ 

Այժմ, փաստորեն, չհամաձայնվողները շարունակում են պատժվել՝ ընտրողաբար։ Տեղի ունեցողը Գևորգյանը քաղաքական հետապնդում է համարում։

«Քաղաքական հետապնդում եմ որակում, որովհետև էն ժամանակ փաստացի ասվել է, որ կհեռացնենք, հիմա հեռացվել է, որովհետև իրենց դիրքորոշումը չի պահել [Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու]։ Երբ որ նրանք դա նախաձեռնեցին, բոլոր անդամներին զանգել, հատ-հատ ասել են․ «Կամ մանդատդ դնում ես, կամ պետք է կողմ լինես մեր էս նախագծին»։ Նույնը ասվել է Լուսինեին։ Ում վրա ինչ լծակ ունեցել են՝ օգտագործել են։ Հիմա իմ վրա լծակներ չեն ունեցել՝ չեն օգտագործել։ Լուսինեի վրա էդ են ունեցել, Գրիգոր Երիցյանին ասել են «ծրագրեր կկանգնեցնենք»․․․ Եթե տենց բացակաների հիման վրա էին հեռացնելու, նախ, պետք է փաթեթով բերեին բոլոր մնացած անդամներին։ Հիմա ասում են՝ նրանց ուրիշ լուծում կտանք, բայց պարզ ա, ի՞նչ լուծում պետք է տան։

Անգամ եթե էդ լուծումը տան, ինչի՞ են հենց Լյուսիից սկսել։ Ասում են՝ Լյուսին նիստերին չի գալիս։ Նախ, Լյուսիի բացակայելը հարգելի էր եղել՝ հիվանդություն էր եղել հղիության պատճառով, հետո հետհղիություն, քովիդ, մի խոսքով, անգամ էդ պարագայում երկակի ստանդարտներ են կիրառվում։ Պարզ է, որ միտքը քաղաքական է, բացակաները որևէ կապ չունեն»։

Երևանի «Իմ Քայլը» խմբակցության շատ անդամներ արդեն հրաժարվել են իրենց մանդատներից․ մի մասը չէր ցանկանում կոնֆլիկտի գնալ, մյուսի դեպքում՝ ինչ-ինչ լծակներ են կիրառվել․ «Հիմա խմբակցությունում կա մի երկու հոգի, որ դեմ էին էն ժամանակ, բայց նրանք ավելի փափուկ դիրքորոշում պահեցին, եթե կարելի է էդպես ասել, նրանք դեռ խմբակցությունում են»։