Home / Դատարան / Կալանավորումը որպես հպատակեցման միջոց․ ինչու են ազատազրկում դատավորին

Կալանավորումը որպես հպատակեցման միջոց․ ինչու են ազատազրկում դատավորին

«Դատավորի կալանավորումը աննախադեպ երևույթ է․ ինչ էլ որ տեղի ունեցած լիներ, միանգամից այսպիսի որոշման, այսպիսի արձագանքի չպիտի արժանանար», – մեկնաբանելով դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորումը՝  նշում է իրավապաշտպան Հասմիկ Հարությունյանը։

«Կիրառված կալանքը միանշանակ համաչափ չէ», – հավելում է իրավաբան Հայկ Մարտիրոսյանը։ 

«Որպես քաղաքացի, որպես իրավաբան, ով առնվազն 18 տարի դասավանդել  է խափանման միջոց կալանավորման առարկան, ու  կազմել ուսումնական ձեռնարկներ կալանավորման մասին, ինչպես նաև վիճարկել կալանավորան բազմաթիվ գործեր Հայաստանում և ՄԻԵԴ-ում, առավել քստմնելի դատական ակտ կալանավորման մասին դեռ չեմ հանդիպել», – գրում է փաստաբան Արա Ղազարյանը։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բաշխիյանի կալանավորումը բազմաթիվ հարցերի տեղիք է տվել։

Բախշիյանի պաշտպանները քրեական հետապնդումը քաղաքական են համարում և կապում  նրա վարույթում գտնվող մի քանի գործերի հետ․ հատկապես շեշտվում է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին ազատ արձակելու նրա որոշումը, որը կայացվել էր քրեական հետապնդումից մոտ մեկ շաբաթ առաջ։ 

Դատախազությունը հակադարձում է՝ դատավորը ապօրինի կալանավորման որոշում է կայացրել, որը հանգեցրել է ծանր հետևանքների։ Ըստ մեղադրանքի, նա Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալ Նվեր Մկրտչյանին կալանավորելու ապօրինի որոշում է կայացրել։ Մկրտչյանը Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է․ ապօրինի կալանավորումից հետո, ըստ դատախազության, նրան ստիպել են հրաժարվել ցուցմունք տալուց, ինչից հետո նա, առանց հանգամանքների որևէ փոփոխության, դատավոր Բախշիյանի կողմից ազատ է արձակվել․․․

(Այն մասին, թե ինչով է հայտնի զինդատախազի նախկին տեղակալ, դատավոր Բորիս Բախշիյանը և ինչի համար են նրան հետապնդում՝ կարելի է կարդալ այստեղ)

Դատարանը՝  նախագահությամբ Դավիթ Արղամանյանի (դատավոր է նշանակվել 2021 թվականին, մինչ այդ՝ 2019-2021-ը, աշխատել է ՏԿԵ նախարարի օգնական) այսօր բավարարել է նրան 2 ամսով կալանավորելու մասին ԱԱԾ միջնորդությունը։

Իրավապաշտպաններն այս որոշումը «ծայրահեղ անհամաչափ» են որակում։

«Կողմերի հնչեցրած պարզաբանումների, ԲԴԽ շատ կցկտուր մեկնաբանությունների, հայտարարությունների ֆոնին կարող ենք արձանագրել, որ հարուցված հետապնդումը և դատավորի նկատմամբ կիրառված կալանավորումը ծայրահեղ անհամաչափ և մտահոգությունների տեղիք տվող նախադեպ է», – «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը նշում էր իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։

Դատավորի կալանավորման համար շատ ծանրակշիռ հիմքեր պետք է լինեն․ Հարությունյանի կարծիքով, Բախշիյանի գործում նման հիմքեր չկան։ 

«Ես չեմ հասկանում, թե կալանավորումը կոնկրետ այս դատավորի պարագայում ինչ խնդիր է լուծում։ Եթե կան հանցակազմի տարրեր նրա վարքագծում, թող ընտրվի խափանման այլ միջոց և գործի արագ քննության շրջանակներում ցույց տրվի, թե նրա արարքը քրեաիրավական ինչպիսի որակում պետք է ստանա և ինչպիսի պատասխանատվություն կարող է ենթադրել․․․ Կալանքը չպետք է դրսևորվի որպես անձին հպատակեցնելու միջոց», – նույն քննարկմանը նշում էր իրավաբան Հայկ Մարտիրոսյանը։

Կալանքը, ըստ նրա, կիրառվում է արդեն ոչ թե որպես խափանման միջոց, այլ որպես պատիժ․ «հայկական պրակտիկան» այս առումով «չափազանց լուրջ վերաբերմունքի» է արժանացել նաև եվրոպական կառույցների կողմից․ «Մի քանի դրվագներով ուղղակի հորդորել են իշխանություններին չդրսևորել նման վարքագիծ»։

Բախշիյանին կալանավորելու որոշումն իրավաբանին մտահոգում է նաև համակարգում տեղի ունեցող ավելի լայն պրոցեսների շրջանակներում։ 

Դատական համակարգն արդեն տևական ժամանակ է վերածվել է իշխանական և ընդդիմադիր ճամբարների միջև քաղաքական պայքարի կիզակետի։ Նախկին իշխանություններին հպատակ դատավորների նկատմամբ անգամ կարգապահական վարույթներ չեն հարուցվում, եթե նրանք լոյալություն են հայտնում նաև նոր իշխանություններին։ Համակարգային լուծումներ չկան։

Այս համատեքստում պարբերաբար նաև բարեփոխումներ են իրականացվում, որոնց բովանդակությունը մնում է խիստ հարցադրելի։

«Դատական օրենսգրքում փոփոխությունների արդյունքում ստեղծվել է դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով։  Ձևավորվել է մի իրավիճակ, երբ դատավորի գործունեությունը կարող է գնահատվել նաև նրա կայացրած որոշումներով՝ այն պարագայում, երբ դատական համակարգի տրամաբանությունը ամբողջ աշխարհում հուշում է մեկ բան՝ դատավորի գործունեությունը կարող է գնահատվել բացառապես վերադաս դատական ատյանում։ ․․․Այս հանձնաժողովը օղակ է ստեղծում դատավորի շուրջ․ եթե դու գնահատում ես դատավորի որոշումը՝ հիմնավոր է, հիմնավոր չէ և այլն, բնականաբար, դու դատավորին զսպող օղակ ես հագցնում, այդ թվում՝ քաղաքական ենթատեքստից ելնելով»։ 

Վերադառնալով դատավոր Բախշիյանի կալանավորմանը՝ իրավաբանները ընդգծում էին՝ քրեական գործի նյութերին ծանոթ չեն, ուստի՝ այս մասով առարկայական մեկնաբանություններ անելու հնարավորություն չունեն, բայց, հաշվի առնելով մեղսագրվող հոդվածը, ժամանակագրությունը և հրապարակված պարզաբանումները՝ կալանավորումը միանշանակ անհամաչափ են համարում։ 

շապիկի լուսանկարը՝ hetq.am-ից