Թիվ 3 կայազորի զինդատախազի տեղակալ Բորիս Բախշիյանը դատավոր է նշանակվել 2020 թվականի հունիսին՝ հեղափոխությունից 2 և ԲԴԽ-ում կադրային փոփոխություններից ընդամենը 1 տարի անց։ Բախշիյաին դատավոր դարձրած ԲԴԽ-ն այժմ միաձայն հաստատում է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդությունները։ Ինչո՞ւմ է Բախշիյանի մեղքը։ Փաստաբանները վստահեցնում են, որ նա քաղաքական հետապնդման զոհ է դարձել, դատախազությունը հակադարձում է՝ դատավորը իր «ակնհայտ ապօրինի» գործողություններով օժանդակել է նրան, որ ամբաստանյալ Ն․Մ․-ին հարկադրեն փոխել իր ցուցմունքները․․․
Երեկ կեսգիշերին ԲԴԽ-ն համաձայնություն տվեց Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին ազատությունից զրկելուն՝ մինչ այդ բավարարելով նաև նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը։
Դատախազությունը գործի մանրամասներից խոսել հրաժարվում էր։ Բախշիյանի փաստաբաններն ու գործընկերները, հակառակը, ահազանգում էին քաղաքական հետապնդման մասին՝ վկայակոչելով նրա վարույթում գտնվող «քաղաքական» գործերը։
Բորիս Բախշիյանը մոտ 1 շաբաթ առաջ որոշել էր կալանքից ազատել զենք-զինամթերք պահելու (ավելի վաղ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանությունն ու իշխանության յուրացումը նախապատրաստելու) համար մեղադրվող «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, մինչ այդ գրավի դիմաց ազատ էր արձակվել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը․․․ Նրան սատարողները պնդում են, որ քրեական հետապնդումը հենց այս հանգամանքով է պայմանավորված։
Դատախազությունը՝ հակադարձելով, հավաստիացնում է՝ հետապնդումը որևէ կապ չունի վերոհիշյալ գործերի հետ, այն «շատ ավելի վաղ կատարված դեպքին և շատ ավելի վաղ արված բացահայտումներին» է վերաբերում։
Ապօրինի կալանավորում, ցուցմունքը չտալու հարկադրանք և այլն
Երեկոյան հրապարակվեց դատախազության պաշտոնական պարզաբանումը։
Ըստ հաղորդագրության, գործը, որով անցնում է դատավորը, քննվում է ԱԱԾ-ում։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Բախշիյանի որոշմամբ ապօրինաբար կալանավորվել է քրեական գործերից մեկով անցնող Ն․Մ․, որը մինչ այդ խոստովանական և մյուս ամբաստանյալներին մերկացնող ցուցմունք էր տվել և ահազանգել՝ իրեն փորձում են համոզել փոխել այդ ցուցմունքը։
Ն․Մ-ի և նրա պաշտպանի բացակայության պայմաններում Բախշիյանը նիստ է անցկացրել և նրան կալանավորելու որոշում կայացրել՝ չնայած որ կողմերը, ըստ դատախազության, դիրքորոշում էին հայտնել, որ խափանման միջոց փոխելու (կալանավորման) հիմքեր չկան։
Ընդ որում, ըստ նույն աղբյուրի, նման որոշում է կայացվել միայն Ն․Մ․-ի նկատմամբ․ մյուս ամբաստանյալների պաշտպանների բացակայությունը դատավոր Բախշիյանը հարգելի է համարել և հետաձգել նրանց նկատմամբ անգամ ավելի մեղմ դատական սանկցիա կիրառելու հարցը։
«Դատավոր Բորիս Բախշիյանի կողմից ակնհայտ ապօրինի կալանավորվելուց և քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո Ն․Մ-ին կազմակերպված խմբի կողմից հարկադրվել է հրաժարվել ցուցմունք տալուց, որից հետո Ն․Մ-ն հաջորդ դատական նիստին, առանց հանգամանքների որևէ փոփոխության, դատավոր Բորիս Բախշիյանի կողմից ազատ է արձակվել և նույն նիստում հրաժարվել ցուցմունք տալուց ու հարցերին պատասխանելուց՝ բացառապես հայտարարելով, որ իր նկատմամբ անօրինական ազդեցություն չի գործադրվել», – հավելել է դատախազությունը։
թարմացում․ – ըստ շրջանառվող տեղեկությունների, խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալ Նվեր Մկրտչյանի մասին է․ վերջինս Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է
Ինչո՞վ է հայտնի Բորիս Բախշիյանը
Բորիս Բախշիյանի կարիերան մեկնարկել է 2007 թվականին՝ Հայաստանի ոստիկանության ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո։
Ապագա դատավորը 6 տարի աշխատել է Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունում՝ որպես քննիչ, ավելի ուշ՝ որպես ավագ քննիչ։ ԼՂՀ ոստիկանությունից 2013-ին նա տեղափոխվել է ԼՂՀ Թիվ 3 կայազորի զինվորական դատախազության։ Աշխատել է դատախազ։ 2015-ից մինչև 2020-ը զբաղեցրել է Թիվ 3 կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնը։
Թիվ 3 կայազորը սպասարկում էր Մարտակերտի հայտնի զորամասը։ Կարելի է վերհիշել Բաշխիյանի պաշտոնավարման վերջին տարիներին երրորդ կայազորում քննվող գործերից միայն մի քանիսը․
— Օրինակ, երևանցի զինծառայող Կ.-ի բռնաբարության գործը։ Զինծառայողը հայտնել էր, որ զորամասի սպան պաբերաբար ծեծել և բռնաբարել է իրեն։ Զինդատախազության գործունեության շնորհիվ տուժող այն ժամանակ մեղադրվեց «սուտ մատնության» մեջ, ամիսներով պահվեց զինվորական ոստիկանությունում, որտեղ ճնշումների ներքո նոր ցուցմունքներ տվեց՝ հետագայում դրանցից հրաժարվելով․․․
— Կամ եզդի զինծառայող Տուրիկ Բրոյանի գործը։ Մարտակերտի զորամասի «կամբատը» դաժան ծեծի էր ենթարկել հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող տղային, վերջինս հոգեբուժարանում էր հայտնվել․․․ Տեղի ունեցածը ՊՆ-ն բացատրել էր զինվորի «սիմուլյանտությամբ»։ Ծանր վիճակում գտնվող զինվորին որոշել էին տանել Ռազմական ոստիկանություն։ Չնայած դեպք(եր)ի առթիվ քրեական գործ էր հարուցվել, իրավապաշտպանները ահազանգում էին, որ քննություն իրականում չի կատարվում, իրավապահները պարզապես ձգձգում են գործը․․․
— Բախշիյանի անվան հետ էր կապվում նաև նույն զորամասում ծառայող մայոր Արթուր Ֆահրադյանի գործը։ Իրավապաշտպանները ահազանգում էին, որ սադիստ մայորի նկատմամբ հետևողականորեն մեղմ վերաբերմունք է դրսևորել նաև 3-րդ կայազորի զինդատախազի տեղակալը: Զինվորների վրայով քայլել սիրող մայորի բռնությունները հետագայում շարունակվել են․․․
2020 թվականի հունիսին Բախշիյանը նշանակվեց Հայաստանի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Սելեկտիվ արդարադատությունը վստահություն չի ներշնչում
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ Բորիս Բախշյանի գործը, եթե դիտարկենք ավելի լայն կոնտեքստում, իրոք ողջամիտ կասկածների տեղիք է տալիս։
«Զուգահեռ, օրինակ, ունենք Մարտի 1-ով Եվրոպական դատարանի որոշումներ դատավորների գործերով․․․ Նրանց ուղղված որևէ հարց արդարադատություն իրականացնող համակարգը կամ գործող իշխանությունները չունեն, որևէ գործընթաց այդ թվում գործող դատավորների նկատմամբ չի նախաձեռնվել», – հիշեցնում է իրավապաշտպանը՝ ընդգծելով՝ սելեկտիվ արդարադատությունը, դատախազության կամ ԲԴԽ-ի ընտրողական վերաբերմունքը վստահության չեն ներշնչում։
Երբ խոսում էինք Կարապետյանցի հետ, դատախազության պարզաբանումը դեռևս չէր հրապարկվել։ Հրապարակումը, սակայն, ոչ բոլոր մտահոգություններ է փարատում։
Իրավապաշտպանը, օրինակ, հիշեցնում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորի մասին, որի նկատմամբ շատ կարճ ժամանակում քրեական գործ հարուցվեց․ «Այնպես չէ, որ նա սուրբ էր կամ օրենքի հետ կապված խնդիրներ չուներ, հարցն այն է, թե երբ է դա արվում, ոնց է արվում, ինչ մոտիվացիայով է արվում․․․ Իրավապահ մարմինները, այդ թվում՝ դատախազությունը, անում են գործողություններ կան դրսևորում են անգործություն, որի արդյունքում անգամ այն մարդիկ, որոնք իրոք պետք է պատասխանատվության ենթարկվեն, իրենք իրենց քաղաքական հետապնդման զոհ կամ քաղբանտարկյալ ներկայացնելու հիմք են ստանում։ Գործողությունների հերթականությունը, ձևը, բովանդակությունը չի կարող այսքան ապաշնորհ, անձեռնահաս լինել․․․ Ու երբ մենք ասում ենք անցումային արդարադատություն, նաև սա նկատի ունենք»։
Ինչպե՞ս է Բախշիյանը առհասարակ դատավոր դարձել։ Կարապետյանցը հիշեցնում է՝ հեղափոխությունից հետո դատավոր դարձածների զգալի մասը նախկին քննիչներ են կամ դատախազներ՝ մարդիկ, որոնք փոխկապակցված են այս կառույցների հետ։ Սա, ըստ նրա, նույնպես լյուստրացիայի և համակարգային փոփոխությունների բացակայության հետևանք է․ մինչև հիմա քննիչին, ԱԱԾ աշխատողին, դատավորին ոչինչ չի հուշում, որ վարքագիծը պետք է փոխել․․․