Չինաստանում գիտնականները ստեղծել են էմբրիոնների «դայակ»՝ արհեստական բանականության վրա հիմնված ռոբոտացված համակարգ, որը հետևում է սաղմերին՝ օրգանիզմից դուրս աճեցման ժամանակ։ Գիտնականների ենթադրությամբ, ապագայում այն կարող է փոխարինել հղիության բնական ճանապարհը, ավելի անվտանգ ու արդյունավետ լինել երեխայի և մոր համար։
Չինաստանի արևելյան Սուչժոու քաղաքում գտնվող կենսաբժշկական ինժեներիայի և տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները հաջողությամբ օգտագործել են արհեստական բանականության համակարգը՝ սաղմերի աճեցման համար։ Աճեցումը կատարվում է «արհեստական արգանդ» կոչվող էմբրիոնների կուլտիվացման երկարաժամկետ սարքում, որն իրենից ներկայացնում է սնուցման հեղուկներ պարունակով կոնտեյներների հավաքածու։ Համակարգը անընդհատ հետևում է սաղմի մեծացմանը և, չնչին փոփոխություններ նկատելիս, կարգավորում մատուցվող օդի, ջրի և սննդանյութերի քանակությունը։
South China Morning Post ամսագիրը գրում է, որ փորձը դեռևս կենդանիներին է վերաբերում, մասնավորապես՝ մկներին։ Ըստ մասնագետների, համակարգի օգնությամբ հնարավոր կլինի վաղաժամ ախտորոշել պտղի տարբեր բնածին հիվանդություններ և զարգացման արատներ, միաժամանակ շրջանցելով վերարտադրողական առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ։
Հետազոտողները հույն ունեն, որ այս փորձերը կօգնեն բարելավել կյանքի ստեղծման և մարդու սաղմնային զարգացման մասին մարդկության պատկերացումները։
Նշենք, որ միջազգայնորեն ընդունված էթիկայի որոշակի կանոններ, այնուամենայնիվ, սահմանափակում են փորձի կիրառումը մարդկանց՝ 3 շաբաթականից մեծ սաղմերի վրա։