Home / Մշակույթ / Պատմությանն առերեսվել առաջարկող թուրք պատգամավորին ուզում են դատել

Պատմությանն առերեսվել առաջարկող թուրք պատգամավորին ուզում են դատել

Թուրքական Մեջլիսի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Մուսթաֆա Սեզգին Թանրըքուլուի նկատմամբ Անկարայի գլխավոր դատախազությունն հետաքննություն է սկսել։ Պատգամավորը Հայոց ցեղասպանության մասին գրառում էր արել, դատախազությունը հայտարարում է, թե «կան հստակ ապացույցներ», որ «նսեմացվում է Թուրքիայի Հանրապետության հոգևոր ինքնությունը»։

Հետաքննությունը, ընդդիմադիր Cumhuriyet թերթի փոխանցմամբ, ընթանում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, որը «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի մեջլիսին, կառավարությանը և պետական դատական ատյաններին վիրավորելու» համար կեսից երկու տարվա պատիժ է սահմանում։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Թանրըքուլուն թվիթերի իր միկրոբլոգում գրել էր․ «107 տարի առաջ 1915 թվականի ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Ստամբուլում, բռնի քշվեցին Չանքըրը, Այաշ, Անկարա և «անհետացան»: Իրական արդարության հնարավոր չէ հասնել առանց այս պատմության հետ առերեսվելու, որը չարիքի սկիզբն է»։

«Աստծո ողորմություն»

Պաշտոնական Անկարան, ինչպես հայտնի է, հայոց ցեղասպանության փաստը ժխտում է։ Նախորդ տարիների պես՝ այս տարի ևս ապրիլի 24-ին նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես եկավ ուղերձով, որում «Աստծո ողորմություն» էր առաջարկում «օսմանյան հայ քաղաքացիներին, որոնք ընդմիշտ հեռացել են Առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում»։ Էրդողանը հիշատակում էր նաև «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը», որին, ըստ նրա, «անկեղծորեն սատարում են հայկական ծագում ունեցող քաղաքացիները»․․․

«Գորշ գայլ» Մևլութ Չավուշօղլու

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ այցելել էր Ուրուգվայ։ Մոնտեվիդեոյում՝ Թուրքիայի դեսպանության առջև, Ուրուգվայի հայ համայնքը բողոքի ցույց էր անում․ Չավուշօղլուն իր մեքենայի իջեցված պատուհանից նրանց ցույց էր տվել թուրքական ուլտրանացիոնալիստական «Գորշ գայլեր» խմբավորման հայտնի ժեստը։

Դեպքից անմիջապես հետո Ուրուգվայի արտգործնախարարը Թուրքիայի դեսպանին կանչել է նախարարություն՝ նշանի կապակցությամբ բացատրություններ տալու համար։ Ուրուգվայի հայկական կազմակերպությունները, Ուրուգվայի ԱԳՆ-ն ու նախագահը դատապարտել են Չավուշօղլուի արարքը։ Թուրքիայի արտաքին գերատեսչությունը տեղի ունեցածի արթիվ բացատրություններ չի տվել, փոխարենը՝ հայտարարություն է հրապարակել, որում «անհաջող» է որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը՝ այն համարելով «2021 թ. արված սխալի կրկնություն»: