Ճապոնացի ինժեներները ստեղծել են հագուստ, որի գործվածքում «ներկառուցված» հեղուկ համաձուլվածքի միջոցով հնարավոր է տարբեր տեսակի գաջեթներ լիցքավորել։ Լիցքավորումը մարմնի շարժումներին չի խանգարում, լիցքավորող հարմարանքը ձգման կամ թեքումների ժամանակ չի վնասվում։
Տոկիոյի համալսարանի ինժեներների խումբը՝ Յոսիհիրո Կավահարայի (Yoshihiro Kawahara) ղեկավարությամբ, անլար լիցքավորման նոր կոնստրուկցիա է ստեղծել, որի հիմքում հեղուկ համաձուլվածք պարունակող սիլիկոնային ճկվող խողովակներ են, գրում է Nplus1-ը։
CHI 2022 կոնֆերանսի ընթացքում ներկայացված հոդվածի հեղինակները պնդում են, որ խողովակները հնարավոր է կարել հագուստի մեջ և դրանցով հեռախոսներ, լուսադիոդներ կամ այլ սարքավորումներ լիցքավորել։
Էլաստիկության շնորհիվ սիլիկոնային խողովակները շարունակում են իրենց աշխատանքը մարմնի բնական շարժումների ընթացքում՝ չսահմանափակելով դրանք։
Հագուստի միջոցով կարելի է ապահովել նաև ընկալող֊հաղորդող սարքերի լիցքավորումը, որոնք կարող են նաև տարբեր չափումներ իրականացնել, օրինակ՝ հետևել մարմնի խոնավությանը կամ տարբեր կենսական ցուցանիշներին (շնչառություն, պուլս, ջերմաստիճան, սրտի աշխատանք)։
Սիլիկոնային խողովակները լցված են ինդիում֊հելիումային համաձուլվածքով, որը 16 °C֊ից բարձր ջերմաստիճաններում գտնվում է հեղուկ վիճակում։ Հագուստի մեջ դրանք կարվում են հորիզոնական գծերի տեսքով՝ գոտկային հատվածում․ նմանատիպ զոլավոր նախշի շնորհիվ խողովակները ինդուկցիոն կոճ են ձևավորում։
Ներքևում խողովակի ծայրերը միանում են փոքր չափերի կառավարման տախտակին (control board) և արտաքին ակումուլյատորին, որը կարելի է կրել գրպանում։ Եթե համապատասխան անտեննա ուեցող սարքերը մոտեցնել այս հագուստին, այն էներգիա կստանա և կլիցքավորվի․ փորձարկումները ցույց են տվել, որ փոփոխական հոսանքի օգտագործման դեպքում սարքին փաստացի փոխանցվող հզորությունը 2.5 Վատտ է կազմում։