Հայաստան-Թուրքիա բանակցություններում այս պահին որևէ էական, շոշափելի արդյունք չկա՝ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Արձագանքելով պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին, Միրզոյանը չի բացառել, որ ինչ-որ պահի, երբ գործընթացը շոշափելի հաջողություններ գրանցի, հայ և թուրք բանագնացների որևէ հանդիպում կարող է նաև Երևանում կամ Անկարայում լինել, միևնույն ժամանակ ընդգծել է՝ «այդքան մեծ կարևորություն հանդիպման վայրին չի տալիս»։
«Այս պահին կարող եմ ասել, որ ցավալիորեն՝ որքան էլ վերբալ և հանրային խոսքի մակարդակներում ասվում է, թե գործընթացն առանց նախապայմանների է, այնուամենայնիվ մեր թուրք գործընկերները որոշակիորեն սինխրոնացնում են այս գործընթացն Ադրբեջանի հետ մեր ունեցած գործընթացի հետ, նարատիվի մաս են դարձնում», – հայտարարել է ԱրարատՄիրզոյանը։
Արտգործնախարարը վերահաստատել է՝ Հայաստանը հետաքրքրված է սահմանի բացմամբ և հարաբերությունների հաստատմամ։
«Կուզենանք նույնը տեսնել նաև թուրքական կողմից, բայց Թուրքիայի արտգործնախարարի ժեստերը և այլն չեն նպաստում այդ գործընթացին», – եզրափակել է պաշտոնյան:
Ապաշրջափակման իրավասությունը
Բոլոր բացվելիք ճանապարհները պետք է մնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնցով անցնում են՝ անդրադառնալով տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում հայ-ադրբեջանական համաձայնություններին, ասել է Միրզոյանը։
Բաքվից նախօրեին հայտարարել էին, թե առաջնորդների բրյուսելյան վերջին հանդիպմանը «Զանգեզուրի միջանցքը» բացելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
««Զանգեզուրի միջանցքը»՝ այն տրամաբանությամբ, որով շրջանառվում էր տարիուկես, երկու տարի կամ ամիսներ շարունակ, և որը ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել․․․ Մեզ համար այդ տրամաբանությունն անընդունելի է, և կարծես թե կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու՝ բացվելու են տնտեսական ուղիները, բայց այն մեխանիզմներով ու այն պարամետրերով, որոնք ընդունելի են մեզ համար», – նշել է նախարարը։
Մինսկի խմբի «մահվան» մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են
Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունները շարունակելու կոնսենսուս չկա՝ առաջին հերթին Ադրբեջանի կողմից և ջանքերով, սակայն համանախագահության ֆորմատի «մահվան» մասին լուրերը ևս փոքր-ինչ չափազանցված են՝ պատասխանելով մեկ այլ հարցի, հայտարարել է ԱԳ նախարարը։
«Ուկրաինական պատերազմի բերումով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները, մեղմ ասած, ակտիվ չեն ընթանում: Ընդհանրապես, կարելի է փաստել, որ այդ շրջանակներում չեն եղել համենայնդեպս տեսանելի աշխատանքներ:
Մինչ այդ Ադրբեջանն էր այն երկիրը, որը մերժում էր Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը, առաջարկը: Բայց ուկրաինական պատերազմից հետո նաև համանախագահների շրջանում որոշակի տարակարծություն կար: Մենք, անշուշտ, ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորման առումով բանակցությունների տեղը և ձևաչափը տեսնում ենք հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում», – ասել է Միրզոյանը:
Հայկական կողմն այս ուղղությամբ աշխատանքներ է տանում բոլոր միջազգային գործընկերների և, առաջին հերթին, համանախագահների հետ։ Վերջին շրջանում, ըստ նրա, համանախագահները «վերահաստատում են այդ ձևաչափում աշխատանքները շարունակելու հանձնառությունը», ինչը կարելի է տեսնել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումից հետո արված համատեղ հայտարարությունում, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ իր հանդիպմանը հաջորդած հայտարարությունում, ֆրանսիացի գործընկերների հրապարակած հաղորդագրություններում: Կոնսենսուն, ամեն դեպքում, դեռևս չկա։