հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մշակույթ / Մեծահասակները թվեր շատ են սիրում․ 9 ֆիլմ տարածաշրջանից

Մեծահասակները թվեր շատ են սիրում․ 9 ֆիլմ տարածաշրջանից

«Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրերից մեկը՝ կարճ ֆիլմերի տարածաշրջանային համայնապատկերը, բացահայտում է Հարավարևմտյան Ասիայի երկրները՝ թեմաների և դրանց մատուցման ողջ բազմազանությամբ: Այս տարի հայկական կարճամետրաժներին զուգահեռ ցուցադրվեցին նաև ֆիլմեր Վրաստանից, Իսրայելից, Պաղեստինից, Քուրդիստանից, Իրանից, Իրաքից, Հորդանանից, Եգիպտոսից:

Water, Wind, Dust, Bread (Ջուր, քամի, փոշի և հաց)
Ջուր, քամի, փոշի և հաց / Մահդի Զամանպուր

Մահդի Զամանպուրի «Ջուր, քամի, փոշի և հաց» ֆիլմը պատմում է հաշմանդամություն ունեցող տղայի և ծննդյան վկայական չստացած աղջկա ընկերության մասին: Բարդ խնդիրների մասին վավերագրականը լի է մանկական խանդավառությամբ. աշխարհը երեխայի պրիզմայով պատկերելն իրանական կինոյի առանձնահատկություններից է: 

Նարգես Ջուդաքիի «Բիբիջանը» շարունակում է Իրանում աֆղանցի գաղթականների ծանր կեցության թեման: 13-ամյա Բիբիջանը ամուսնությանը հաջորդող օրը գլխատվում է հարազատ եղբոր կողմից, որը նրան անառակության մեջ էր կասկածում: Տեսնում ենք մարդասպանին. նրա մեջ չկա ոչ մի վանող բան, խոսքերը ողջամիտ են ու համոզիչ: Որպես ավանդույթը մեծարող անկեղծ հավատացյալ՝ նա արդարացնում է իր հանցանքը: Ահարկու «սրբազան օրենքները» այլ կերպ գործելու հնարավորություն անգամ չեն թողնում: 

Khadiga (Խադիգա)
Խադիգա / Մորադ Մոսթաֆա

Մորադ Մոսթաֆայի «Խադիգայի» հերոսուհին երիտասարդ մայր է, որի ամուսինն աշխատանքի է անցել հեռավոր քաղաքում: Հերոսուհուն հետապնդող տեսախցիկը, կտրտվող մոնտաժը, Կահիրեի փողոցների իրարանցումն ու խառնաղմուկը ստեղծում են ճնշող, անհանգիստ միջավայր: Հայտնվում ես նրա մաշկի տակ, զգում նրա չարտահայտվող տագնապը: 

Ահմադ Սալեհի «Գիշերը» աղջկան կորցրած պաղեստինցի կնոջ պատմությունը փոխանցում է անիմացիոն ֆիլմի պատկերավոր լեզվի միջոցով: Հենց անձնավորված Գիշերն է գլխավոր հերոսը: Պատերազմը խլել է ավերված քաղաքի բնակիչների քունը, բայց Գիշերը ննջեցնում է նրանց՝ պարգևելով  ժամանակավոր անդորր: 

From the Mountain (Սարից)
Սարից, Ֆեզալ Ատրաշ

Ֆեզալ Ատրաշի «Սարից» ֆիլմը պատմում է 1920-ականներին Անդրհորդանանում տեղի ունեցող սիրիական ազգային-ազատագրական պայքարի մասին: Ապստամբության առաջնորդ Սուլթան ալ-Ատրաշը չի ներկայացվում որպես ստանդարտ ազգային հերոս․ ուշադրություն է դարձվում նրա անձնային որակներին, հարազատների հետ հարաբերություններին: Ռեժիսորը իրական ալ-Ատրաշի ուղիղ ժառանգորդն է, ֆիլմը կարելի է ընկալել որպես յուրօրինակ ընտանեկան պատմություն: 

Իսրայելցի Նիմրոդ Ռաիֆի «Փոխանակման» հերոսը եղբոր հետ ճանապարհ է ընկնում՝ հրաժեշտ տալու կյանքից հեռացող տատիկին: Եղբայրները ասես հակապատկերներ լինեն․ մեկը՝ կյանքի լուսանցքում հայտնված անհաջողակ, մյուսը` հարմարվող, վստահ, պրագմատիկ: Բայց ազգականներին կապող անտեսանելի թելերը շատ ավելի ամուր են․ հարազատի մահը հիշեցում է ընդհանուր ժառանգության ու համատեղ ճակատագրի մասին: 

Անա Ջեգնարաձեի և Մարիտա Թեվզաձեի «Մահացածները կհասկանան» ֆիլմում տեսնում ենք՝ ինչպես են փոքրիկ վրացական գյուղի բնակիչները գոյատևում համավարակի ժամանակ: Նոր իրադրությունը ստիպում է վերանայել որոշ սովորույթներ, խախտել օբյեկտիվ իրականության հետ հակասության մեջ մտած կրոնական ավանդույթները: Գյուղացիներն հրաժարվում են անգամ զատիկին գերեզմաններ գնալուց. «Այս տարի մահացածները կհասկանան»:

Laboratory # 2 (Լաբորատորիա թիվ 2)
Լաբորատորիա թիվ 2, էդրիս Աբդի, Ավարա Օմար

Մահը և՛ մետաֆիզիկական ֆենոմեն է, և՛ կենսաբանական գործընթաց` գիտական հետազոտության առարկա: Քուրդիստանում նկարված իրաքցի էդրիս Աբդիի  ու իրանցի Ավարա Օմարի համատեղ «Լաբորատորիա թիվ 2» ֆիլմի հերոսը երկար տարիներ աշխատում է համալսարանական դիարանում: Կյանքի և մահվան տարօրինակ համակեցության վայրում աշխատողների լավագույն ընկերը գիտությանը կտակված դիակն է: 

Subtotals (Ենթագումարներ)
Ենթագումարներ / Մոհամադռեզա Ֆարզադ

Գլխավոր մրցանակին արժանացած «Ենթագումարներ» պոետիկ ֆիլմ-էսսեն սկսվում է «Փոքրիկ իշխանից» մեջբերումով՝ «մեծահասակները թվեր շատ են սիրում»: 7 տարի շարունակ ռեժիսոր Մոհամադռեզա Ֆարզադը հավաքագրում էր կադրեր իրանցիների ընտանեկան արխիվներից: 8մմ ժապավենին առկայծող կերպարներն այլևս իրական մարդիկ չեն, հիպնոտիկ հետկադրային տեքստի հետ միասին նրանք վկայում են համընդհանուր մարդկային փորձառության մասին:

Սինեսկոպ