Home / ԼԳԲՏ+ / Օրենքի մեր դարում դեռահասը մարդ չէ

Օրենքի մեր դարում դեռահասը մարդ չէ

(Հոկտեմբերի 20-ին Երևանում ինքնասպան եղած տղաները իսստագրամում մահվան գրություն էին թողել՝ մի քանի լուսանկար իրենց համատեղ կյանքից)

Լալա Ասլիկյան․ — համապատասխան բարձրագույն կրթություն ունեցող կույր երիտասարդը չի կարող գտնել ուսուցչի աշխատանք այն մարզում, որտեղ ապրում է, որովհետև կա մրցույթ ու տնօրենի հայեցողությանն է մնում որոշումը /բա որ վնաս տա երեխաներին, կամ՝ դու կուզեիր քո երեխայի դասատուն կույր լիներ/; դեռահասները, ովքեր ունեն դիաբետ, ոչ միայն թաքցնում են դպրոցում, որ սրսկվում են, այլ պատրաստ են հանուն դրա կոմայի մեջ ընկնել, միայն թե չիմանան հասակակիցները ու ուսուցիչները; երիտասարդները նախընտրում են գնալ կամրջից միասին գցվել, քան ապրել այնտեղ, որտեղ իրենք հրապարակել են իրենց նույնասեռականության մասին պատմող ֆոտոները; ես լսում եմ իմ շատ ծանոթներից, որ 20 տարեկանների շրջանում լայնորեն տարածված է թմրանյութերի օգտագործումը:

ես, իմ հասակակիցները այս երիտասարդների ծնողների տարիքում ենք մոտավորապես ու հաստացած կաշի ենք ձեռք բերել ընթացքում, եթե հասել ենք էս տարիքի՝ պատերազմերի ժամանակ, բանտում, ոստիկանությունում, բանակում սպանությունների ժամանակ, կնասպանությունների ժամանակ, այս նույն իրավիճակներում, երբ մեր հասակակիցներն էին տուժում: ու մտածում եմ, որ լավ, արդեն մի բան արած պետք է լինեինք, որ գոնե մի քիչ արդեն էս էրեխեքը պաշտպանված լինեին: մի խելացի բան, մի հնար, մի կախարդական բան, որ մարդիկ իմանային փոքր տարիքից ինչպես օգնել կամ օգնության դիմել. ցանկացած հասարակության հիմքը: ու պարզվում ա, որ այդ հնարը ոչ թե մի սուպերխելոք քայլ էր, այլ ամեն օրվա գործողություններդ, մտքերդ, բառերդ, ընտրություններդ էին, բայց հաստատ ոչ կաշիդ հաստացնելը․․․

Աննա Դավթյան. — Իսկապե՞ս, 16 տարեկանը օրենքով պետք է վերաբերվի՞ իր սեռականությանը։ Ուրեմն մինչեւ դեռահաս դառնալը պետք է նախ իրավաբանություն սովորեցնել, որ հանկարծ սեռականության դերը օրենքի վերմակից չանցնի։ Օրենքը ունի ձեր փոխարեն ձեր երեխայի կյանքը կարգավորելու կարգավիճակ, բայց արդյո՞ք կյանքը կարգավորվում է։ Ու օրենքից խոսողների հայացքը այդ երեխայի ծնողի հայացքն է ու հասարակության՝ խախանդ ապրելու քաղպատշաճության, ոչ թե այդ երեխայի։

«Անհնա՞ր է արդյոք ուղղակիորեն նկատել երեխայի մոտ այդ սեռական ազդակները եւ տարփանքից կազմված այդ ձեւավորումները՝ իրենց ամբողջ կենսական թարմությամբ, որոնք փլատակների ձեւով մենք այդքան դժվարությամբ քաղում ենք մեծահասակից, եւ որոնք, մեր կարծիքով, բոլոր մարդկանց ընդհանուր ժառանգությունն են եւ ջղային հիվանդների մոտ միայն արտահայտվում են առավել խտացված կամ աղավաղված»։

Ֆրոյդ

«Հասկանալի է, որ օրենքը պետք է ասի, թե ով է երեխա եւ ով՝ ոչ, թե որ տարիքում ենք մենք ազատ մեր մարմինը տնօրինելու, եւ ինչպես նաեւ պատժվում են նրանք, ովքեր խախտում են այս իրավական կարգադրությունները։ Ինչ վերաբերում է սպանություններին, ինչպես միշտ, դրանք պետք է պատժել ամենաարդար եւ ամենախիստ ձեւով։ Այս ասելով՝ ոչ միայն անօգուտ է, այլեւ խորապես հետադիմական եւ վնասակար է այն վկայակոչել՝ մնալու համար մանկության արխայիկ պատկերացումների, նախաֆրոյդյան խաբուսիկ բարոյախոսության շրջանակներում, եւ մոռանալ, որ հզոր ազդակները, սեռական մշտարթուն հետաքրքրասիրությունը ցանկացած մանկության կառուցվածքի մաս են կազմում։ Այն աստիճան, որ շատ նուրբ հարց է՝ չափել մանկան մեղսակցության աստիճանը նրանց հետ, ովքեր նախաձեռնում են նրան սեռապես գայթակղել, նույնիսկ եթե արդարացիորեն պնդում ենք, որ այդ մեղսակցության գոյությունն ամենեւին չի ենթադրում դրանից օգտվող մեծահասակի մեղքի թողություն։

Ավելացնենք, որ բոլոր նրանք, որ կազմակերպում են ստորագարահավաքներ, մատնություններ, համացանցային կայքեր եւ անվերահսկելի լինչի դատաստաններ մանկամոլների վերաբերյալ, լավ կանեին քննեին ընտանիքի հիվանդածին, այդ թվում՝ սեռականորեն հիվանդածին կազմվածքը։ Մանկական սպանությունների ճնշող մեծամասնությունը կատարվել են ոչ թե ստահակ ամուրի մանկապիղծների, այլ ծնողների, հատկապես մայրերի կողմից։ Եւ սեռական շփումների ճնշող մեծամասնությունը արյունապիղծ է՝ այս անգամ նախաձեռնված հայրերի կամ խորթ հայրերի կողմից։ Բայց այս ամենի վերաբերյալ «սուս» եւ կողպած բերան։ Մարդասպան մայրեր եւ արյունապիղծ հայրեր՝ անսահմանորեն ավելի տարածված, քան մանկապիղծ մարդասպանները՝ այս ամենը դժվարությամբ է տեղավորվում ընտանիքների հովվերգական երփնապատկերում, ուր ցանկանում ենք տեղադրել քաղաքացի ծնողների անուշիկ հարաբերությունները իրենց հրեշտականման փոքրիկների հետ»։

Ալան Բադիու

(Մինչեւ Ֆրոյդը, սեռական առումով կինը մարդ չէր։ Լուսավորյալ օրենքի մեր դարում դեռահասը մարդ չէ)։

(Տասնվեց տարեկանում չի կարելի սեքս անել, իսկ երկու տարի հետո կարելի է ուղարկել բայրաքթարի տակ մեռնելու, քանի որ օրենքն ասում է՝ չափահաս)։

Վարդան Ջալոյան. — Հարգենք սերը։ Ժամանակակից սերը ռոմանտիկ գյուտ է։ Տեսաբանները առաջին օրինակը տեսնում են Գյոթեի «Վերթերի» մեջ։ Վերթերը կյանքը վերջացնում է ինքնասպանությամբ։ Հետևելով նրան մի քանի հազար սիրահարներ իրենց կյանքը վերջացնում են ինքնասպանությամբ։ Սարսափած Գյոթեն հաջորդ հրատարակություններում փոխում է վերջաբանը։

Վերջաբանը կարելի է փոխել, ռոմանտիկ սիրո բանաձևը՝ որ սիրեցյալը ամբողջ աշխարհն է, երբ նա չկա, ամեն ինչ անիմաստ է, այլևս չի կարելի փոխել։ Հանուն սիրո պատրաստ են մեռնել բոլոր ռոմանտիկ սիրահարները, անկախ սեռից, ազգությունից, ռասայից։

Սերը շատ կարևոր է, բայց ռոմանտիկ սերը ընդհամենը մի տարբերակ է։ Ռոմանտիկ սիրո ինքնասպանությունները սխալ են, սերը անկրկնելի չէ, սիրո զգացումն է անկրկնելի։ Եթե ունես այն, այն քո հետ է միշտ․․․