2020-ի նոյեմբերի 10-ից 2022-ի նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Ղարաբաղում 18 անձ է սպանվել (3-ը՝ քաղաքացիական, 15-ը՝ զինվորական), սպանության փորձի է ենթարկվել 132 անձ (54-ը՝ քաղաքացիական, 78-ը՝ զինվորական), հրազենային վիրավորում ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 67 անձ (16-ը՝ քաղաքացիական), հայտնել է Լեռնային Ղարաբաղի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայտնված 8 անձանցից 5-ը վերադարձվել է բռնության, խոշտանգման հետքերով։ Օմբուդսմենը շեշտել է՝ Մարտունու շրջանի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող Արտակ Մանասյանը (ծնված 1989թ.) հայկական կողմին վերադարձվելուց ամիսներ անց մահացել է։
Ադրբեջանցի զինվորականները, ըստ Գեղամ Ստեփանյանի, երբեմն մտնում են այգիներ և զենքի գործադրման սպառնալիքով բերքահավաքին մասնակցող անձանց ստիպում լքել դրանք․ նման վարքագծի հետևանքով, ըստ պաշտպանի, զոհվել են Մարտակերտի շրջանի բնակիչ, հողագործությամբ զբաղվող Արամ Տեփնանցը (սպանվել է 2021-ի հոկտեմբերի 9-ին՝ Մարտակերտի մերձակայքում) և Մարտունու շրջանի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող Սեյրան Սարգսյանը (սպանվել է 2021-ի դեկտեմբերի 3-ին՝ Ճարտար քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում)։
Մարդու իրավունքների պաշտպանի տվյալներով, անցած 2 տարիների ընթացքում ԼՂ իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է նյութական և մարդկային վնասի հանգեցրած հանցագործության 121 դեպք։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Ղարաբաղում 13 բնակելի տուն է թիրախավորել, վնասել կամ ոչնչացրել է 8 գյուղատնտեսական տեխնիկա, 22 տրանսպորտային միջոց, 16 այլ գույք, հրկիզել է 5 այգի, խաղաղ բնակչությունից հափշտակել մանր և խոշոր եղջերավոր անասուններ։ Ըստ օմբուդսմենի, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող արոտավայրեր անցած կենդանիները չեն վերադարձվում, այլ հափշտակվում են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։
Այս գործողությունները ավելի խոսուն են, քան ադրբեջանական ղեկավարության կեղծ խաղաղասիրությունն ու տրվող սուտ խոստումները՝ եզրակացրել է Ղարաբաղի օմբուդսմենը։