Հունվարի 29-ին փաստաբան Ռոման Երիցյանը ահազանգել էր՝ ռուս խաղաղապահները Հայաստանից մոտ 35 միլիոն դրամի ապրանք տեղափոխելու դիմաց «զգալի չափով գումար» են վերցրել ղարաբաղցի տնտեսավողներից և հափշտակել փոխանցման ենթակա ապրանքները։
Ղարաբաղի Դատախազությունը հայտարարում է, թե «վերոգրյալ դեպքից տուժած անձանց» հրավիրել է «պարզաբանումներ տալու»։ Պարզաբանումներից, ըստ դատախազության, «ակնհայտ է դարձել, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականները դեպքի հետ որևէ առնչություն չունեն»։
Փաստաբանի հաղորդումը
«Արցախի մի շարք տնտեսվարող սուբյեկտներից քիչ առաջ տեղեկացել եմ, որ բավականին զգալի չափով գումարային հատուցման դիմաց վերջիններս մոտ 35 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքի (հեռախոս, համակարգիչ, աքսեսուարներ, սննդամթերք, առաջին անհրաժեշտության օգտագործման գույք և այլն) տեղափոխման աշխատանքներ են փորձել ձեռնարկել ՌԴ խաղապահ զորամիավորման որոշ ծառայողների օգնությամբ, ովքեր գույքի տեղափոխման դիմաց վճարը ստանալով հանդերձ յուրացրել են փոխանցման ենթակա գույքը և ներկայումս հրաժարվում են տրամադրել տնտեսվարողներին։
Այնուհետև խաղաղապահ զորամիավորման բարձրաստիճան պաշտոնատար անձինք խոշոր չափերի (3 մլն ՀՀ դրամ) դրամական միջոցներ են սկսել շորթել տնտեսվարողներից՝ հարցին լուծում տալու նպատակով, սակայն ստանալով մերժում, տնտեսվարողներին տեղեկացրել՝ իբր գույքի մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը դարձել նպատակային նշանակությանն անպիտան», – հունվարի 29-ին գրել էր Ղարաբաղի փաստաբանների պալատի անդամ Ռոման Երիցյանը։
Խաղաղապահ զորամիավորման պաշտոնյաները, ըստ նրա, հրաժարվում են անգամ հանդիպել տնտեսվարողների հետ և առաջարկում են սպասել «մինչև հարցին կտրվի որևէ լուծում»։ Զորախմբի պատասխանատու անձանցից մեկը, Երիցյանի խոսքով, առաջարկել է տնտեսվարողներին «փոխանցել պիտանի մնացորդ գույքը», մոռանալ փչացած ապրանքների մասին և զերծ մնալ հետագա գործողություններից։
«Առկա են թե՛ գույքի փոխանցման, թե՛ գույքի արժեքի, թե՛ գումար շորթելու, թե՛ գույքի ոչնչացված լինելու մասին կեղծ հայտարարություն տալու, թե՛ գույքը յուրացնելու և թե՛ այլի վերաբերյալ հստակ ապացույցներ», – գրել է փաստաբանը։
Գրառմանը կից ներկայացվել են «մնացորդ գույքի լուսանկարները»։ Երիցյանը հավելել է․ «Ըստ տնտեսվարողների՝ դրանց պահատուփերը բացվել ու զննվել են, սակայն առկա գույքի ոչ արժեքավոր լինելու պատճառով առաջարկվել է դրանք փոխանցել տնտեսվարողներին»։
Արձագանքելով ֆեյսբուքի օգտագերերի քննադատությանը, ըստ որոնց՝ խաղաղապահների մասին նման գրառումները ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին, և նրան, որ հայտարարությունը «լրիվությամբ այլ կոնտեքստում շրջանառվել է նաև թշնամու կողմից» փաստաբանը ավելի ուշ պարզաբանել է՝ «քննադատությունս նվիրված էր ոչ թե ՌԴ ընդհանուր խաղաղապահ զորամիավորմանը, այլ տեղում ծառայող որոշ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց»։
Նախքան հանրային հարթակով տեղի ունեցածի մասին խոսելը տնտեսվարողները, ըստ նրա, դիմել են պետական որոշ մարմինների, այդ թվում՝ Ղարաբաղի պետական նախարարին։ Փաստաբանը պնդում է, որ վերջիններս ոչինչ չեն ձեռնարկել։
«Հանրային հարթակում տեղի ունեցածի մասին խոսելը հետապնդում էր 3 կարևոր նպատակ՝ ա․ ինֆորմացիան հասանելի դարձնել պատասխանատու պաշտոնատար անձանց, այդ թվում՝ զորամիավորման վերադաս մարմիններին, բ․ հանրային պարսավանքի ենթարկել այս պայմաններում նման սրիկայություն գործած անձանց, գ․ Արցախի տնտեսվարողներին զերծ պահել հետայսու նման գործողություններ ձեռնարկելուց», – ի թիվս այլի, գրել է Երիցյանը։
Հանրայնացման շնորհիվ, ըստ նրա, խաղաղապահ զորամիավորման վերադաս հրամանատարությունն իրազեկվել է դեպքի մասին և սկսել լրջորեն միջոցներ ձեռնարկել տեղի ունեցածը և պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ։
Ստեփանակերտի պատասխանը
«Այսօր ԱՀ դատախազություն են հրավիրվել վերոգրյալ դեպքից տուժած անձինք, որոնց կողմից տրված պարզաբանումներից ակնհայտ է դարձել, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականները դեպքի հետ որևէ առնչություն չունեն, այն տեղի է ունեցել ՀՀ տարածքում՝ որպես ռուս զինվորական ներկայացած անձի մասնակցությամբ, ում ինքնությունը պարզելու և հափշտակված ապրանքի քանակն ու արժեքը որոշելու ուղղությամբ ՀՀ-ում գտնվող իրավասու մարմինների կողմից արդեն համապատասխան միջոցներ են ձեռնարկվում․․․
․․․Անընդունելի ենք համարում Արցախում ռուս խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված այնպիսի տեղեկության հանրայնացումը, որը կարող է չհիմնավորված կերպով ստվերել խաղաղապահների դերակատարությունն ու առաքելությունը, հանրության մոտ արհեստական բացասական վերաբերմունք ձևավորել նրանց նկատմամբ, ինչպես նաև օգտագործվել մեր հակառակորդների կողմից՝ ի վնաս Արցախի Հանրապետության շահերի», – արդեն այսօր հայտարարել է Ղարաբաղի դատախազությունը։