Home / Մարզեր / Շրջափակված Ղարաբաղում Սահմանադրություն են փոխում

Շրջափակված Ղարաբաղում Սահմանադրություն են փոխում

Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրության փոփոխության գործընթաց է նախաձեռնում, հայտնում են նրա աշխատակազմից։

Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ «նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ»:

Փետրվարի 13-ին Ղարաբաղի Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը։

Ըստ գործող Սահմանադրության՝ նախագահի կողմից ծանր հիվանդության կամ լիազորությունների կատարման համար այլ ան­հաղ­թահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների իրականացումը, Ազգային ժողովը Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պատգամավոր­ների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին, նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը: «Պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել», – ասված է Արցախի Սահմանադրության մեջ:

Օրեր առաջ Ղարաբաղի նախագահը, իսկ ավելի ուշ պետնախարար Ռուբեն Վարդանյանը «ճեղքել էին» շրջափակումը և մեկնել Մոսկվա՝ ասում էին ղարաբաղցի ընդդիմադիրները։ Պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունը ո՛չ հերքում էին, ո՛չ հաստատում։ Մոսկովյան այցերի օրակարգերը հայտնի չեն։

Դեռևս 2022-ի տարեվերջից՝ արդեն շրջափակման պայմաններում, Ղարաբաղում խոսում էին ներքաղական ճգնաժամի՝ հնարավոր արտահերթ ընտրությունների, Ռուբեն Վարդանյանի հնարավոր հրաժարականի, նախագահ-պետնախարար պայքարի մասին։ Անցյալ տարի Վարդանյանը հերքել էր այս տեղեկությունները։ Մեկ ամիս առաջ էլ՝ ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը, Հարությունյանը հավաստիացրել էր՝ Ղարաբաղում որևէ ներքաղաքական ճգնաժամ չկա։

Թե ինչպես էր Ղարաբաղը 2016-ին՝ 44-օրյա պատերազմից տարիներ առաջ, փոխում Սահմանադրությունը՝ կարելի է տեսնել այստեղ։