Ֆրանսիայում վերջին օրերին ձերբակալված 400 ցուցարարների զգալի մասը դեռահասներ են՝ 14-ից 18 տարեկան։ Պրոտեստներն ու անկարգությունները սկսվել են 17 տարեկան Նաէլ Մ-ի սպանությունից հետո։ Նախնական տվյալներով՝ Նաէլը ալժիրցի էր։ Ճանապարհային ոստիկանը գնդակահարել է նրան Փարիզի մոտակայքում՝ երթևեկության կանոնները խախտելու համար։ Սկզբից ոստիկանները հայտարարել են, որ Նաէլը փորձել է իրենց մեքենայի տակ գցել, բայց ավելի ուշ հրապարակված տեսանյութը բոլորովին այլ բանի մասին է վկայել։
Ոստիկանական հերթական ոճրագործությունից հետո Ֆրանսիան ալեկոծվում է։ Հինգշաբթի երեկոյան Նանտերում՝ Նաէլի հարազատ քաղաքում, հազարավոր մարդիկ խաղաղ երթի են դուրս եկել՝ արդար պատիժ պահանջելով ոստիկանների համար։ Պրոտեստները վերածվել են բախումների և, ինչպես իրավապահներն են ասում, «զանգվածային անկարգությունների»՝ հասնելով Բելգիա։ Բրյուսելում ձերբակալվել է 15 մարդ։
Մարդկանց դեմ են հանել մոտ 40 հազար ոստիկանների։ Որոշ շրջաններում դադարեցվել է հանրային տրանսպորտի աշխատանքը։
Այսօր առավոտնից իրավիճակը քիչ թե շատ հանդարտվում է՝ գրում է տեղական մամուլը։
Դեռահասին սպանած ոստիկանը ձերբակալվել է, նա մեղադրվում է «դիտավորյալ սպանություն» հոդվածով։ Հինգշաբթի նա հրապարակային ներողություն է խնդրել զոհի ընտանիքից։ Ոստիկանի փաստաբան Լորան-Ֆրանկ Լիենարը ասել է, թե իր պաշտպանյալը «դատարկված է» և «այն մարդը չէ, որն առավոտյան արթնանում է մարդկանց սպանելու համար»։
«Առաջին բառը, որ նա ասաց, ներողությունն էր։ Եվ վերջին բառը, որ արտաբերեց, ներողությունն էր», – հայտարարել է փաստաբանը։
Փարիզի մոտ գտնվող Նաէլի հարազատ Նանտերում փողոցային իրավիճակը սրվել է ։ Լուսանկարները փաստում են, որ այրվել է նաև Crédit Mutuel բանկի առաջին հարկը։ Հրշեջները փորձում էին փրկել վերևի հարկեի բնակիչներին։
Բի-բի-սի-ի թղթակից Քրիս Բոկմանը Թուլուզում՝ երկրի հարավ-արևմուտքում, ականատես է եղել, թե ինչպես է տեղ-տեղ այրվում Լե Միրեյ թաղամասը, որտեղ 35 000 մարդ է ապրում՝ հիմնականում Հյուսիային Աֆրիկայից եկածներ։ Le Monde հաստատում է։
Երեկ չէ առաջին օրը բախումները շարունակվել են մինչև կեսգիշեր։ Երեկ ոստիկանները նոր բռնկումների էին սպասում, բայց ուժեղ կայծակն ու անձրևը, կարծես, թուլացրեցին լարվածությունը։
Մարսելում ոստիկանների հետ բախումներից հետո ձերբակալվել է 3 մարդ։ Քաղաքի տարբեր հատվածներում աղբի կույտեր էին այրվում։ Նավահանգստի շրջանում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել։ Ուժայիններից մեկը վիրավորվել էր ֆաերից (ձեռքի հրավառություն)։
Լիլում 6 մարդ է ձերբակալվել։
Անկարգությունների ժամանակ խանութներ էին թալանվում։ Տեսանյութերում երևում է’ ինչպես են մարդիկ ներխուժում Փարիզի կենտրոնի թանկարժեք բուտիկներ: Էլիտար այդ փողոցը Լուվրի և Տյուիրլի պարտեզի մոտ է։ Կան տուժածներ, այրված մեքենաներ: