Home / Մարզեր / «Անփութություն»․ Ստեփանակերտում պայթյունից 300-ից ավել մարդ է տուժել

«Անփութություն»․ Ստեփանակերտում պայթյունից 300-ից ավել մարդ է տուժել

22։59 — Հաստատված մահերի թիվը՝ 68

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 22:00-ի դրությամբ հաստատված մահերի թիվը 68 է՝ գրել է Լեռնային Ղարաբաղի ՄԻՊ-ը։ Նրանցից 21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ:

Վիրավորվածների թիվը 290 է, նրանցից 168-ը այսօր տեղափոխվել են Հայաստանի ԲԿ-ներ (96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ)։

Պայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է։

20։42 — Լեռնային Ղարաբաղում երեկ տեղի ունեցած պայթյունից տուժած 67 քաղաքացի գտնվում է Երևանի Այրվածքաբանության կենտրոնում։ Պացիենտների մեծ մասի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։ Հայաստանի ԱՆ փոխանցմամբ՝ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված և երեկվա պայթյունից տուժած քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակվում է։

125 աճյուն այսօր տեղափոխվել է դատաբժշկական փորձագիտական կենտրոններ. – ՀՀ ԱՆ

19։39 — Լեռնային Ղարաբաղից արդեն գրեթե 40 մարդ է տեղափոխվել Երևանի Այրվածքաբանական կենտրոն։ Կան նաև անչափահասներ:

Հայաստանի առողջապահության նախարարի փոխանցմամբ՝ մինչև օրվա վերջ փորձելու են բոլոր վիրավորներին Արցախից տեղափոխել Հայաստան: Մեկ ուղղաթիռով 7 հիվանդ է տեղափոխվում, մինչ այժմ հայտարարվել է առնվազն 4 թռիչքի մասին․ «23 շտապօգնության մեքենաներ արդեն Ստեփանակերտից ճանապարհվել են Երևան։ 200-ից ավելի են վիրավորում ստացած անձինք, հիմնականում՝ ծանր, ծայրահեղ ծանր, միջին ծանրության պացիենտներ»։

Հայաստանից բժիշկների թիմն առավոտյան ուղղաթիռով է մեկնել Ստեփանակերտ, շտապօգնության մեծ բրիգադը շարժվել է Կոռնիձորից։

12։44 — «Ըստ երևույթին տեղի է ունեցել անփություն»

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը պատասխանել է «Ազատության» հարցին, թե արդյոք բացառվում է ահաբեկչության վարկածը։ Պաշտոնյան նշել է՝ «տեղում մարդիկ կան, պատմում են, որ անփութություն է եղել»։

12։00 — Ստեփանակերտի մերձակայքում վառելիքի պահեստի պայթյունից հետո 290 հիվանդ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է բուժհաստատություններ, 7 հիվանդ մահացել է հիվանդանոցում, 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»՝ առավոտյան գրել է Արցախի ԱՆ-ն։

«Տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Բազմաթիվ մարդիկ անհետ կորած են, քանի որ այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն»:

Հայաստանից առավոտյան ուղաթիռ են ուղարկել՝ բուժանձնակազմով և դեղորայքով։ Քիչ առաջ այն վայրէջք է

ուղարկված առաջին ուղղաթիռը վայրէջք է կատարել Սիսիանում, պացիենտներն այնտեղից կտեղափոխվեն Երևանի ԲԿ-ներ։ Պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների տեղափոխությունը շարունակվելու է։

00։25 — Բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։

«Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր: Լեռնային Ղարաբաղի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար: Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի, շատ շտապ», – գրել է ԼՂ ՄԻՊ-ը։

Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները օդային և ցամաքային ճանապարհով տուժածների տեղափոխումն ապահովելու համար՝ հաղորդել են ՀՀ ԱՆ-ից․ «Ցավոք, գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը»։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բաքուն բժշկական պարագաներ է ուղարկել Ստեփանակերտ։

22։03 — Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել՝ գրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Կան զոհեր և վիրավորներ, այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։ Տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։

photo_2023-09-25_20-19-10

Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը ավելի վաղ հաղորդել էր՝ ունենք մի քանի տասնյակ տարբեր այրվածքներով վիրավորներ։

Ստեփանակերտի Հանրապետական ԲԿ-ի բժիշկ Մարատ Հարությունյանը խնդրել է բոլոր բժիշկներին և բուժքույրերին գնալ մայրաքաղաքի Մանկան և Հանրապետական հիվանդանոցներ։

Արցախի ՄԻՊ-ը քիչ առաջ գրել է՝

տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա։

Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռեւս հնարավոր չէ պարզել։

«Հանրապետական բժշկական կենտրոնում եւ Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական եւ դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ», – հավելել է օմբուդսմենը։

photo_2023-09-25_20-19-09

Բենզինի պահեստում այս պայթյունը տեղի է ունցել Արցախից մարդկան մասսայական տարհանման ֆոնին՝ հազարավոր հայեր ավտոբուսներով և սեփական մեքենաներով լքում են իրենց տները։ Պատերազմից հետո (մինչ այդ ավելի քան 10 ամիս շրջափակված, երեք ամսիս՝ լրիվ պաշարված) Լեռնային Ղարաբաղ սնունդ, դեղեր, կենցաղային պարագաներ և վառելիք էին մատակարարել՝ Աղդամի ճանապարհով (Ադրբեջանից) և Լաչինի միջանցքով (Հայաստանից)։

Երեկվանից Ստեփանակերտի բենզալցակայաններում հսկայական հերթեր էին՝ մարդիկ վառելիք են հայթայթում Հայաստան տարհանվելու համար։ Արցախից հայտարարել էին, թե ժամը 14:00-ից Ստեփանակերտի 5 բենզալցակայաններում անվճար վառելիք է տրարադրվելու նրանց, ովքեր ցանկանում են գնալ Հայաստան: Ստեփանակերտից Epress.am-ին պատմել են՝ անվճար վառելիքը ոչ բոլորին է հասնում, մարդիկ վերջին խնայողությունները անգամ տալիս են մինիմալ անհրաժեշտ քանակի բենզին առնելու համար։