հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Որպես ադրբեջանցի՝ ես պետք է բարձրաձայնեմ իմ երկրի կողմից հայերի էթնիկ զտումների մասին

Որպես ադրբեջանցի՝ ես պետք է բարձրաձայնեմ իմ երկրի կողմից հայերի էթնիկ զտումների մասին

Ռուսլան Ջավադով*

Մեզ մեծացնում են, սովորեցնելով ատել միմյանց ու վախենալ իրարից, բայց ես ուզում եմ, որ իմ  հույսի ձայնը հասնի Լեռնային Ղարաբաղի տեղահանված երեխաներին.

Աշխարհն այս օրերին ականատես եղավ Լեռնային Ղարաբաղում հայկական դարավոր գոյության ավարտին: Բոլոր էթնիկ հայերը լքեցին վիճելի շրջանը՝ մեքենաների քարավանով շարժվելով դեպի Հայաստան։ Այժմ տեղահանված հայ երեխաները ատելու են ադրբեջանցիներին, ինչպես ես ժամանակին ատում էի հայերին այն ամենի համար, ինչ նրանք արեցին ինձ հետ: Ես 1990-ականների Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմից տուժածներից մեկն եմ։ Այն ժամանակ Հայաստանն էր, որ հաղթեց, և էթնիկ զտում իրականացրեց՝ իր հողերից տեղահանելով բոլոր ադրբեջանցիներին։ Ես բարձրաձայնում եմ այս մասին՝ հուսալով մի փոքրիկ խճաքար լինել բռնությունների այս անվերջանալի շրջանի մեջ։

Նախքան առաջին պատերազմը Ադրբեջանի սահմանների ներսում գոյություն ուներ «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը»՝ լեռնային հողատարածքում մեծամասամբ հայաբնակ մի կղզյակ, որի անմիջապես մեջտեղում գտնվում էր մշակութային նշանակություն ունեցող, մեծամասամբ ադրբեջանաբնակ միջնաբերդը՝ Շուշան։

Շուշայից դեպի դուրս ճառագում էին իրար փոխարինող էթնիկ խմբերի համակենտրոն շրջանակները. ադրբեջանցիները՝ շրջապատված հայերով՝ շրջապատված ադրբեջանցիներով և ադրբեջանցի քրդերով և այլն․ մեծ անհարմարություն այդ ժամանակ թափ առնող ազգայնական նարատիվների համար: Հայ և ադրբեջանցի լինելը դարձավ հակադիր և միմյանց բացառող։ Հարևանն ընդդեմ հարևանի դուրս եկավ, և, ի վերջո, պետությունն ընդդեմ պետության՝ ավերածություններ անող իրենց բանակներով:

Իմ մանկության առաջին հիշողությունները ձևավորվել են այդ պատերազմի ընթացքում։ Հիշում եմ՝ մի օր մթնշաղին քայլում էի հորս գյուղի հողոտ ճանապարհով, երբ երկինքը հանկարծ պայծառացավ՝ ցերեկվա լույսի պես, ու գլխիս վերևում փամփուշտներ սկսեցին թռչել: Հիշում եմ, որ ներկա էի 18-ամյա հորեղբորս հուղարկավորությանը և վախենում էի գերեզմաններից․ հանգուցյալների աչքերն ինձ էին նայում իրենց գերեզմանաքարերի նկարների միջից: Հորեղբայրս զորակոչվել էր պատերազմի և այնտեղ էլ մահացել։ Մեծահասակների խոսակցություններից հասկացա, որ նա ոտքը դրել էր ականի վրա, երկու ոտքերն էլ պայթել էին։ Հետո ինքն իրեն կրակել էր քունքից՝ նախքան ընկերները կհասցնեին կանգնեցնել իրեն։

Մորս ընտանիքը՝ Ադրբեջանի քրդեր, ծագումով Լաչինի լեռնային շրջանից են։ Ինձ պատմում էին, որ մենք այնտեղ մեծ, գեղեցիկ տուն ունեինք՝ բազմաթիվ պատուհաններով։ Մայրս սիրով հիշում էր, թե ինչպես էր մեծ տատիկս նրան ձիով տանում խորդուբորդ ժայռերի վրայով։ «Ինձ թվում էր, թե թռչում եմ», – ասում էր նա։ Հայկական ուժերն այնտեղ վերջ դրեցին մեր պապենական գոյությանը՝ էթնիկ զտմամբ՝ բոլոր նրանց, ովքեր հայ չէին: Ես երբեք չեմ տեսել մեր տունը, երբեք չեմ կարողացել ձիով «թռչել», չեմ տեսել Լաչինը, բացառությամբ՝ լրահոսում՝ դրա նոր հայկական «Բերձոր» անունով:

Դպրոցում ինձ սովորեցրին, որ հայերը չարագործներ են, որոնք պատասխանատու են մեր բոլոր ողբերգությունների համար. դժվար չէր սրան հավատալը՝ հաշվի առնելով այն, ինչի միջով անցել էր իմ ընտանիքը: Ռուսական կայսրությունը, ինչպես մեզ սովորեցնում էին, նրանց մեր երկիր էր տեղափոխել Իրանից՝ որպես հավատարիմ քրիստոնյա բնակչություն՝ 1828 թվականին ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո։ Մեզ սովորեցրին, որ հայերը խորամանկ խաբեբաներ են, որոնց երբեք չի կարելի վստահել։ Հեռուստատեսությամբ ես լսում էի, թե ինչպես են հայերին նկարագրում որպես «գարշելի թշնամիներ» և «վանդալներ»: Մեր խոշոր քաղաքներում հայերի դեմ ադրբեջանցիների իրականացրած սարսափելի ջարդերը ժխտվում էին, նվազագույնի հասցվում կամ բացատրվում իբրև հայերի կողմից կազմակերպված գործողություններ՝ իրենց որպես զոհ ներկայացնելու, միջազգային հանրության կողմից համակրանքի արժանանալու և օկուպացիոն պատերազմ սկսելն արդարացնելու համար: 1991-ի տխրահռչակ իրադարձությունների ժամանակ ադրբեջանական և խորհրդային զորքերի կողմից հայերի էթնիկ զտումների մասին խոսք անգամ չի եղել։ Երբեք չի խոսվել նաև Ադրբեջանում հայկական ժառանգության միտումնավոր և համակարգված ոչնչացման մասին:

Հետո ես իմացա, որ հայերին սնում էին նույն տիպի հաղորդագրություններով՝ ադրբեջանցիների մասին : Մեզ «թուրք» էին պիտակել՝ առաջ բերելով ակնհայտ տրավմատիկ ասոցիացիաները Հայոց ցեղասպանության հետ, ինչը մեզ մեղավոր դարձրեց մեկ այլ երկրում մեկ այլ ժողովրդի կողմից իրականացված հանցագործության համար: Կովկասի ադրբեջանցիների և Անատոլիայի թուրքերի մշակութային, կրոնական և լեզվական տարբերությունները, ինչպես նաև նրանց՝ միմյանց դեմ մղած պատերազմները, չէին մտահոգում հայ ազգայնականներին։ Մենք ոչ այլ ինչ էինք, քան Կենտրոնական Ասիայից եկած բարբարոս զավթիչներ՝ առանց պատմության և մշակույթի: 

1990-ականների մեր սարսափելի ճակատագրից հետո ատելությունը տիրեց Ադրբեջանը և կործանեց մեզ։ Ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը իշխանության եկավ 2003 թվականին և սահմանափակեց խոսքի ազատությունը՝ բացառությամբ հայերի դեմ ատելության խոսքի։ Հայերին մի քիչ ավելի շատ ատելն ու մեր բոլոր խնդիրների մեջ նրանց մեղադրելը միշտ ողջունելի է Ադրբեջանում։ Երկրի առաջին ընտանիքը մեղադրվել է պետական պայմանագրերից և բիզնես գործարքներից օգտվելու համար. Ալիևը նույնիսկ շահում էր ղարաբաղցիների ծանր վիճակից՝ օգտագործելով մեր տառապանքը իր անվերջ բռնաճնշումները լեգիտիմացնելու համար:

Ալիևը կփորձի համոզել ձեզ, թե հայերն իրենց կամքով են հեռանում Լեռնային Ղարաբաղից։ Դա սուտ է: Հայերը լավ գիտեն, թե ինչ ցավալի ճակատագիր է սպասվում իրենց, եթե մնան։ Այս գործընթացն, իհարկե, էթնիկ զտում է։

Ես հեռացա Ադրբեջանից 15 տարի առաջ՝ այս անգամ տեղահանվելով ոչ թե հայերի, այլ այն մարդկանց կողմից, որոնք պետք է սիրեին ու պաշտպանեին ինձ։ Փախա ընտանեկան բռնությունից՝ հայրս փորձեց սպանել ինձ գեյ լինելու համար, և Ադրբեջանում չկար որևէ մարդ կամ հաստատություն, որ կարող էր պաշտպանել ինձ: Ես նույնպես տեղահանված եմ, և իմ այս հոդվածի պատճառով, հնարավոր է, այլևս չկարողանամ այցելել Ադրբեջան՝ վախենալով հետապնդումից: Բայց ես գործում եմ իմ խղճին համապատասխան։

Ես ուզում եմ, որ հայ երեխաները, որոնք բռնի տեղահանվել են իրենց տներից, լսեն այն խոսքերը, որոնք ժամանակին ես ինքս կուզեի լսած լինել՝ ցավում եմ, որ մենք ձեզ հուսախաբ արեցինք։ Մի օր, երբ հասկանաս, թե ինչ է պատահել քեզ հետ, ատելությունը կսկսի կաթալ քո սրտում, և դու կուզենաս վրեժխնդիր լինել: Բայց այդ պահին բռնիր իմ մեկնած ձեռքը ու թույլ տուր քեզ ուղղորդեմ դեպի մարդասիրությունը, որն ընդհանուր է երկուսիս համար։ Որովհետև «մենք»-ի և «նրանք»-ի միակ ճշմարիտ տարբերակումը բռնություն գործադրողների և այն մերժողների միջև է:

_____

* Ռուսլան Ջավադովը կեղծանուն է
անգլերեն բնագիրը հրապարակվել է The Guardian-ում

[Ի սկզբանե տեքստը հրապարակվել է «Ատելու են ադրբեջանցիներին, ինչպես ես ժամանակին ատում էի հայերին» վերտառությամբ, հետագայում վերնագիրը փոխարինվել է բնագիր տարբերակով]