Շաբաթ երեկոյան Տեհրանի մերձակայքում սպանել են հայտնի իրանցի ռեժիսոր Դարիուշ Մեհրջուին և նրա կնոջը՝ Վահիդա Մոհամմադիֆարին:
83-ամյա ռեժիսորին և նրա 54-ամյա կնոջը սպանել են «պարանոցի շրջանում դանակի բազմակի հարվածներով», նրանց աճյունները հայտնաբերվել են Քարաջ քաղաքում գտնվող առանձնատանը, գրել է Իրանի դատական իշխանությանը մոտ կանգնած Mizan պարբերականը։ Ոստիկանությունն այսօր տեղեկացրել է՝ սպանության կասկածանքով երկու անձ է ձերբակալվել։ Հանցագործության շարժառիթները չեն բացահայտվում։
Ալբորզ նահանգի գլխավոր դատավոր Հոսսեյն Ֆազելի-Հարիքանդիի խոսքով՝ Մեհրջուին տեղական ժամանակով ժամը 21։00-ի սահմաններում տեքստային հաղորդագրություն է ուղարկել դստերը՝ Մոնեին, և հրավիրել է Քարաջի իրենց առանձնատուն ընթրիքի։ Աղջիկը հասել է մոտ մեկուկես ժամ հետո և հայտնաբերել ծնողների դիերը։ Նույն օրը ոստիկանությունը հաղորդել է՝ դեպքի վայրում կոտրանքի նշաններ չեն եղել՝ դռները անվնաս վիճակում էին, բայց առանձնատան մեջ հայտնաբերվել են «սպանության հետ կապված հետքեր»։
Կիրակի օրը Etemad թերթը հրապարակել է ռեժիսորի կնոջ հարցազրույցը, որում նա ահազանգել է՝ իրենք սպառնալիքներ են ստացել, իրենց տունը թալանվել է։ «Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մեհրջուիների ընտանիքին պատկանող վիլլա ապօրինի ներխուժման և գողության վերաբերյալ հաղորդումներ ոստիկանությունը չի ստացել», – մեկնաբանել է Ալբորզի դատավորը։
Իրանի մշակույթի նախարարն իր հայտարարության մեջ նշել է՝ Մեհրջուին իրանական կինոյի ռահվիրաներից մեկն է՝ «հավերժական ստեղծագործությունների հեղինակ»։
Ռեժիսորը ծնվել է 1939 թվականին Թեհրանում, փիլիսոփայություն է ուսանել Միացյալ Նահանգներում, հետագայում վերադարձել Իրան, որտեղ գրական թերթ է հիմնադրել և 1967 թվականին թողարկել իր առաջին ֆիլմը՝ «Բրիլյանտ 33» (ծաղրանկար Ջեյմս Բոնդի մասին)։
Նրա անունը կապվում է իրանական կինոյի նոր ալիքի հետ, 1969 թվականին նկարահանված՝ «Կով» ֆիլմը համարվում է Նոր ալիքի առաջին կինոներից մեկը։
հատված «Կով» ֆիլմից
Առասպելի համաձայն, «Կովը» մեծ տպավորություն է թողել անձամբ այաթոլա Խոմեյնիի վրա և դրդել է նրան վերանայել «իսլամական հեղափոխությունից» հետո կինեմոտոգրաֆն ամբողջությամբ արգելելու որոշումը։
Սինեսկոպի փոդքասթը՝ մինչ-և հետհեղափոխական իրանական կինոյի մասին
1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո Մեհրջուին լքել է Իրանը, մինչ այդ՝ հասցրել է նկարել նաև «Միսթեր Դյուրահավատ» (1970) և «Ցիկլ» (1975) ֆիլմերը:
1980-ից մինչև 1985 թվականները ապրել է Ֆրանսիայում, աշխատել է «Ճամփորդություն Ռեմբոյի երկիր» (1983) վավերագրական ֆիլմի վրա։ Իրան վերադառնալուց հետո թողարկել է «Տնվորներ» (1987) ֆիլմը, որը նաև կինովարձույթում է հաջողջության հասել։
1990 թվականին նկարահանել է «Խանումը»՝ մռայլ կատակերգություն Sony-ի և Toshiba-ի կողմից զավթված Իրանում ապրող ինտելեկտուալի տվայտանքների մասին։ 1990-ականներին աշխատել է «Սարա, Պարի և Լեյլա» մելոդրամայի վրա։
Իրանական ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում ռեժիսորը պատմել է՝ իր վրա մեծ ազդեցություն են ունեցել շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանը և իտալացի Միքելանջելո Անտոնիոնին։ «Ես ուղիղ քաղաքական ֆիլմեր չեմ նկարում՝ որևէ գաղափարախոսություն կամ դիտակետ առաջ տանելու համար։ Բայց, իհարկե, ամեն ինչ քաղաքական է», – նշել է նա։
Կինոռեժիսուրայից բացի Մեհրջուին զբաղվում էր նաև գրականությամբ, թարգմանել և հրատարակել է ռումինական ծագմամբ ֆրանսիացի դրամատուրգ Էժեն Իոնեսկոյի և գերմանացի մարքսիստ փիլիսոփա Հերբերտ Մարկուզեի գործերը։
Հայաստանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնը ցավակցել է «վարպետի հարազատներին և Իրանի ողջ մտավորականությանը, հույսեր փայփայելով, որ մեղավորները կգտնվեն»։