Home / Հայաստան / Միջնեկ Ալիևը քվեարկեց Ղարաբաղի ամայացած մայրաքաղաքում

Միջնեկ Ալիևը քվեարկեց Ղարաբաղի ամայացած մայրաքաղաքում

22:00 — Իլհամ Ալիևը, ըստ էքզիթ փոլերի, քվեների մոտ 93 տոկոսով հաղթում է ընտրություններում, որոնցում ո՛չ ընդդիմախոս ունի, ո՛չ էլ մրցակից։ Ադրբեջանական ԿԸՀ-ի տվյալներով՝ ժամը 19։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 76,7 տոկոսը՝ շուրջ 5 միլիոն մարդ: Անկախ լրատվամիջոցները հաղորդում են ուսանողների մասնակցությամբ «կարուսելների» և լցոնումների մասին։

16:06 — Ադրբեջանում հերթական արտահերթ նախագահական ընտրություններն են։ Ընտրությունների մասին երկրի անփոփոխ նախագահը հայտարարել է ուղիղ երկու ամիս առաջ։ Ընդդիմությունից մնացած կառույցները չեն էլ հասցրել պատրաստվել և թեկնածու առաջադրել։ Ադրյունքում Իլհամ Ալիևը 6 ֆիկտիվ մրցակից ունի․ նախընտրական քարոզարշավի ընթացքում նրանք չէին քննադատում նախագահին, ավելին՝ որոշ դեպքերում հրապարակավ կոչ էին անում ընտրել ոչ թե իրենց, այլ հենց նրան։ Ընտրությունների արդյունքները կանխատեսելի են։

Ալիևը Ադրբեջանում նախագահում է 2003 թվականի հոկտեմբերից ի վեր։ Ինչու էր պետք ժամկետից շուտ նոր ընտրություններ անե՞լ։ Պաշտոնական բացատրությունները իրավական չեն, ավելի շուտ՝ սիմվոլիկ քաղաքական։ Նոր ընտրությունները զուգադիպեցրել են նախագահի առաջնորդության 20-ամյակի հետ, դրանք ամփոփում են նաև վերջին պատերազմների արդյունքները՝ Լեռնային Ղարաբաղը և հարակից շրջանները վերադարձել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ բնակչությունը ամբողջությամբ տեղահանվել է։ 44-օրյա պետարազմից և 2023 թվականի ռազմական ագրեսիայից հետո առաջին անգամ ընտրատեղամասեր են բացվել նաև Ղարաբաղում, որի բնակավայրերի մեծ մասը լքված են և արդեն անմարդաբնակ։

Ալիևի աշխատակազմը հաղորդել է՝ նախագահը քվեարկել է Խանքենդիում (Ստեփանակերտ)։ Ստեփանակերտը գրեթե դատարկ է․ քաղաքը մոտ 2 տասնյակ բնակիչ ունի + ադրբեջանի ուժային կառույցների ներկայացուցիչները, որոնք գործուղվել են այնտեղ հայ բնակչության տեղահանմանը զուգահեռ։ Ադրբեջանը էթնիկ զտումների փաստը չի ընդունում և պնդում է, որ հայերը հոժարակամ են լքել իրենց տները։ Միջազգային հարթակներում Բաքուն շարունակում է խոսել վերաինտեգրման ձևական ծրագրերի մասին։

a5d761cfa7de768a5d8a2be59e3b4ac9_1745910
Ալիևները՝ Ստեփանակերտում․ Իլհամը քվեարկում է, ֆոնին՝ Մեհրիբանն է, կրտսեր Հեյդարը, Լեյլան և Արզուն

Ընտրությունները անցնում են հարթ և առանց վերահսկողության։ Ալիևի «մրցակիցները» իշխանամետ քաղգործիչներ են, հիմնականում՝ պատգամավորներ, որոնք առաջնորդին չեն քննադատում, հակառակը՝ նախընտրական բանավեճերի ընթացքում խոսում են նրա ռազմական նվաճումների, հատկապես՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու» մասին։ Ինքը՝ Ալիևը, ոչ հիմա, ոչ էլ նախագահության անցած 20 տարիների ընթացքում բանավեճերի չի մասնակցում։

Նախընտրական ձերբակալություններ

Ընտրությունների ետնաբեմում զանգվածային ձերբակալություններ են՝ Ադրբեջանի ուժային կառույցները շինծու մեղադրանքներով բերման են ենթարկում և կալանավորում անկախ լրագրողներին և բլոգերներին։

տե՛ս Ադրբեջանում բոլորը գոհ են կամ «լրտես»

Ամեն ինչ սկսվել է նոյեմբերին՝ Abzas Media-ի խմբագրակազմի ազատազրկումից։ Ընթացքում կալանավորել են նաև Kanal13 առցանց ալիքի աշխատակիցներին և մի քանի այլ լրագրողների։

Իշխանական քարոզիչները նրանց մեղադրում են Միացյալ Նահանգների հետ համագործակցելու մեջ, ամերիկյան համալսարանների շրջանավարտներին լրտեսություն է մեղսագրվում, զուգահեռաբար խոսվում է Վաշինգտոնի հայամետության մասին։ 

Միացյալ Նահանգների դեմ արշավը Ադրբեջանի իշխանությունները և նրանց ենթակա ԶԼՄ-ները ուղիղ չեն պատճառաբանում, բայց վերջին ամիսների հրապարակումներից պարզ է՝ պատճառներից մեկը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն է։ Ադրբեջանական կողմը ավելի վաղ հրաժարվել է Վաշինգտոնում նախատեսվող բանակցություններին մեկնելուց, մերժել է նաև Միացյալ Նահանգների եվրոպական գործընկերների առաջարկած հարթակները։

տե՛ս Դուք էլ Ադրբեջան մի եկեք․ լեզվակռիվ Բաքվի և Վաշինգտոնի միջև

Բանակցություններում ճգնաժամ է՝ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշում, Բաքվի հռետորաբանությունը գնալով սինխրոնիզացվում է ռուսական կողմի հայտարարությունների հետ։

տե՛ս Ընտրությունները հեռվացնում են հայ-ադրբեջանական խաղաղությունը

AbzasMedia-ն, որը առաջինն էր թիրախի տակ հայտնվել, հայտնի է հակակոռուպցիոն հետաքննություններով։ Ադրբեջանում գործող եզակի անկախ լրատվամիջոցներից մեկն էր։ Լրագրողների ձերբակալությունից հետո կառավարամետ Report.az, օրինակ, հայտարարում էր՝ «ԱՄՆ աջակցությամբ կոռուպցիա հետաքննելով՝ հրատարակությունը ըստ էության զբաղվում է դիվերսիայով»։

AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլին մինչ այդ ահազանգել էր՝ բերման ենթարկելիս իրեն ծեծել են և հարցրել՝ ինչո՞ւ եք գրում կոռուպցիայի, այլ ոչ թե Ղարաբաղի մասին։ Լրատվամիջոցի վերջին հետաքննությունները վերաբերում էին Ադրբեջանի նախագահի ընտանիքին և Ղարաբաղում շինարարություն իրականացնող ընկերություններին։ Խմբագրությունը գրում էր կոռուպցիոն գործարքների մասին։

Չնայած քարոզչական արշավը շեշտը ամերիկյան լրտեսության վրա է դնում՝ լրատվամիջոցի ներկայացուցիչներին ոչ թե լրտեսություն են մեղսագրում, այլ «ֆինանսական հանցագործություններ»։ Սա առաջին անգամը չէ, երբ մեղադրանքները, որոնք շրջանառվում են կառավարական մամուլում, չեն համընկնում իրավապահների առաջադրած մեղադրանքների հետ։ Նախկին քաղբանտարկյալներ՝ իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսներին իշխանական ԶԼՄ-ները ժամանակին հայկական լրտես էին հռչակում, թեև քննությունը տարվում էր ֆինանսական հանցագործությունների հոդվածով։

ԵԽԽՎ տվյալներով, Ադրբեջանում այս պահին առնվազն 18 մեդիա աշխատող է անազատության մեջ պահվում։ Դեկտեմբերի սկզբի տվյալներով՝ քաղբանտարկյալների ընդհանուր թիվը անցել է 250-ը։ 

Անցած տարի էլ Ադրբեջանում տասնյակ հավատացյալների էին կալանավորել․ Իրանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին նրանց այն ժամանակ լրտեսություն, պետական դավաճանություն, թմրավաճառք էին մեղսագրում։ Իրանի հետ հարաբերությունները հետագայում հարթվեցին, քաղբանտարկյալները մնացին բանտում։

տե՛ս Ես չեմ ուզում լինել Ադրբեջանի քաղաքացի

Արևմուտքի հետ հրապարակային «առճակատում»

Ընտրությունների նախաշեմին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մեկ տարի ժամկետով դադարեցրել է Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Քաղաքական սանկցիան հիմնավորվել է մարդու իրավունքների հետ կապված մտահոգություններով, քաղբանտարկյալների թվի աճով, Լեռնային Ղարաբաղի երկարամսյա շրջափակման և 2023 թվականի ռազմական ագրեսիայի վերաբերյալ կառույցի ընդունած բանաձևերն անտեսելու՝ Ադրբեջանի հետևողական քաղաքականությամբ։ 

Որոշման մեջ ԵԽԽՎ-ն նաև ափսոսանք է հայտնել, որ չի հրավիրվել հետևելու այսօրվա նախագահական ընտրություններին՝ չնայած Ադրբեջանը, որպես մոնիթորինգի ենթակա երկիր, ունի հրավեր ուղարկելու պարտավորություն։ Ադրբեջանը Եվրոպական խորհդի այս որոշմանը արձագանքել է վերջնագրերով։ Ավելին՝ օրեր առաջ Ադրբեջանի իշխանությունները արգելել են ԵԱՀԿ ներկայացուցչի մուտքը երկիր․ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանից նա հետ է ուղարկվել։

Հեյդար Ալիևը այսօր վերավերաընտվող Իլհամ Ալիևի հայրն է։ Ավագ Ալիևը խորհրդային տարիներին ԿԳԲ-ի ծառող է եղել, 1969 թվից մինչև 1982 թվականները ղեկավարել է Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունը, որի փլուզմանը զուգահեռ սկսվել է Ղարաբաղյան առաջին պատերազմի։ Պատերազմի վերջին փուլում՝ 1993 թվականին, նա դարձել է արդեն անկախ Ադրբեջանի նախագահ և պաշտոնավարել մինչև մահը։ 2003 թվականին նախագահի պաշտոնը «ժառանգվել է» նրա որդում՝ Իլհալ Ալիևին։ 

Կրտսեր Ալիևի նախագահության օրոք ավագ Ալիևը վերածվել է «ազգային հերոսի»՝ նրա ծննդյան օրը տոն է հռչակվել, Ադրբեջանի կառավարությունը երկրի ներսում և երկրից դուրս Հեյդար Ալիևի հուշարձաններ է կառուցում, նրա պատվին փողոներ և հրապարակներ էին անվանափոխում։ Տարիներ առաջ Հեյդար Ալիևի արձանի վրա գրաֆիտի արած երիտասարդներին 10 տարվա ազատազրկման էին դատապարտել, ընդդիմությունը բացատրում էր՝ ակտիվիստները համարձակվել էին կպնել սրբավայրին։

Ադրեն 30 տարի է Ադրբեջանը ղեկավարում է Ալիևների կլանը։  Իլհալ Ալիևի կինը տարիներ առաջ նշանակվել է երկրի փոխնախագահ։ Նրա դուրստերը՝ Արզուն և Լեյլան, երկրի ամենահարուստ հոլդինգի «համասեփականատերներն» են։ Նրա որդին՝ կրտսեր Հեյդարը, արդեն իսկ մասնակցում է /անհայտ կարգավիճակով/ պետական գերատեսչությունների աշխատանքներին։ Ընդդիմությունը ենթադրում է՝ Ալիևը հորից ստացած պաշտոնը մտադիր է ժառանգել որդուն։