հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Դատախազի տարբերակված մոտեցումը պայմանավորված էր տուժողի կողմնորոշմամբ․ Դատարան

Դատախազի տարբերակված մոտեցումը պայմանավորված էր տուժողի կողմնորոշմամբ․ Դատարան

2023-ի հունվարի 23-ին «Փինք» իրավապաշտպան կազմակերպության սոցաշխատողը դիմել էր ոստիկանություն և տեղեկացրել, որ կազմակերպության շահառուի հայրը արդեն մեկ ամիս է՝ անմարդկային պայմաններում փակի տակ է պահում նրան և բռնությունների ենթարկում։ Խոշտանգումները հայրը հիմնավորում է որդու սեռական կողմնորոշմամբ։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել, բայց Արարատի մարզի դատախազի որոշմամբ՝ բռնարար հորը մեղադրանք չի առաջարդվել, նրա նկատմամբ քրեական հետապնդում այդպես էլ չի նախաձեռնվել։

«Փինքի» փաստաբանները դիմել են Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարան և բողոքարկել դատախազի որոշումը։

Հունվարի 25-ին դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը։ Դատարանն ըստ էության փաստել է, որ գործի բավարար խորքային քննություն չի կատարվել, ինչի արդյունքում խախտվել է հոր կողմից բռնության ենթարկված անձի իրավունքները։ Դատարանը պարտավորեցրել է տուժողի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարույթային ակտ կայացնել։

Ավելին՝ առաջին անգամ դատական ակտով ամրագրվել է, որ խտրականության սահմանադրակա՛ն արգելքը տարածվում է նաև սեռական կողմնորոշման վրա։ «Փինքը» սա աննախադեպ որոշում է համարում։

«Դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ Սահմանադրությամբ երաշխավորված խտրականության արգելքի հոդվածն ամրագրում է պաշտպանված հատկանիշների բաց ցանկ՝ դրա բովանդակությունում «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ» եզրույթի սահմանմամբ։ Հետևաբար, դատարանը գտել է, որ Սահմանադրությամբ ամրագրված խտրականության արգելքի հոդվածում նշված «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքները» ենթադրում է նաև սեռական կողմնորոշումը որպես խտրականությունից պաշտպանված հատկանիշ։ Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 12-րդ արձանագրությամբ խտրականության համընդհանուր արգելքի նորմի կիրառման փաստով։

Դատարանի գնահատմամբ՝ տուժողի հոր կողմից իրականացված արարքը պայմանավորված է նաև խտրականությամբ։ Բացի այդ, հոր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելը վկայում է տուժողի սեռական կողմնորոշմամբ պայմանավորված տարբերակված վերաբերմունքի դրսևորման մասին։

Դատարանը անդրադարձել է նաև տուժողի անձնական կյանքի գաղտնիության խախտման հարցին և գտել է, որ վարույթը իրականացնող մարմնի կողմից իրականացվել է թերի քննություն։ Մասնավորապես, նշել է․ «վարույթը իրականացնող մարմնի կողմից ․․․ իրականացվել է մակերեսային քննություն և գնահատականի չի արժանացրել տուժողի հոր կողմից տուժողի սոցիալական ցանցեր մուտք գործելու, տուժողի և վերջինիս զուգընկերոջ անձնական նամակագրությանը հասու դարձնելու ․․․ բողոքով բարձրացված հանգամանքները», — գրել է իրավապաշտպան կազմակերպությունը։

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի այս որոշումը, ըստ «Փինքի», էական նշանակություն ունի ոչ միայն այս մասնավոր գործի, այլև ընդհանուր առմամբ՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության և իրավակարգավորումների մեկնաբանման առումով։