Home / Հայաստան / Պուտինի դղյակը կշարունակվի

Պուտինի դղյակը կշարունակվի

Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ դարձավ Ռուսաստանի նախագահ։ Մարտին նա հաղթել էր հերթական արտահերթ ընտրություններում, որում մրցակից չուներ։ Այսօր երդմնակալության արարողությունն էր։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիմվոլիկ միջոցառմանը չէր մասնակցում, նա Մոսկվա է գնալու վաղը՝ մասնակցելու ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին։ Կրեմլից տեղեկացրել են, որ գագաթնաժողովից հետո Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպում է լինելու։

«Օգուտ, պատիվ և փառք»

Պուտինի քսանամյա նախագահությունը կշարունակվի ևս 6 տարի։ Օրենսդրական բարեփոխումները անցած տասնամյակների ընթացքում լծակներ են ստեղծել անընդմեջ առաջադրվելու, ավելի երկար ժամկետով իշխելու, հնարավոր մրցակիցներին ընտրություններից դուրս թողնելու համար։ Մարտին տեղի ունեցած քվեարկությունն արդեն ֆորմալ բնույթ էր կրում՝ իրական մրցակիցներ չկային, մասշտաբային լցոնումների նպատակը ոչ թե հաղթանակն էր ինքնին, այլ աննախադե՛պ հաղթանակը, որը հնարավոր կլիներ ներկայացնել որպես Ուկրաինայում ընթացող ավերիչ պատերազմի ժողովրդական լեգիտիմիացում։

Երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ Վլադիմիր Վլադիմիրովիչը ուղերձով դիմեց ժողովրդին։ Շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին, «խոնարհվեց հերոսների՝ հատուկ ռազմական օպերացիայի մասնակիցների առջև»․ «Ձեր ընտրությամբ դուք հաստատեցիք, որ երկրի ներկայիս կուրսը ճիշտ է», «Մենք կշարունակենք աշխատել բազմաբևեռ աշխարհ ձևավորելու ուղղությամբ» և այլն։

Ուղերձից առաջ ՌԴ ՍԴ  նախագահը Պուտինին էր փոխանցել նախագահական իշխանության խորհրդանիշները, որոնց թվում էր նաև ոսկե շղթայով կրծքանշանը՝ Սուրբ Գեորգիի խաչը։ Խաչին գրված էր «Օգուտ, պատիվ և փառք»։ Ուղերձից հետո Պուտինը դուրս եկավ Սոբորնայա հրապարակ՝ ընդունելու Նախագահական գնդի հանդիսավոր զորահանդեսը:

Այլ խորհրդանիշներ

Երդմնակալության նախօրեին Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը (ФБК) և Պրոյեկտ հարթակը համատեղ հետաքննություն են հրապարակել՝ նոր կադրեր Պուտինի գելենջիկյան դղյակից։ Վտարանդի ընդդիմությունը առաջարկում է դիտարկել մարմարե ոսկեպատ պալատները որպես Պուտնինի նախագահության այլընտրանքային խորհրդանիշ։

 

2021 թվականին ФБК-ն վավերագրական ֆիլմ էր թողարկել Ռուսաստանի նախագահի պալատների մասին՝ «Դղյակ Պուտինի համար․ Ամենամեծ կաշառքի պատմությունը»։ Հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին, որը այս տարվա փետրվարին մահացել է ռուսական բանտում՝ երկարամսյա կտտանքներից հետո, այն ժամանակ պատմում էր՝ Գելենջիկի մոտակայքում Պուտինի թափ թազա դղյակ են կառուցել՝ մարմարե սյուներ, հարյուրավոր արձաներ, պանոներ, ոսկեպատ սենյակներ, իտալական կահույք, ամերիկյան տեխնիկա, տարատեսակ լողավազաններ, կրիոկամերա, ստրիպտիզի սրահ, ակվադիսկոտեկա և այլն։ Տեսանյութը միլիոնավոր դիտումներ էր հավաքել։

Պուտինը հրապարակավ հերքել էր, որ անշարժ գույքը իրեն է պատկանում։ Ռուսական քարոզչությունը ռեպորտաժներ էր հրապարակում՝ ցուցադրելով պալատների մերկ պատերը։ Կրեմլից խոսում էին «կոմպելյացիայի և մոնտաժի» մասին։

Քիչ անց միլիարդեր, Պուտինի ընկեր Արկադի Ռոտենբերգը հայտարարել էր, թե դզյակն իրեն է պատկանում։ Ինքն էլ, իբր, պլանավորում է այնտեղ թանկարժեք ապարտ-հոթել բացել։

image_2024-05-07_16-27-08
դեպի դղյակ տանող ծառուղիները առատորեն զարդարված են արձաններով / սքրինշոթ

Նոր հետաքննության հեղինակները պարզել են՝ դղյակի վերանորոգումն ավարտվել է 2023-ի փետրվար-մարտ ամիսներին։ Այն հյուրանոց չի դարձել և չէր էլ կարող դառնալ՝ ապարանքի պլանավորումը հոթելային չէ։ Կուրորտային պալատները նախատեսված են եղել երկրի նախագահի համար և շարունակում են նույն գործառույթը կատարել։

ФБК-ի տիրապետության տակ է հայտնվել 4 ժամանակոց մի տեսանյութ՝ նկարահանված թաքնված տեսախցիկով։ Օպերատորը, որին հիմնադրամը «մեր համարձակ ագենտն» է անվանում, շրջում է դղյակի ներսում՝ մանրամասն ցուցադրելով դրա սրահները, դահլիճները, հանգստյան զոնաները, սպորտկոմպլեքսները և այլն։

Ոսկեպատ ննջարանները՝ 10-ից ավել, կառավարական կապի միջոցներով կահավորված աշխատասենյակները, սպորտդահլիճը, տարատեսակ լողավազանները, սպա-զոնաները և մերսման սրահները, համամը, շոգեբաղնիքը, մնացած բոլոր տեսակների բաղնիքները, կրիոկամերան, որը արդեն մեմ է դարձել, և ակվադիսկոտեկան, կինոթատրոնը և ստրիպտիզի ձողը՝ շրջապատող հարմարանքներով տեղում են։ Բարեհարմարություններին գումարվել է նաև անհատական մատուռը՝ ոսկեպատ սրբապատկերներով և աղոթատեղիներով։ 

image_2024-05-07_16-28-28
ակվադիսկոտեկան՝ ցերեկային ժամերին / սքրինշոթ

image_2024-05-07_16-28-53
լողավազաններից մեկը / սքրինշոթ

Նկարահանմանը կից հրապարակվել են է նաև դղյակի հատակագիծը և շինարարական փաստաթղթեր։

Վերանորոգումից հետո ներքին հարդարանքը փոխվել է։ Օրինակ՝ եթե առաջ ընթերցարանի պատերը զարդարված էին ռոմանտիկ որմնանկարներով, այժմ այնտեղ ռազմանկարների ռեպրոդուկցիաներ են՝ պատմական ճակատամարտեր, ռուս մարշալներ, գեներալներ։ Մի կողմից, ասենք, Բորոդինոյի ճակատամարտն է, մյուս կողմից՝ Սառցաջարդը, մեջտեղում «Ով մեզ մոտ սրով կգա, սրից էլ կգնա» հայտնի կտավն է, որի վրա պատկերված է Ալեքսանդր Նևսկին։ Նախկին երաժշտական սրահում այժմ ծովային ճակատարմարտեր են՝ Այվազովսկի և ադմիրալների դիմանկարներ։

image_2024-05-07_16-32-02
ընթերցասրահ՝ ռազմապատկերների որմնանկարներով / սքրինշոթ

image_2024-05-07_16-33-19
ընթերցասրահ՝ ծովամարտերի և ադմիրալների որմնանկարներով / սքրինշոթ

«Պուտինի դղյակի» նախորդ հատակագծում կար խաղային ավտոմատների սրահ։ Այժմ դրա փոխարեն տնային մատուռ է՝ փոքրիկ սրբավայր։

Մատուռի մարմարե հատակին նախշեր են, մուգ պատերը զարդարված են ոչ այնքան ուղղափառ տեսք ունեցող խաչերով, կենտրոնում գրակալ է, դիմացը՝ ոսկեզոծ պատկերակալ, որի կենտրոնական հատվածում Հիսուս Քրիստոսի սրբապատկերն է, աջից՝ Աստվածամայրը, ձախից՝ Վլադիմիր Սվյատոսլավիչը, որի օրոք տեղի ունեցավ Ռուսիայի քրիստոնեացումը։

Ուղղափառ եկեղեցու ավանդության համաձայն, սրբապատկերների նման դասավորվածությունը մատնանշում է, որ մատուռը նվիրված է Վլադիմիր Մեծին։ Այնտեղ նաև հատուկ գահ կա՝ նախատեսված երկարատև ժամերգությունների համար։ Եկեղեցիներում այս գահերը նախատեսված էին ռուսաց թագավորների համար, կոչվում էին ցարական տեղ։

image_2024-05-07_16-33-56
տնային մատուռն ու Վլադիմիր Սվյատոսլավովիչը / սքրինշոթ

image_2024-05-07_16-34-43
ցարական գահը մատուռում / սքրինշոթ

Վերևի հարգում ննջարաններն են՝ 11 հատ։ Հիմնականը տանտիրոջն է պատկանում՝ մոտ 275 քառակուսի մետր։ Ննջարանը առատորեն զարդարված է արձաններով, կիսանդրիներով, թանկարժեք կահավորանքով՝ հիմնականում արևմտյան արտադրության։

Պրոյեկտը նույնականացրել է նաև շինանյութերի բրենդները՝ իտալական, գերմանական, ամերիկյան։ Շքեղ լյուստրաները միջինում մի 50 միլիոն ռուբլի արժեն՝ հատի դիմաց։

image_2024-05-07_16-35-08image_2024-05-07_16-33-36image_2024-05-07_16-36-33

image_2024-05-07_16-37-48
սրինշոթներ սենյակներից

ФБК-ի տվյալներով՝ դղյակը կառուցվել է պետական ընկերությունների միջոցներով, ընթացիկ ծախսերն էլ են պետական ընկերությունները հոգում․ գումարները դուրս են գրվում գոյություն չունեցող ծառայությունների անվան տակ։ «Տրանսնեվտ» նավթային ընկերությունը, որը ղեկավարում է Պուտինի մտերիմ ընկերներից Նիկոլայ Տոկարևը, ամսական 25-ից 30 միլիոն ռուբլի է դուրս գրում՝ իբր թե դղյակի ներսում գտնվող ինչ-որ բնակելի տարածքների վարձակալության համար։ Միայն «Տրանսնեվտը» տարեկան 660 միլիոն ռուբլի է ծախսում այս դղյակի կյանքը վերարտադրելու վրա։

Ռուսական «Մեդուզան» դեռ 2021-ին էր գրել՝ գելենջիկյան պալատները նկուղային հարկեր էլ ունեն՝ 16-շերտանի ստորգետնյա կոմպլեքս։ «Սպորտ-բունկերը», ըստ ФБК-ի տիրապետության տակ հայտնված փաստաթղթերի, մի ամբողջ սառցային կոմպլեքս ունի՝ հոկեյի դաշտ, տրիբունաներ, բար, ռեստորաններ, խաղահրապարակներ, նորից շոգեբաղնիքներ, մասաժի և դիմահարդարման սրահներ և այլն։

Տեսանյութի ավարտին ФБК-ն ցուցադրում է շինարարների և բանվորների համար նախատեսված տարածքը՝ ընդհանուր մեկ զուգարանով։ «Այսպիսին է պուտինյան Ռուսաստանը՝ հսկայական դղյակ <․․․>, որը կառուցում են սովորական մարդիկ, սովորական աշխատավորները, որոնք չարչարվում են կոպեկների դիմաց և որոնք արժանի չեն նույնիսկ նորմալ զուգարանի»։

image_2024-05-07_16-40-08
բանվորների զուգարանը՝ շինարարների համար նախատեսված ժամանակավոր տնակում / սքրինշոթ