Իսրայելի ցամաքային օպերացիայի հետևանքով սահմանամերձ Ռաֆահի ճամբարներում պաշարված 800 հազար պաղեստինցիներ լքել են քաղաքը։ Գնալու տեղ չունենալով՝ մեծ մասը հետ է վերադարձել ամբողջովին ավերված Խան Յունիս։ Գազայի մեծ մասն արդեն գրավված և ավիրված է, բնակչությունը սովի է մատնված։
Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը Դատարանին խնդրել է օրդեր տրամադրել՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, Իսրայելի պաշտպանության նախարարին և պաղեստինյան Համասի երեք առաջնորդներին ձերբակալելու համար:
Դատախազը կարծում է, որ Համասի առաջնորդ Յահյա Սանվարը, քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիեն, հրամանատարներից Մուհամմեդ Դիաբ ալ-Մասրին պատասխանատու են պատերազմական հանցագործությունների համար՝ կատարված Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ին մեկնարկած հարձակման ժամանակ։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Յոավ Գալանտը մեղադրվում են զանգվածային պատերազմական հանցագործությունների համար, որ կատարվել են պաշարված Գազայի դեմ լայնամասշտաբ պատերազմի ընթացքում։ Նրանք մեղադրվում են նաև սովը որպես պատերազմի մեթոդ օգտագործելու և խաղաղ բնակիչների սպանության մեջ:
Այժմ ՄՔԴ-ի դատավորներին մնում է որոշել՝ կա՞ն արդյոք բավարար ապացույցներ ձերբակալության օրդեր տրամադրելու համար: Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի գործը քննելու համար։
Միջազգային դատարնն արդեն երեք տարի շարունակ քննում է Գազայում Իսրայելի գործողությունները, սակայն ձերբակալման օրդերի պահանջը վերաբերում է միայն 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո տեղի ունեցած իրադարձություններին։ Հաագայի դատարանը քննում է նաև ցեղասպանության մեղադրանքով հայցը։
Պաղեստինյան կողմի պաշտոնական տվյալներով՝ պատերազմի մեկնարկից ի վեր Գազայում ավելի քան 35 հազար պաղեստինցի է զոհվել։ Մեծ մասը՝ կանայք և երեխաներ։ Վիրավորների թիվը անցել է 74 հազարը։
Պաշարված անկլավում սով է։ Հումանիտար օգնությունը հյուսիսային շրջաններ գրեթե չի հասնում․ ՄԱԿ-ի տվյալներով՝ բեռների մատակարարմանը խոչընդոտում է իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ), ավելի քան 576 հազար մարդ կանգնած է իրական սովամահության եզրին, մեկ միլիոնից ավել մարդ ապրում է սովի մեջ։ Գազայում չեն փակ են հիվանդանոցները, էլեկտրականության և կոյուղու համակարգերը չեն աշխատում, չռմբակոծված տներ առհասարակ չկան. հարյուր հազարավոր մարդիկ թափառում են ավերակների մեջ։
Իսրայելը շարունակում է հոծախումբ ռմբակոծությունները և ցամաքային օպերացիան, Նեթանյահուն սպառնում է, որ ՄՔԴ-ի կողմից Իսրայելի պետական պաշտոնյաներին ձերբակալելու օրդեր տրամադրելը կհանգեցնի պատմական մասշտաբների սկանդալի:
Լուսանկարում իսրայելցի զինվորներ են, պատին գրված է «Աղետ 2023»
Բացի նրանից, որ Իսրայելը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը, Հռոմի կանոնադրությունը հրաժարվել է ստորագրել նաև Իսրայելի ամենամոտ բարեկամ ԱՄՆ-ը։ Ավելին՝ Միացյալ նահանգներն օրենսդրություն է ընդունել, որը թույլ է տալիս ռազմական գործողություններ իրականացնել Դատարանի դեմ: Ըստ օրենքի Ամերիկան կարող է ուժ կիրառել՝ ազատելու համար իր կամ իր դաշնակից երկրի քաղաքացիներին, որոնք պահվում են Միջազգային դատարանի կողմից։
Բացի ՄՔԴ-ի հետաքննությունից, Գազայում Իսրայելի գործողությունները հայցի առարկա են նաև Արդարադատության միջազգային դատարանում:
Հարավաֆրիկյան Հանրապետությունը դատարանին խնդրել է քննարկել, թե արդյոք Իսրայելը պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում Գազայի հատվածում։ Ի տարբերություն Միջազգային քրեական դատարանի՝ Արդարադատության միջազգային դատարանը ծանր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ չունի։