Home / Դատարան / Սերժ Սարգսյանն անմեղ է․ դատարան

Սերժ Սարգսյանն անմեղ է․ դատարան

Դատարանն արդարացրեց Հայաստանի երրորդ նախագահին։ Դատախազությունը պնդում էր, որ Սարգսյանն իր նախագահության տարիներին պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն է կազմակերպել։ Դատարանի վճռի համաձայն, հանցակազմը բացակայում է, երկրորդ նախագահն անմեղ է։

Ըստ մեղադրանքի՝ տարիներ առաջ դիզվառելիքի պետական սուբսիդիայի տրամադրման ժամանակ մոտ կես միլիարդը յուրացվել է, երբ մրցույթը շահել է մյուս ընկերություններից ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշը», որի սեփականատերը Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից Բարսեղ Բեգլարյանն է։ Սարգսյանը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափի հափշտակություն կազմակերպելու, Բեգլարյանը՝ այդ հափշակությանը դրդելու, իսկ գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը՝ դրան օժանդակելու մեջ։

Դատավարությունը մոտ 4 տարի առաջ էր մեկնարկել։ Եթե անգամ դատարանը մեղավոր ճանաչեր նրան, նախկին նախագահը ճաղերի ետևում չէր հայտնվի, քանի որ գործի վաղեմության ժամկետն արդեն անցել է։ Վաղեմության հիմքով գործը կարճելու հնարավորություն կար, Սարգսյանը, սակայն, արդարացման որոշում էր պահանջել։

Դատախազությունը, սակայն, պահանջում էր երրորդ նախագահից ու դիզվառելիք յուրացման գործով մյուս մեղադրյալներից մոտ կես միլիարդ դրամ բռնագանձել՝ այն վնասը, որը, ըստ մեղադրանքի, պատճառվել է պետությանը նրանց գործողությունների հետևանքով։ Դատարանի այսօրվա վճռից հետո այս պահանջները ամբողջությամբ վերացվում են։

թարմացում — Դատախազությունը կբողոքարկի առաջին ատյանի դատարանի դատավճիռը: