Home / Կրթություն / Բաքվում պահվող ձեռագրերի պատրվակով ճնշում են Մատենադարանի գիտաշխատողին

Բաքվում պահվող ձեռագրերի պատրվակով ճնշում են Մատենադարանի գիտաշխատողին

«Գործակալ» փնտրելու սին ջանքեր սեփական կառավարման խնդիրները կոծկելո՞ւ համար

2020 թվականի Արցախյան պատերազմի առաջացրած հոգևոր դատարկության ու անհուսության զգացումը դարձավ առիթ հետաքրքրվելու Բաքվում պահվող հայերեն ձեռագրերով։ Ադրբեջանական պաշտոնական մի հայտարարության բերումով, որ այնտեղ պահվում են մոտ 5000 հայերեն հին գրքեր ու ձեռագրեր, սկսեցի փնտրել Բաքվի հայերեն ձեռագրերի ցուցակը։ Գործընկերներիցս մեկի տեղեկության համաձայն՝ Մատենադարանի առաջին տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի կազմած 15-րդ դարի ձեռագրերի հիշատակարանների հատորում գտա Բաքվի ձեռագրերի հավաքածուի մասին ուղղորդող հիշատակություն։ Այդ բանալիով Մատենադարանում հայտնաբերեցի Բաքվում պահվող հայերեն ձեռագրերի անտիպ ցուցակը, որում նկարագրված են ձեռագրերի բովանդակությունն ու արտաքին տվյալները։ Ձեռագրական այս հավաքածուն կամ դրանում պահվող առանձին ձեռագրերը հիշատակվել են Մատենադարանի մի շարք գիտնականների ուսումնասիրություններում՝ սկսած բազմավաստակ տնօրեն Լևոն Խաչիկյանից մինչև մերօրյա հետազոտողները։ Թեման ավելի խորը ուսումնասիրելու համար դիմել եմ հայագիտական դրամաշնորհի, որը չեմ ստացել։

Թեման, սակայն, իմ հետաքրքրությունների շրջանակ է վերադարձել 2024 թվականին ինձ համար նոր նյութերի ի հայտ գալու արդյունքում։ Մատենադարանի ձեռագրատանից և արխիվային պահոցից նոր ճշգրտումներ անելու և պարզապես իմ գիտական աշխատանքին իրազեկելու համար մարտ ամսին հանդիպել եմ Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանին, որն էլ առերես հայտնեց իր ոգևորությունը այս առիթով և նույնիսկ առաջարկեց հանդես գալ զեկույցով։ Բանը հասավ նրան, որ անգամ քննարկվեց Մատենադարանի կողմից, Մատենադարանի միջոցներով ուսումնասիրության հրատարակությունը հետագայում։ Տնօրենն ինձ արտոնեց աշխատել ու նյութեր ուսումնասիրել նույնիսկ առանց դիմումների (ես դիմումներով էի ներկայացել): Խոսակցությունը շատ բաց էր և երկկողմանի անդրադարձ եղավ թեմայի բոլոր նրբություններին։

Սակայն բարեհաճ վերաբերմունքը կարճ տևեց։ Հաջորդ շաբաթ ինձ իր աշխատասենյակ հրավիրեց գիտական գծով փոխտնօրեն Վահե Թորոսյանը և այդտեղից սկսվեց տևական հարցաքննությունների ու հարցապնդումների շարանը։ Տնօրենության թիրախում հայտնվեց ինձ հետ կապված ամեն ինչ՝ սկսած իմ պատվիրած նյութերից մինչև իմ գործուղումները։ Հերթական զրույցներից մեկում փոխտնօրեն Թորոսյանը հայտնեց, որ Բաքվում պահվող ձեռագրերի մասին հրապարակումը նպատակահարմար չէ «մեր համար» ներկա քաղաքական իրավիճակում։ Ինձ համար անհասկանալի մնաց, թե ում նկատի ունի վարչական աշխատողը մեր անվան տակ։

Իմ աշխատանքը բնականոն հուն վերադարձնելու խնդրանքով դիմել եմ Մատենադարանի աշխատողների արհմիություն, որի միջամտությունից հետո միայն Մատենադարանի տնօրենը ինձ հրավիրել է հանդիպման և նորից նրա խոսքով ասած՝ «հասկացել ենք իրար»։ Ինչքան ես ցուցաբերում էի պատրաստակամություն քաղաքական շահարկումների առիթ չդառնալու, տնօրենի պատերից դուրս խնդիրը քաղաքական երանգավորում էր ստանում։

Օրինակ՝ սահմանափակվեց ձեռագրական ու արխիվային բնօրինակների հասանելիությունը ու դրանցից օգտվելու կարգը, ինչը հայտնի է, որ տարիներ առաջ ազատականացվել էր Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների դիմումների արդյունքում։ Բացի այդ՝ գումարվել է Գիտական խորհրդի փակ նիստ (նիստից հետո Մատենադարանի Գիտխորհուրդը ցրվել է), որտեղ, տնօրենի և մասնակիցների վկայությամբ, քննարկվել են ազգային անվտանգությանը առնչվող հարցեր և դրանց կիզակետում հայտնվել է իմ գիտական աշխատանքը՝ ուղղակի և անուղղակի ակնարկներով դրանում գործակալի մոտիվացիա փնտրելով:

Պետության անվտանգության մարտահրավերների անվան տակ որոշում է կայացվել չհրապարակել Մատենադարանի ձեռագրական հավաքածուի ձևավորմանը վերաբերող տեղեկությունները, ինչը նշանակում է, թե որ ձեռագիրը ինչ ճանապարհով, ում կողմից, որտեղից և որ թվականին է մուտք գործել Մատենադարան։ Այնինչ, հավաքածուի ձևավորման պատմության մասին գրված է գլխավորապես Մատենադարանի հայերեն ձեռագրերի ցուցակներում և մի շարք աշխատություններում, կան նաև հետպատերազմյան անգլերեն, ֆրանսերեն լեզուներով հրատարակություններ, որոնք հեղինակել կամ համահեղինակել են վերոնշյալ նիստում ազգային անվտանգության շահերի մեծ պաշտպաններ Մատենադարանի փոխտնօրենը և նախկին տնօրենը։ Բացելով 2022 թվականին ՀԲԸՄ-ի և Մատենադարանի միջոցներով ու հովանավորչությամբ տպված “Manuscript Heritage of the Artsakh and Utik” գիրքը` ընթերցողը կարող է ծանոթանալ թիրախային գոտուց՝ Արցախից և Ուտիքից Մատենադարան եկած ձեռագրերին, այսինքն՝ Մատենադարանի հավաքածուի ձևավորման պատմությանը։ Օրինակ՝ հրապարակված է Գետաշենի ձեռագրական հավաքածուի Մատենադարան մուտք գործելու պատմությունը, կամ նույն ավանից Բաքու հասած Նիկողայոս Ծաղկարարի գրչագրած Ավետարանը, կամ բոլորին քաջածանոթ Վեհամոր Ավետարանի Գանձակից Մատենադարան հասնելու պատմությունը։ 2024 թվականին Գերմանիայի Քիլի համալսարանի հրատարակած Արցախին նվիրված ժողովածուում հրապարակվել է նաև նախկին տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գրախոսությունը՝ նվիրված վերոնշյալ ուսումնասիրությանը, որտեղ մասնավորապես կարեւորվել է դրա պրոպագանդիստական ու դիվանագիտական նշանակությունը։

Կարևորելով հանդերձ այս աշխատության մեջ իմ կոլեգաների ներդրումը՝ տրամաբանական հարց է ծագում, թե ինչու, օրինակ, վերոնշյալ Թորոսյանը և Տեր-Ղևոնդյանը ազգային անվտանգության պահապաններ են, իսկ ես՝ դրա խաթարող։ Չեմ ուզում պատկերացնել, թե Խզմալյանի կառավարման օրոք ինչ մեղադրանքների կարժանանային Մատենադարանի մեծավաստակ գիտաշխատողներ Լևոն Խաչիկյանը, Աստղիկ Գևորգյանը, Էմմա Կորխմազյանը, Արտաշես Մաթևոսյանը, Օնիկ Եգանյանը և Գէորգ Տէր-Վարդանեանը, որոնք ուսումնասիրել են և հիշատակումներ են թողել նշված հավաքածուի վերաբերյալ։ Հարց է առաջանում, թե այսքանից հետո որտե՞ղ է իմ՝ անվտանգային խնդիր հարուցելու հիմքը, որո՞նք են դրա իրական ապացույցները և ինչո՞ւ է փորձ արվում այս հավաքածուի՝ Բաքվում գտնվելու հանգամանքը փաթաթել իմ վզին։

Հրապարակային հայտարարում եմ, որ այս և հետագա զրպարտությունների, հետապնդումների, հոգեբանական ճնշումների ենթարկելու, իմ գիտական աշխատանքային գործունեությունը Մատենադարանում սահմանափակելու, առողջությանս վնաս հասցնելու առիթով դիմում եմ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին և անհրաժեշտության դեպքում կդիմեմ այլ մարմինների և հանդես կգամ ավելի մանրամասն բացատրությամբ։

Անուշ Սարգսյան1
Մատենադարանի գիտաշխատող

___

1 Անուշ Սարգսյանը Մատենադարանի արհմիության անդամ է։ Հիմնադրման օրվանից ի վեր Արհմիությունը բարձրաձայնում է գիտահետազոտական կառույցի ներսում չարաշահումների, իշխանության կենտրոնացման, աշխատողների իրավունքների ոտնահարման, նրանց համար նորանոր սահմանափակումների ներդրման մասին, և տևական ճնշումների է ենթարկվում թե՛ հին, թե՛ նոր ղեկավարության կողմից։ Ճնշումները որոշ դեպքերում բացեիբաց պատճառաբանվում են արհմիության աշխատանքով, որոշ դեպքերում դրսևորվում են անուղղակիորեն՝ թիրախավորելով աշխատողների միության ամենաակտիվ անդամների գիտական գործունեությունը։