Home / Համայնքներ / «Ուզում եք փոշի շնչել՝ շնչեք»․ գյուղացիները վախենում են Արարատում նոր քարի հանքից

«Ուզում եք փոշի շնչել՝ շնչեք»․ գյուղացիները վախենում են Արարատում նոր քարի հանքից

Կարմիր սարը գտնվում է Արարատի մարզի Արտաշատ և Վեդի համայնքների տարածքում։ Սարի կրաքարարային պաշարների վրա աչք են դրել միաժամանակ մի քանի ընկերություններ։ Դրանցից մեկի՝ «Օրդ Գրուպի» քարի կորզման հայտը ամենամոտն է շահագործման թույլտվություն ստանալուն։ Ընկերությունն անցել է չորս հանրային լսումներ և ստացել Վեդիի համայնքապետարանի թույլտվությունը։ Տեղական իշխանությունները պահանջել են, որ շահագործողն իր շահույթի 10 տոկոսը տա համայնքին, հանքի աշխատատեղերի 70 տոկոսը՝ տեղի բնակիչներին։ Ընկերությունը համաձայնել է։

 

«Օրդ Գրուպը» նախատեսում է կրաքար կորզել տարեկան մոտ 2 միլիոն մետր խորանարդ՝ օրական 900 բեռնատար մեքենա ծավալով։ Նախատեսվում է, որ տարածքում նաև ցեմենտի գործարան կկառուցվի։ Ընկերությունը վստահեցնում է, որ կիրառելու է նորագույն չինական տեխնոլոգիաներ։ Ազդակիր գյուղերի՝ Այգեզարդի, Գինեվետի (նախկին Շամպայն), Նոր ուղու (նախկին Ուչխոզ) բնակիչների կարծիքները խիստ տարբեր են, մեղադրանքները՝ երկուստեք։ Գյուղացիներից շատերը վստահ են, որ ինչպես հարևան Արարատում՝ ցեմենտի գործարանի փոշին կսպանի իրենց ծաղկող գյուղատնտեսությունը։ Այստեղ մեծամասնությունը գումար է վաստակում ծիրան, խաղող, դեղձ աճեցնելով։ Ի՞նչ է լինելու այգիների հետ բաց հանքի շահագործումից հետո։ Կային նաև հակադիր կարծիքներ։ Մեր զրուցակիցներից որոշները կարծում էին, որ հանքը կզարգացնի համայնքը, նոր աշխատատեղեր կստեղծի երիտասարդների համար, կառնի արտագաղթի դեմը։

Նրանք վստահեցնում էին, որ արդյունաբերությանը դեմ են միայն Երևանից եկած բնապահպանները և Գագիկ Ծառուկյանի ցեմենտի գործարանի աշխատողները, որոնք խուսափում են մրցակիցներից ի հայտ գալուց։ Էկոլոգիական մոտեցման կողմնակիցներն էլ վերջիններիս էին մեղադրում կաշառված լինելու մեջ, ասում էին՝ համայնքապետերից որոշները համաձայնության են եկել հանքահանների հետ և մոբիլիզացրել են լոյալ գյուղացիներին։

Տեսանյութում հուլիսի 10-ի հանրային լսումն է։ Գինեվետի գյուղապետարանի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կուտակվել։ Այգեզարդցիներին, որոնք դեմ են հանքի շահագործմանը, նրանք դահլիճ մտնել չէին թողնում։ Ներսում իրավիճակը լարված էր․ մասնակիցների մի մասը պաշտպանում էր արյդունաբերությունը, մյուս մասը՝ գյուղատնտեսությունը։ Պարբերաբար վիճաբանություններ էին լինում։