Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին (հայտնի է նաև «Միշիկ» մականունով) մեղադրանք է առաջադրվել ևս 76 դրվագով խոշոր խարդախություն, փողերի լվացում, ռեկետ, մոնոպոլիստական գործունեություն ծավալելու համար։ Գլխավոր դատախազության հաշվարկի համաձայն՝ Մինասյանը պետությանը պատճառել է 350 միլիոն դոլարի վնաս։
Ըստ մեղադրականի՝ 2009-2012 թվականներին պետական բարձր պաշտոններ զբաղեցնելով Միքայել Մինասյանը նաև փայատեր է դարձել մի շարք ընկերություններում, այդ թվում՝ օֆշորային։ «[Նա] իր ձեռքի տակ է վերցրել Հայաստանում գործող մի շարք լրատվամիջոցների, ինչպես նաև հեռուստաընկերությունների գործունեությունը, կառավարել դրանց տեղեկատվական հոսքերը, անհրաժեշտության դեպքում կատարել խմբագրական աշխատանքներ՝ նպատակ ունենալով շարունակաբար ավելացնել ազդեցությունը Հայաստանում», – ասում է դատախազ Սամվել Հակոբյանը։
Մինասյանը, ըստ դատախազության, հափշտակել է նաև պետական ռադիո ընկերության շուրջ 600 միլիոն դրամ արժողությամբ գույքը, «Շանթ» հեռուստաընկերությունում գնել է բաժնետոմսերի 48 տոկոսը՝ օֆշորային փողերով, ուրիշների անունով բիզնես մասնակցություն է ունեցել News.am, «Պանարմ» և Պանարմենիա մեդիա գրուպ, Տելեմեդիակոնտրոլ, ATV, ArmNews, Tert.am ընկերություններում։
Դատախազության հաղորդմամբ, մի շարք ԶԼՄ-ների վրա կալանք է դրված։
Նախկին պաշտոնյան մեղադրվում է նաև գործարար Մանվել Տեր-Առաքելյանին ռեկետի ենթարկելու և նրան տրված շինթույլտվությունը շրջացնելով նույն տարածքում Ջազվե Օպերա կաֆեն բացելու մեջ։
Մեկ այլ դրվագով նախկին նախագահի փեսան մեղադրվում է նրանում, որ օգնել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին շուրջ 18 միլիարդ դրամ հափշտակել Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատից։ Այս գումարը թաքցնելու համար Մինասյանն այն փոխանցել է նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված ընկերությունների հաշվեհամարներին, ապա՝ հանել օֆշոր, իսկ հետո մի մասը փոխանցել «Սպայկա» ընկերությանը, որի 40 տոկոսի սեփականատերն է։
Մինասյանին առնչվող քրեական գործերով են անցնում նաև նրա հետ փոխկապակցված այլ մարդիկ, օրինակ՝ Yerevan Mall-ի սեփականատեր Վազրիկ Սեկոյան, DoubleTree by Hilton հյուրանոցի սեփականատեր Տիգրան Եղոյանը։ Նրանց կալանավորել են։ Մինասյանը հետախուզվում է։
Սա առաջին քրեական գործը չէ Վատիկանի նախկին դեսպանի դեմ։ 2020 թվականին նա մեղադրվել է ապօրինի հարստացման մեջ։ Հայաստանը դեռ այն ժամանակ է միջազգային հետախուզում հայտարարել։ Ինտերպոլը հետագայում հետախուզումը դադարեցրել է։ Մինչ Միքայել Մինասյանի դեմ մեղադրանքներն ավելանում են, նրա եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը շարունակում է արդարադատության նախարարի պաշտոնը պաշտոնը զբաղեցնել։
տե՛ս նաև
Համակարգիչը դավաճանեց Միշիկին․ փեսային նոր մեղադրանքներ են առաջադրվել
Հյուրանոցներից մինչև TV-ներ․ կալանք է դրվել Սերժ Սարգսյանի փեսայի բիզնեսների վրա