Թարմացում 19:05 – Ռոսգվարդիայի դիպուկահարները «չեզոքացրել» են Սուրովիկինոյի գաղութը գրաված բոլոր չորս դատապարտյալներին։ Գերատեսչությունը փոխանցում է, որ բոլոր պատանդներն ազատության մեջ են։ Զոհերի ու վիրավորների մասին հստակ տեղեկություններ դեռևս չկան։
Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում դատապարտյալները գրավել են Սուրովիկինի №19 խիստ ռեժիմով ուղղիչ գաղութը։ Այնտեղ կարգապահական հանձնաժողովի նիստ էր ընթանում։ Հաղորդվում է զոհերի մասին։
Ուժային կառույցների հետ փոխկապակցված տելեգրամ ալիքներում տեսանյութ է շրջանառվում, որում գաղութը գրաված չորս դատապարտյալները ներկայանում են որպես «Իսլամական պետության մոջահեդներ»։ Հոլովակում չորս պատանդ է երևում՝ բոլորը քրեակատարողական ծառայության համազգեստներով։ Նրանցից երեքը, կարծես, սպանված են, մյուսը պարանոցի հատվածի վիրավորում ունի։ Հարձակվողները զինված են դանակներով։ Զոհերի մասին հաստատված տեղեկություններ դեռևս չկան։
Քրեակատարողական ծառայությունն արդեն հաստատել է գաղութի գրավման մասին լուրը։ Հայտնում են, որ «պատանդների ազատման օպերացիա» է իրականացվում։ Հստակ թվեր դեռևս չեն հրապարակվում։ «Բազա» հրատարակչությունը գրում է, որ պատանդներից ոմանց հաջողվել է փախչել։ Այդ թվում է գաղութի տնօրեն Անդրեյ Դևյատովը, ով ևս երկու տուժածների հետ ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Գաղութը շենքի մոտ են հավաքվել հատուկ նշանակության ջոկատները։ «Սապա Կավկազ» լրատվականը գրում է, որ քրեակատարողական հիմնարկը գրաված դատապարտյալները 2 միլիոն դոլար և ուղղաթիռ են պահանջում։
Սա այս ամառվա ընթացքում արդեն երկրորդ բանտ գրավելու դեպքն է Ռուսաստանում։ Հունիսի 16-ին Դոնի Ռոստովի №1 քննչական մեկուսարանի 6 կալանավորներ պատանդ էին վերցրել բանտի վարչակազմի ներկայացուցիչներին։ Ահաբեկչության մեղադրանքներով դատապարտված տղամարդիկ պահանջում էին գումար և փոխադրամիջոց փախուստի համար։ Արդյունքում 6 հարձակվողներից 5-ը սպանվել են ուժայինների գործողությունների արդյունքում։ Տելեգրամ ալիքներում շրջանառվող տեսանյութերում նրանք ևս հաստատում էին իրենց անդամակցությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Երկու դեպքերում էլ բանտում գտնվող դատապարտյալները զինված էին դանակներով։